Բեռլիներ Անսամբլ

Թատրոն Բեռլինում

Բեռլիներ Անսամբլ (գերմ.՝ Berliner Ensemble), դրամատիկական թատրոն Բեռլինում, Գերմանիայի ամենահայտնի թատրոններից մեկը, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ բեմադրելով իր հիմնադրի՝ Բերտոլդ Բրեխտի պիեսները։ 1954 թ. Բեռլիներ Անսամբլ թատրոնը տեղափոխվում է մայրաքաղաքի կենտրոն՝ Շիֆբաուերդամի վրա գտնվող թատրոնի շենք։

Բեռլիներ Անսամբլ
Berliner Ensemble
«Բեռլիներ Անսամբլ» շենքը
Տեսակթատերախումբ
Երկիր Գերմանիա
Գտնվելու վայրըԲեռլին, Գերմանիա
Հիմնադրման ամսաթիվ1949 թ.
Գեղարվեստական ղեկավարԿլաուս Պայման
Կայքberliner-ensemble.de
 Berliner Ensemble Վիքիպահեստում

Թատրոնի պատմությունը խմբագրել

Բեռլիներ Անսամբլ թատրոնը ստեղծվել է Բերտոլդ Բրեխտի կողմից 1948 թվականի աշնանը[1]։ ԱՄՆ-ում հակաամերիկյան գործունեությունն ուսումնասիրող կոմիտեն 1948 թ հոկտեմբերին Բերտոլդ Բրեխտին և նրա կնոջը՝ դերասանուհի Հելենա Վայգելին հարցաքննելուց հետո ջերմորեն ընդունեց Արևելյան Բեռլինում։ Թատերախմբի կազմի մեջ մտան դերասաններ Բեռլինի գերմանական թատրոնից և Ցյուրիխի դրամատիկական թատրոնից[1]։ Թատրոնի խորհրդանիշը դարձավ վարագույրի վրա պատկերված Պիկասոյի խաղաղության աղավնին[1]։

 
Բերտոլդ Բրեխտի հուշարձանը Բեռլիներ Անսամբլ թատրոնի մոտ

1949 թ. հունվարին կայացավ Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները» պիեսի պրեմիերան՝ Էրիխ Էնգելի և հեղինակի համատեղ բեմադրությամբ։ Կուրաժի դերում հանդես եկավ Հելենա Վայգելը, Կատրինի դերը խաղաց Անգելիկա Խուրվիցը[1]։ Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ, նրա ստեղծողները և գլխավոր դերակատարներն արժանացան Ազգային մրցանակի։ 1954 թ. «Կուրաժ մայրիկը» ներկայացվեց Փարիզում տեղի ունեցող Համաշխարհային թատերական փառատոնին և ստացավ առաջին մրցանակ[1]։

Մինչև 1954 թվականը Բեռլիներ Անսամբլը չուներ սեփական շենք և ներկայացումները բեմադրվում էին հիմնականում Գերմանական թատրոնի շենքում՝ 2 բեմերից մեկում[2]։ Բազմիցս հյուրախաղերով հանդես է եկել ԳԴՀ-ում և այլ երկրներում։ 1954 թ. թատերախումբը տեղափոխվեց նոր շենք, որտեղ 1928 թ. օգոստոսին Էնգելը բեմադրեց առաջին ներկայացումը՝ Բրեխտ-Կուրտ Վայլի «Երեքգրոշանոց օպերան»[3]։

1957 թ. մայիսին Բեռլիներ Անսամբլն արդեն որպես հանրահայտ թատրոն հյուրախաղերով հանդես եկավ ԽՍՀՄ-ում և մեծ տպավորություն թողեց[4]։ Հյուրախաղերը բացվեցին Էնգելի և Բրեխտի համատեղ բեմադրած «Գալիլեի կյանքը» պիեսով (գլխավոր դերում Էռնստ Բուշ), որի առնչությամբ Պավել Մարկովը գրել է․ «Մենք տեսանք մի ներկայացում, որը մանրամասնորեն հղկված էր․․․Ռեժիսորները գիտեն, թե գործողության որ պահի վրա պետք է հրավիրված լինի հանդիսատեսի ուշադրությունը։ Բեմում չկա ոչ մի ավելորդ աքսեսուար։ Ճշգրիտ և շատ պարզ դեկորատիվ ձևավորում․ շագանակագույն, ողորկ, բարձր պատերը ազատ են թողնում լայնարձակ բեմական հարթակը և միայն առանձին փոքր դետալներն են փոխանցում դարաշրջանի մթնոլորտը։ Նմանապես են կառուցված նաև միզանսցենները։ Դերասաններին հարմար է խաղալ այնտեղ։ Բեմական կերպարները, նույնիսկ դրվագային կերպարները, մշակված են ճշգրիտ և բծախնդիր պահանջկոտությամբ, որը բնորոշ է ներկայացմանը»[5]։

Բեռլիներ Անսամբլը դարձավ ինչպես Բրեխտի, այնպես էլ նրա թատերական տեսության լավագույն քարոզիչը՝ զգալի ազդեցություն ունենալով այլ երկրների թատերական արվեստի վրա[6]։ 1968 թվականին ԽՍՀՄ երկրորդ հյուրախաղերի ժամանակ Մարկովը նշեց, որ, իր գոյության 20 տարիների ընթացքում վերածվելով «բրեխտյան անսաբլի», Բեռլիներ Անսամբլը չմեկուսացավ, մնաց կենդանի և միշտ նորացվող՝ պահպանելով ոչ միայն գեղարվեստական սկզբունքների միասնությունը, այլև իր աշխարհայացքը, աշխարհընկալումը[6]։

Թատրոնի առաջատար դերասաններն էին Հելենա Վայգելը, Էռնստ Բուշը և Էրվին Գեշոնեկը[1]։ Թեև թատրոնի գաղափարական ոգեշնչողը Բրեխտն էր, սակայն թատրոնը հիմնադրման օրից մինչ իր մահ՝ 1971 թվականի մայիս, գլխավորում էր Հելենա Վայգելը[1]։ 1956-1966 թթ. թատրոնի գլխավոր ռեժիսորն էր Էրիխ Էնգելը[7]։

Խաղացանկ խմբագրել

 
«Կուրաժ մայրիկը և նրա երեխաները» ներկայացման փորձը Բեռլիներ Անսամբլի բեմին, 1978 թ.

Բեռլիներ Անսամբլն իր գեղարվեստական պրակտիկայի ընթացքում հետևել է Բրեխտի «Դյուցազներգական թատրոն» տեսությանը, ինչպես դրամատուրգի օրոք, այնպես էլ նրա մահից հետո։ Թատրոնում բեմադրվել են նրա գրեթե բոլոր պիեսները, այդ թվում՝ Բրեխտի և Էնգելի համատեղ բեմադրած «Պարոն Պունտիլան և նրա ծառա Մատին» (1949), «Գալիլեի կյանքը» (1956), Ա․ Գորկու վեպի հիման վրա բեմադրված «Մայրը» (1951), Բրեխտի և Կասպար Նեերի համատեղ բեմադրած «Կովկասյան կավճե շրջան» (1954), «Բարի մարդը Սեզուանից» (1957), «Վախ և հուսահատություն Երրորդ կայսրությունում» (1957), «Արտուրո Ուիի կարիերան» (1959), «Երեքգրոշանոց օպերա» (1960)։ Թատրոնի առաջին ներկայացումներից էր Մաքսիմ Գորկու «Վասսա Ժելեզնովա»-ն (1949), հետագայում բեմադրվեցին նաև Նիկոլայ Պոգոդինի «Կրեմլի կուրանտները» (1952) և Վսևոլոդ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն»-ը (1958)[1]: Թատրոնի խաղացանկում գերակշռում էր ժամանակակից դրամատուրգիան, սակայն բեմադրվում էին նաև դասական ստեղծագործություններ՝ Յոհան Գյոթեի «Պրա-Ֆաուստ» (1952), Մոլիերի «Դոն Ժուան» (1953), Ալեքսանդր Օստրովսկու «Սանուհին» (1955)[1][8]: 1960-ական թվականներին թատրոնի լավագույն ներկայացումներց էր Ուիլյամ Շեքսպիրի «Կորիոլան»[9]։

Ժամանակակից թատրոն խմբագրել

1971 թ Հելենա Վայգելից հետո թատրոնը գլխավորեց Ռուտ Բերգհաուսը։ 1977 թ նրան փոխարինեց Մանֆրեդ Վեկվերտը, ով դեռևս Բրեխտի ժամանակ աշխատում էր թատրոնում[10]։ 1991 թ Վեկվերտը հեռացավ թատրոնից, և երկար ժամանակ թատրոնը ճգնաժամի մեջ էր՝ 1992-1994 թթ. փոխվեց 2 ղեկավարություն, իսկ հաջորդ մի քանի տարիների ընթացքում՝ 3 գեղարվեստական ղեկավար։ Վերջապես, 1999 թ. թատրոնը գլխավորեց Կլաուս Պայմանը[3]։

Ներկայումս Բեռլիներ Անսամբլը հանդիսանում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ Կլաուս Պայմանի ղեկավարությամբ։

Խաղացանկը նախկինի պես կազմում են Բրեխտի պիեսները, նոր բեմադրությամբ ընթանում են «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները», «Երեքգրոշանոց օպերա», «Կովկասյան կավճե շրջան», «Վահ և հուսահատություն Երրորդ կայսրությունում», «Շվեյկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ» և այլ ներկայացումները[11]։

Խաղացանկում գերակշռում է 20-րդ դարի դրամատուրգիան՝ Բրեխտից բացի Բեռլիներ Անսամբլը բեմադրում է նաև Թոմաս Բեռնհարդ, Մաքս Ֆրիշ, Սեմյուել Բեքեթ, Անտոն Չեխով («Բալենու այգին»), Մաքսիմ Գորկի («Վասսա Ժելեզնովա»)[11]։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Թատերական հանրագիտարան «Բեռլիներ Անսամբլ», 1 հատոր, 1961-1965
  2. «Գ․ Շներսոն «Էռնստ Բուշը և նրա ժամանակը», 1971, էջ 176-177». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 «Բեռլիներ Անսամբլի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. Ն․ Տարշիս «Դասընթացներ Բրեխտից», 2010, էջ 52
  5. Պավել Մարկով «Գալիլեի կյանքը»․ Բեռլիներ Անսամբլը Մոսկվայում, 1977, հատոր 4
  6. 6,0 6,1 Պավել Մարկով «Բեռլիներ Անսամբլի ներկայացումներին», 1977, հատոր 4
  7. Էրիխ Էնգել, 1961-1965, հատոր 5
  8. Վ․ Կլյուև «Բերտոլդ Բրեխտ», 1961-1965, հատոր 1
  9. Պավել Մարկով «Բեռլինյան Անսամբլի ներկայացումներին», 1977, հատոր 4
  10. Պավել Մարկով «Բեռլիներ Անսամբլի ներկայացումներին»
  11. 11,0 11,1 «Թատրոնի խաղացանկը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլիներ Անսամբլ» հոդվածին։