Բենիամին Ժամկոչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ժամկոչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բենիամին Կարապետի Ժամկոչյան (հուլիսի 8, 1895[1][2], Հայնի, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա[1][2] - հունվարի 13, 1984[2], Բեյրութ, Լիբանան[2]), հայ կրթական գործիչ, մանկագիր, հրապարակախոս։
Բենիամին Ժամկոչյան արմտ. հայ.՝ Բենիամին Ժամկոչեան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1895[1][2] |
Ծննդավայր | Հայնի, Դիարբեքիրի մարզ, Թուրքիա[1][2] |
Մահացել է | հունվարի 13, 1984[2] (88 տարեկան) |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան[2] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ուսուցիչ և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Ազգային Սահակյան երկսեռ վարժարան[1][2] |
Կենսագրություն
խմբագրելԲենիամին Ժամկոչյանը ծնվել է 1895 թվականին Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտի շրջանի Հայնի գյուղում, Կարապետ և Եսթեր Ժամկոչյանների ընտանիքում։ Հազիվ 40 օրական՝ կորցրել է հորը։ Մայրը գերդաստանի մեծերի ստիպմամբ երկրորդ անգամ է ամուսնանում և հեռանում իր երկու զավակներից՝ նրանց հանձնելով իրենց հորական տատի խնամքին։ Երեք տարեկան Բենիամինը և իր մեծ եղբայրը ուղարկվում են Խարբերդի մոտակա Մեզիրե (Մամիւրէթ-Իւլ-Ազիզ) կուսակալանիստ քաղաքի գերմանական որբանոցը, որը կառավարվում էր միսիոներների կողմից։ Այնուհետև նրանք ավարտում են դպրոցը, ապա մտնում են նույն միսիոներների հիմնած ուսուցչանոցը (բարձրագույն մանկավարժական կրթօջախ)։
Իր եղբոր օրինակին հետևելով, 19-ամյա Բենիամինը անդամակցում է Հնչակյան ուսանողական միությանը։ 1915 թվականի ապրիլի 21-ին ստանում է ուսուցչանոցի ավարտական վկայականը և սկսելով աշխատել որբանոցում որպես հսկիչ և հացագործ՝ ազատվում է աքսորից։ Որոշ ժամանակ անց մի քանի երիտասարդների հետ հեռանում է հաստատությունից և Երիզայում միանում զորավար Անդրանիկի զինվորներին։ Կարինի մոտ մարտի ընթացքում վիրավորվում է և բուժվելու համար տեղափոխվում Սարիղամիշ, Կարս, Թիֆլիս։ Բաթումից անգլիական նավ նստելով հասնում է Պոլիս, որտեղ գաղթականների հանձնախմբում սկսում է զբաղվել կազմակերպչական աշխատանքներով։ 1920 թվականին տեղափոխվում է Ադանա և Ազգային Աբգարյան վարժարանում անցնում աշխատանքի որպես ուսուցիչ։ 1921 թվականին Ադանայում իր առաջարկով հիմնված Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարժարանում աշխատում է որպես տնօրեն։ Կիլիկիայի հայաթափումից հետո Ժամկոչյանը հասնում է Մերսին, որտեղից բազմաթիվ այլ գաղթականների հետ 1922 թվականի վերջին օրերին նավով տեղափոխվում է Բեյրութ։
Հաստատվելով Լիբանանում՝ Բենիամին Ժամկոչյանը տարբեր տեղերում զբաղվում է ուսուցչությամբ։ 1930 թվականին հրավիրվում է աշխատելու Ազգային Սահակյան վարժարանում և մինչև 1974 թվականին մնում նրա տնօրենը։ Պատկանել է Հայ Ավետարանական եկեղեցուն, բայց մեծ հարգանքով է վերաբերվել Հայ Առաքելականին։
Լիբանանի «Սուրբ Գրոց» ընկերության կողմից նրան է վստահվում 19-րդ դարի կեսին լույս տեսած արևմտահայերեն աշխարհաբար Աստվածաշնչի առաջին լուրջ վերամշակումը, որի համար օգտագործել է իրեն մատչելի բոլոր թարգմանությունները՝ գերմաներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն։ Աշխատանքը լույս է տեսել 1981 թվականին։
1949 թվականին ստացել է Լոս Անջելեսի «Գոլդեն Գեյթ» համալսարանի (Golden Gate University) գրականության պատվավոր դոկտորի կոչում։
1984 թվականին Խորհրդային Հայաստանի լուսավորության նախարարության կողմից Ժամկոչյանին շնորհվել է Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ։
Մահացել է 1984 թվականին Բեյրութում։ 1993 թվականին Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Բենիամին Ժամկոչյանի անունով (այժմ՝ թիվ 119 ավագ դպրոց)[3]։
Կրթություն
խմբագրել- Խարբերդի գերմանական միսիոներական հաստատություն
- Որբանոց – 1898-1900 թթ.
- Նախակրթարան – 1900-1907 թթ. վկայական՝ 30 հունիսի, 1907 թ.
- Միջնակարգ – 1907-1911 թթ. վկայական՝ 30 հունիսի, 1911 թ.
- Ուսուցչանոց – 1911-1915 թթ. վկայական՝ 21 ապրիլի, 1915 թ.
Գործունեությունը
խմբագրել- Ազգային Աբգարյան վարժարան, ուսուցիչ - Ադանա, 1920-1921 թթ.
- ՍԴՀԿ Կեդրոնական վարժարան, տնօրեն - Ադանա, 1921-1922 թթ.
- Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի որբանոց, ուսուցիչ - Բեյրութ, 1922-1923 թթ.
- ՀԲԸՄ Քելեկյան որբանոց, մարզիչ և ընդհանուր հսկիչ - Բեյրութ, 1923-1924 թթ.
- Ազգային Ս.Նշան վարժարան, ուսուցիչ - Բեյրութ, 1924-1929 թթ.
- Ազգային Սահակյան վարժարան, տնօրեն - Բեյրութ, 1930-1938 թթ.
- Դանիական «Թռչնոց Բույն» որբանոց, կրթական տնօրեն - Ջիպեյլ, 1938-1940 թթ.
- Ազգային Սահակյան վարժարան, տնօրեն - Բեյրութ, 1940-1974 թթ.
Պարգևներ
խմբագրել- 1949 թ., գրականության պատվավոր դոկտորի վկայական՝ տրված Լոս Անջելեսի «Գոլդեն Գեյթ» համալսարանի կողմից
- 1984 թ., Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ՝ տրված ՀԽՍՀ լուսավորության նախարարության կողմից
Ստեղծագործություններ
խմբագրել- Սահակյան վարժարանի դասագրքեր.
- Կրոն, 1-6-րդ դասարաններ
- Բաղդատական կրոնագիտություն, 6-րդ դասարան
- Բարոյագիտություն, 10-12-րդ դասարաններ
- Հայերեն քերականություն, 1-6-րդ դասարաններ
- Ազգային պատմություն, 1-6-րդ դասարաններ
- Գիտություն, 1-6-րդ դասարաններ
- Աշխարհագրություն, 1-6-րդ դասարաններ
- Ձայնագրություն, 1-6-րդ դասարաններ
- «Մանուկը բնութեան մէջ» և «Գիւղին թիթեռնիկը» թատերախաղեր՝ օպերայի վերածված Համբարձում Պերպերյանի կողմից, առաջին անգամ ներկայացվել է 1934 թ., Բեյրութում
- «Վարդանանք» թատրերգություն ըստ Դերենիկ Դեմիրճյանի համանուն վեպի (1950)
- «Յուշագիրք Սահակյան Վարժարանի Քսանհինգամեակին» (1948)
- «Յուշագիրք Սահակյան Լիսէի Քառասունամեակին» (1963)
- «Յիսնամեայ Պատմագիրք Սահակեան Լիսէի» (1973)
- «Հայնի» - հայրենի գյուղագրություն (1952)
- «Պատմագիրք Մամիւրէթ-Իւլ-Ազիզի Գերման Որբանոցներու» (1973)
Խմբագրություններ
խմբագրել- «Ուսանող» պաշտոնաթերթ Սահակյան վարժարանի (24 տարի)
- «Տան բժիշկը» բժշկական հոդվածների ժողովածու, նախաձեռնող՝ Մարի Կիրակոսյան (1968)
Թարգմանություններ
խմբագրել- «Քրիստոսի Վարդապետութեան Հոգին» հեղինակ՝ Լէօ Թոլսթոյ (անգլերենից)
- «Քրիստոսի Եօթը Խօսքերը» հոգերգություն (օրատորիա), հեղինակ՝ Թեոդոր Տյուպուա
- «Եղբօրդ Արյունը» 1895 թվականի հայկական կոտորածի մասին գերմանացի անհայտ հեղինակի վեպ (գերմաներենից)
- «Փոլիաննա» Բ., Գ., Ե. հատորները, մանկական պատմություններ (անգլերենից)։
- Բանախոսություններ, հոդվածներ՝ տպված զանազան օրաթերթերի և պարբերականների մեջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «Բենիամին Ժամկոչյանի անվան թից 119 ավագ դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
Գրականություն
խմբագրել- Յովհաննէսեան Հ., Անզուգական մարդը՝ Բենիամին Ժամկոչեան, Ե., 1995։
- Յուշարձան ուսուցչապետ Բենիամին Ժամկոչեանի, Ե., 2010։
Արտաքին հղումներ
խմբագրել- «ՅՈՒՇԱՐՁԱՆ ՈՒՍՈՒՑՉԱՊԵՏ ԲԵՆԻԱՄԻՆ ԺԱՄԿՈՉԵԱՆԻ» «Արարատ» օրաթերթ, հունվար 12, 2011 (հեղ.՝ Պէպօ Սիմոնեան) Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 277)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենիամին Ժամկոչյան» հոդվածին։ |