Բեխշտեյնի գիշերաչղջիկ

Բեխշտեյնի գիշերաչղջիկ
Բեխշտեյնի գիշերաչղջիկ
Բեխշտեյնի գիշերաչղջիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Ձեռնաթևավորներ (Chiroptera)
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae)
Ցեղ Գիշերաչղջիկներ (Myotis)
Տեսակ Բեխշտեյնի գիշերաչղջիկ (M. bechsteinii)
Միջազգային անվանում
Myotis bechsteinii
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 NT hy.svg
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Բեխշտեյնի գիշերաչղջիկ (լատ.՝ Myotis bechsteinii), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

ՏարածվածությունԽմբագրել

Հանդիպում է Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, Բելգիայում, Լեհաստանում։

Հայաստանի Հանրապետության կաթնասունների ֆաունայի ցանկում նոր տեսակ է։ Հայտնաբերվել է 2000 թվականին՝ Սյունիքի մարզի հարավային շրջաններում։ Հայաստանում առաջին անգամ տեսակը նկարագրվել է 2003-ին Սյունիքի մարզի հյուսիս-արևելքում (Գորիսի շրջան), իսկ 2004 թվականին՝ Լեռնային Ղարաբաղին սահմանակից գյուղերում՝ Խնձորեսկ և Գորիսի շրջակայքում (Թեղ և Կոռնիձոր

Արցախում արեալը նեղ է։ Հայտնի է Ասկերանի և Մարտակերտի շրջաններում։

ԿենսակերպԽմբագրել

Գերադասում է մեծաթիվ գաղութներ չկազմել և ավելի հաճախ որպես ապաստան նախընտրում է հաստաբուն ծառերի փչակները, մարդկային շինությունների փայտաշեն տանիքները։ Վարում է մթնշաղագիշերային կենսակերպ։

Արտաքին տեսքԽմբագրել

Մորթին մեջքային կողմում մուգ շագանակագորշավուն է, դեպի փորի կողմը՝ համեմատաբար բաց մոխրածխագույն։ Մուգ է նաև թևաթաղանթը։ Ականջները մեծ են ու լայն, սակայն թաղանթը բարակ է, թևը՝ Myotis-ների ցեղին ոչ բնորոշ համեմատաբար կարճ և լայն։ Համեմատաբար մեծ չղջիկ է, մարմնի երկարությունը 49,1-50,7 մմ է, պոչինը՝ 42,3-47,5 մմ, ականջինը՝ 22-26 մմ, նախաբազկինը՝ 43-44,7 մմ, քաշը՝ 17,5-25,6 գ։ Գանգի կոնդիլոբազալ երկարությունը՝ 14,6-17,2 մմ։

ՍննդառությունԽմբագրել

Սնվում է խոշոր բզեզներով, գիշերային թիթեռներով, միջատների թրթուրներով, մորեխներով ու սարդերով։ Ամռան կեսերին ծնում է 1 ձագ։ Սննդային մրցակիցներն են սրականջ գիշերաչղջիկը, եռագույն գիշերաչղջիկը և հարթաքիթ չղջիկների այլ ներկայացուցիչներ։

ԹշնամիներԽմբագրել

Թշնամիներից են կատուները, կզաքիսները, աքիսները, առնետները և գիշերային գիշատիչ թռչունները։

ՀիվանդություններԽմբագրել

Վարակվում է էկտո և էնդոմակաբույծներով։

ՆշանակությունԽմբագրել

Կարևոր նշանակություն ունի կենսացենոզների դինամիկ հավասարակշռության պահպանման գործում և որպես վնասատու միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց[1][2][3][4][5]։

ՊահպանությունԽմբագրել

Հազվադեպ, քիչ ուսումնասիրված տեսակ է, որը որպես խոցելի տեսակ ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։

Թվաքանակը և պոպուլյացիաների սահմաններն ուսումնասիրված չեն։

Վտանգման հիմնական գործոններն են անտառների հատումը և թունաքիմիկատներով մշակումը[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 207։
  2. Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
  3. Հայաստանի բնաշխարհ. հանրագիտարան, Ե., 2006, էջ 370։
  4. Соколов В. Е., Систематика млекопитающих, Изд. Высшая школа, М., 1973.
  5. Բեխշտեյնի գիշերաչղջիկի մասին ՀՀ Բնապահպանության նախարարության կայքում
  6. Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։