Բարձր տպագրություն, տեքստի և նկարների պոլիգրաֆիական բազմացման եղանակ, որի դեպքում տպաձևի տպագրող և բացատային տարրերը գտնվում են տարբեր հարթությունների վրա (տպագրողը ավելի բարձր)։ Բարձր տպագրության տպաձևին քսված ներկը ծածկում է միայն տպագրող (բարձր) մակերեսները։ Տպագրության ամենահին և տարածված տեսակն է։ Տպաձևի պատրաստման հարաբերական պարզության, արագության (հատկապես տեքստի վերարտադրման համար), արտադրանքի լավ որակի և բարձր արտադրողականության շնորհիվ լայնորեն օգտագործվում է լրագրերի, ամսագրերի, գրքերի, բազմագույն պատկերազարդումների տպագրության համար։ Բարձր տպագրության տպաձևի շարքին են դասվում՝ փորագրությունը փայտի վրա, ձեռքի և մեքենայական շարվածքը, լինոփորագրությունը, ցանցավոր ու գծավոր կլիշեները և ստերեոտիպը։ Բարձր տպագրության տպվածքի բնորոշ հատկանիշներն են՝ պատկերման տարրերի ցայտունությունը, հագեցվածությունը ներկով և ոչ մեծ ռելիեֆի առկայությունը թղթի հակառակ կողմում։ Բարձր տպագրության տպաձևի պատրաստման ժամանակակից տեխնոլոգիական պրոցեսներն են՝ տպաձևի նախապատրաստումը (ձեռքի և մեքենայական շարվածքը, ցինկանկարահանումը, էջկապը և մեծ տպաքանակի դեպքում՝ նաև ստերեոտիպի պատրաստումը) և բուն տպագրությունը (ներկի բարակ շերտի հավասարաչափ քսումը տպագրվող տարրերի մակերեսներին, թղթի մատուցումը ճնշող մամուլին, ներկի փոխադրումը տպաձևից թղթին և տպագրված արտադրանքի դուրսբերումը մեքենայից)։ Բարձր տպագրությամբ հայերեն առաջին գիրքը՝ «Պարզատումար»-ը տպագրել է Հակոբ Մեղապարտը 1512 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 322