Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոն
Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոն (բաշկ.՝ Башҡорт дәүләт опера һәм балет театры), թատրոն Ուֆայում։ Բացվել է 1928 թվականի դեկտեմբերի 14-ին Ջիովանի Պաիզիելոյի «Գեղեցիկ ջրաղացպանուհին» օպերայով՝ բաշկիրերեն լեզվով։
Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոն Башҡорт дәүләт опера һәм балет театры | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Ուֆա, ՌԴ |
Հիմնադրման ամսաթիվ | դեկտեմբերի 14, 1938 թ |
Երգչախմբի ղեկավար | Էլվիրա Գայֆուլինա |
Ճարտարապետ | Pavel Rudavskiy? |
Կայք | bashopera.ru |
Bashopera Վիքիպահեստում |
Թատրոնի պատմությունը
խմբագրելՕպերային ստուդիան ստեղծվել է 1932 թվականին ականավոր երգիչ, կոմպոզիտոր, հասարակական գործիչ Գ. Ալմուհամետովի նախաձեռնությամբ։
Առաջին երկու տարիների ընթացքում օպերային թատրոնը ներկայացրել է 13 պրեմիերա. ավելի քան 1,5 միլիոն հանդիսատես է այցելել թատրոն։ Խաղացանկում ընդգրկված էին ռուսական և արտասահմանյան դասականների, խորհրդային կոմպոզիտորների օպերաներ՝ Դոմենիկո Չիմարոզայի «Գաղտնի ամուսնությունը», Շառլ Գունոյի «Ֆաուստ», Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո», Չայկովսկու «Եվգենի Օնեգին», ադրբեջանական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Ուզեիր Հաջիբեկովի «Արշին մալ ալան», ղազախ կոմպոզիտոր Ե. Բրուսիլովսկու «Եր տարգին», թաթար կոմպոզիտոր Ն. Ժիգանովի «Կաչկին» և այլն։
1940 թվականի փետրվարի 8-ին ներկայացվեց առաջին բաշկիրիական օպերան՝ Մ. Վալեևի «Խակ-մար»-ը, իսկ մի քանի ամիս անց՝ դեկտեմբերին, բեմադրվեց Ա. Էյխենվալդի «Մերգեն» օպերան։
Թատրոնի բալետի թատերախմբում առաջին տարիներին աշխատում էին Լենինգրադյան պարարվեստի ուսումնարանին կից գործող բաշկիրիական բաժնի, Բաշկորտոստանի թատերական ուսումնարանի բալետային բաժնի շրջանավարտները և ժողովրդական պարի անսամբլի համույթը՝ Զ. Նասրեդինովա, Խ. Սաֆիուլին, Տ. Խուդայբերդինա, Ֆ. Սատտարով, Ֆ. Յուսուպով, Գ. Խաֆիզովա, Ռ. Դերբիշևա։ Թատրոնի բալետի առաջին բեմադրությունը՝ Լեո Դելիբի «Կոպելիա»-ն, կայացավ 1940 թվականին։
Մեծ հայրենական պատերազմի տարիներին Ուֆայում էվակուացված էր Կիևի Տ. Շևչենկոյի անվան օպերայի և բալետի պետական թատրոնը, որն իր ազդեցությունն ունեցավ բաշկիրիական օպերայի ձևավորման վրա։ Ուֆա ժամանած թատերախմբի կազմում էին հայտնի օպերային դիրիժոր Վ. Յորիշը, ռեժիսորներ Նիկոլայ Սմոլիչը իր տղայի՝ Դ. Սմոլիչի հետ, հայտնի երգիչներ Մ. Լիտվինենկո-Վոլհեմուտը, Ի. Պատորժինսկին, Զ. Գայդայը, Կ. Լապտևը, Ա. Իվանովը, Լ. Ռուդենկոն, Ի. Մասլենիկովան։
1944 թվականի մարտին տեղի ունեցավ առաջին բաշկիրիական բալետի՝ Լ. Ստեպանովի և Զագիր Իսմագիլովի «Կռունկի երգը» բալետի պրեմիերան։
Պատերազմից հետո թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորը դարձավ Գ. Խաբիբուլինը, դիրիժորներն էին Խ. Ֆայզուլինը, Լ. Ինսարովը, Խ. Խամատովը։ Թատրոնում աշխատում էին բեմանկարիչներ Գ. Իմաշևան և Մ. Արսլանովը։ Թատրոնում մեծացել են տաղանդավոր կատարողների մի ամբողջ սերունդ։ Ավագ սերնդի կատարողներից են Գ. Խաբիբուլինը, Բ. Վալեևան, Մագաֆուր Խիսմատուլինը, Մ. Սալիգասկարովան, երիտասարդ կատարողներից՝ Հուսաին Մազիտովը, Զ. Մահմուտովը, Ն. Աբդեևը, Ն. Բիզինան, Ի. Իվաշկովը, Ս. Գալիմովան, Ն. Ալլայարովան և այլք։ Բաշկիրիական բալետի ուղին կապված է Զ. Նասրեդինովայի, Տ. Խուդայբերդինայի, Գ. Սուլեյմանովայի, Ֆիրդաուս Նաֆիկովայի, Մ. Տագիրովայի, Խ. Սաֆիուլինի, Ֆ. Սատարովի անվան հետ։
Բաշկիրիական օպերայի և բալետի պետական թատրոնի պատմության հետ է կապված 20-րդ դարի ականավոր պարող Ռուդոլֆ Նուրիևի անունը։ 4 տարի նա սովորել է թատրոնին կից գործող ստուդիայում (ուսուցիչներ՝ Զայտունա Բախտիյարովա, Խալյաֆ Սաֆիուլին)։ 1953 թվականին Նուրեևն ընդունվում է թատրոնի բալետի թատերախումբ։ Այս թատրոնի բեմում է նա կատարել իր առաջին քայլերը դեպի համաշխարհային բալետ։ Հանդես գալով «Կռունկի երգը» բալետում, նա իր վրա է հրավիրում մի շարք մասնագետների ուշադրությունը, ովքեր էլ նրան հրավիրում են սովորելու Լենինգրադի պարարվեստի ուսումնարան։
1991 թվականից սկսած Ուֆայում ամեն տարի անց են կացվում «Շալյապինյան երեկոներ Ուֆայում» օպերային փառատոները՝ ռուսական և արտասահմանյան թատրոնների օպերային աստղերի մասնակցությամբ։ Փառատոնի ստեղծման գաղափարը կապված է Ֆեոդոր Շալյապինի օպերային առաջնելույթի հետ Ուֆայում 1890 թվականի դեկտեմբերի 18-ին։ Փառատոնի շրջանակներում թատրոնում հանդես են եկել ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Իրինա Արխիպովան, Վլադիսլավ Պյավկոն, Մարիա Բիեշուն, արտիստներ Լատվիայից, Վրաստանից, Գերմանիայից, սոլիստներ Մեծ և Մարիինյան թատրոններից, ինչպես նաև Սարատովի, Սամարայի, Պերմի և Ռուսաստանի այլ քաղաքների երաժշտական թատրոններից։ 2001 թվականին անց կացվեց հոբելյանական տասներորդ փառատոնը։ Այն բացվեց Վերդիի «Տրավիատա» օպերայի պրեմիերայով՝ իտալերեն լեզվով։
1993 թվականի մարտից անց են կացվում Ռուդոլֆ Նուրեևի անվան բալետային արվեստի փառատոներ։ Առաջին փառատոնը կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ին կից գործող Թատրոնի միջազգային ինստիտուտի պարի կոմիտեի պատվավոր նախագահ, Պարի փարիզյան ակադեմիայի անդամ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ և Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչի առաջարկությամբ։ Փառատոնում հանդես է եկել նաև նրա «Գրիգորովիչ բալետ» թատերախումբը։
1993 թվականին թատրոնի 55-ամյակի կապակցությամբ բացվեց թատրոնի թանգարանը։ Այն գտնվում է թատրոնի առաջին հարկի կենտրոնական աստիճաններից ձախ գտնվող 2 սրահներում։ Թանգարանում ներկայացված են արտիստների անձնական իրեր, թատերախմբի մրցանակները, բեմական ձևավորումների էսքիզներ, թատերական հանդերձանք, լուսանկարներ, 1930-1970-ական թվականների ներկայացումների պաստառներ։ Թանգարանի հպարտությունը «Էրմիտաժ» սրահն է, որը տեղակայված է երկրորդ հարկում։ 2008 թվականից այնտեղ են գտնվում Ռուդոլֆ Նուրեևի անձնական իրերից մոտ 156 ցուցանմուշներ, որոնք թանգարանին է նվիրել Ռ. Նուրեևի անվան միջազգային ֆոնդը (Մեծ Բրիտանիա)։
2004 թվականին Զագիր Իսմագիլովի «Կախիմ-տուրյա» օպերան դարձավ Ազգային թատերական մրցանակի դափնեկիր «Դիրիժորի լավագույն աշխատանք» անվանակարգում։ 2006 թվականին Վ. Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերան՝ Ու. Շվարցի բեմադրությամբ, առաջադրվեց երեք անվանակարգերում։ Բաշկորտոստանի նախագահ Մուրտազա Ռախիմովը ստացել է «Ոսկե դիմակ» մրցանակ՝ «Ազգային թատերական արվեստին աջակցելու համար»։ 2007 թվականին 5 անվանակարգերում է առաջադրվել Ջուզեպպե Վերդիի «Տոնահանդես-դիմակահանդես» օպերան։
2008 թվականին «Ոսկե դիմակ» մրցանակին է արժանացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Զայտունա Նասրեդինովան։ Միջազգային կենսագրական կենտրոնի խորհուրդը (Քեմբրիջ, Մեծ Բրիտանիա) մշակութային ձեռքբերումներում նշանակալի ավանդ ունենալու համար Զայտունա Նասրեդինովային շնորհել է «Միջազգային պրոֆեսիոնալ» կոչումը։ 2007 թվականին «Բալետ» ամսագրի խմբագրական կոլեգիայի և ստեղծագործական խորհրդի կողմից նրան տրվել է «Պարի հոգին» մրցանակը։ 2008 թվականին «Պարի հոգին» մրցանակին է արժանացել ՌԴ վաստակավոր արտիստ, Բաշկորտոստանի ժողովրդական արտիստ Շամիլ Տերեգուլովը։
2006 թվականին թատրոնին ՌԴ կառավարության կողմից տրվել է Ֆ. Վոլկովի անվան մրցանակ՝ «Լավագույն ստեղծագործական կոլեկտիվ» անվանակարգում։ Այն շնորհվել է թատրոնին Յարոսլավլում կայացած Վոլկովյան 7-րդ միջազգային փառատոնի ժամանակ, որը բացվեց Լ. Իսմագիլովայի «Արկաիմ» բալետով։
2008 թվականին թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հաջողությամբ հանդես եկավ Հարավային Կորեայում և արժանացավ բարձր մրցանակի՝ Կորեական առաջին կայսեր թագի կրկնօրինակին։
2009 թվականին բացվեց թատրոնի «Փոքր դահլիճը»։ Այստեղ բեմադրվում են արդեն նոր ներկայացումներ՝ Գ. Դոնիցետիի «Սիրո ըմպելիք», Բ. Սավելևի «Լեոպոլդ կատվի ծննդյան տարեդարձը»։
Թատրոնի 70-ամյա հաջողության գրավականն են հանդիսանում պրոֆեսիոնալ թատերախմբերը, հանրապետական, ռուսական և միջազգային մրցույթների դափնեկիր հանդիսացող արտիստները։ Բեմի վարպետները արժանացել են պատվավոր կոչումների՝ 1 ՌԴ ժողովրդական արտիստ, 7 ՌԴ վաստակավոր արտիստներ, 4 ՌԴ վաստակավոր արվեստագետներ, 15 Բաշկորտոստանի Հանրապետության ժողովրդական արտիստներ, 50 Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ, 4 Բաշկորտոստանի Հանրապետության վաստակավոր արվեստագետներ։ Նախկինի պես թատրոնը շարունակում է բեմադրել արտասահմանյան և հայրենական դասականների լավագույն ստեղծագործությունները։
Գեղարվեստական ղեկավարությունը
խմբագրել- գլխավոր դիրիժոր՝ Արտեմ Մակարով
- բալետի թատերախմբի գեղարվեստական ղեկավար՝ Լեոնորա Կուվատովա, ՌԴ և ԲՀ ժողովրդական արտիստուհի, Ս. Յուլաևայի անվան պետական մրցանակի դափնեկիր
- երգչախմբի գլխավոր ղեկավար՝ Էլվիրա Գայֆուլինա, ՌԴ և ԲՀ վաստակավոր արվեստագետ, Բաշկորտոստանի ժողովրդական արտիստուհի, պրոֆեսոր
- լուսային ձևավորող՝ Սերդար Չարիև
- ռեժիսոր՝ Մարատ Խիսմատուլին, Բաշկորտոստանի վաստակավոր արվեստագետ, պրոֆեսոր
- ռեժիսոր՝ Այսիլու Իկսանովա
Թատրոնի շենքը
խմբագրելԹատրոնի այժմյան շենքը կառուցելու որոշումն ընդունվել է 1909 թվականին[1]։
1909 թվականին հանդիսավոր դրվեց Ակսակովսկու ժողովրդական տան հիմքը։ 1914 թվականին շենքի մի մասը արդեն կառուցված էր, և այնտեղ տեղակայված էր գրադարանը։ Շենքի շինարարությունն ավարտվել է քաղաքացիական պատերազմից հետո։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Թատերական Ուֆա(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Թատրոնի պաշտոնական կայքը
- Թատրոնի 3D պատկերը(չաշխատող հղում)