Բազեներ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բազեներ (այլ կիրառումներ)
Բազե | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Բազեանմաններ (Falconiformes) |
Ընտանիք | Բազեներ (Falconidae) |
Ենթաընտանիք | Falconinae |
Ցեղ | Բազե (Falco) Linnaeus, 1758 |
Բազեներ (լատին․՝ Falco), գիշատիչների կարգի ընտանիք։ Հայտնի է շուրջ 60 տեսակ։
Ընդհանուր բնութագիր
խմբագրելԲազեները փոքր և միջին մեծության թռչուններ են, արուն փոքր է էգից։ Վերին կտուցն ատամնանման ելուստով է, իսկ քթանցքերի կենտրոնում կա մաշկային թմբիկ։ Թևերը երկար են ու նեղ, պոչը՝ կարճ։ Փետուրները խիտ են, կոշտ։ Էգը և արուն միանման են գունավորված։ Ուժեղ են, ճարպիկ, թռչում են արագ։ Բույն չեն հյուսում, ձվերը (2–6 հատ, խայտաբղետ) դնում են գետնին, ժայռերի վրա կամ ուրիշ թռչունների բներում։ Թխսում է հիմնականում էգը։ Սնվում են փոքրիկ կաթնասուններով, թռչուններով, սողուններով, միջատներով, հազվադեպ՝ լեշերով։
Հայաստանում
խմբագրելՀայաստանում կա բազեների 8 տեսակ. կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովյան բազե, սապսան, բալոբան, արտույտաբազե, սովորական հողմավար բազե և տափաստանային հողմավար բազե։
Նկարագիր
խմբագրել- Սապսանը Հայաստանում բնադրող է նստակյաց։ Բնակվում է ժայռերում, հաճախ զբաղեցնում է ագռավների բները։ Զոհին որսում է հիմնականում թռիչքի ընթացքում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
- Բալոբանը շիկամոխրագույն է, նստակյաց, հանդիպում է լեռնատափաստաններում, մերձարևադարձային շրջաններում, ձմռանը՝ նաև Արարատյան դաշտում։ Ունի սուր ձայն։
- Արտույտաբազեի գունավորումը խայտաբղետ է։ Տարածված է անտառային շրջաններում։
- Աղավնաբազեն կարճ թևերով է, հանդիպում է բաց տարածություններում, կարելի է վարժեցնել տնային պայմաններում՝ որպես որսորդական թռչուն։
- Սովորական հողմավար բազեն նստակյաց է, ապրում է ամենուր, ձմռանը՝ բնակավայրերից ոչ հեռու։ Ոչնչացնում է կրծողներին։
- Տափաստանային հողմավոր բազեն կիսաանապատային գոտում։ Պահպանվում է օրենքով։
- Կարմրաոտ բազեն չվող է, հազվագյուտ։ Բնակվում է բաց տարածքներում։ Զոհին փնտրում է՝ լարերին նստած, կամ օդում կանգի պահին նետվում է նրա վրա։ Համարվում է որսորդական թռչուն։ Ոչնչացնում է մանր կրծողներին։
- Միջերկրածովյան բազեն բնադրող չվող է, հազվագյուտ։ Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ական թվականներին։ Երգում է՝ երկար ժամանակ նույն տեղում նստած։ Բնակվում է գիհու կամ փշոտ թփուտների առկայությամբ ցածրադիր չոր լեռնալանջերին։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության, արհեստական թռչնաբներ ներգրավելու միջոցով հնարավոր է բարձրացնել համակեցության խտությունը։
Աղբյուրներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 208)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազեներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազեներ» հոդվածին։ |