Արտավազդ Պարթև (215 - 230, Տիզբոն, Սասանյան Պարսկաստան), Պարթևստանի արքայից արքա (224-235), Արտավան Ե-ի որդին և հաջորդը, Արշակի, Զիանակի և Սուրայի եղբայրը, Պարթև Արշակունիների արքայական հարստությունից[1]։

Արտավազդ Պարթև
Պարթևստանի արքայից արքա
224 - 230
Նախորդող Արտավան Ե Պարթև
 
Մասնագիտություն՝ ազնվական
Ծննդյան օր 215
Վախճանի օր 230
Վախճանի վայր Տիզբոն, Սասանյան Պարսկաստան
Դինաստիա Պարթև Արշակունիներ
Քաղաքացիություն Պարթևստան
Հայր Արտավան Ե Պարթև

Կենսագրություն խմբագրել

Արտավազդը Պարթևստանի արքայից արքա Արտավան Ե-ի ավագ որդին է, նրա եղբայրներից հայտնի է միայն Արշակի անունը, իսկ քույրերն էին՝ զորավար Սուրան և Արտաշիր Պապականի կինը դարձած՝ թագուհի Զիանակը։

Սասանյանների ապստամբություն խմբագրել

220-ական թվականներին ուժեղանում է Պարսքում իշխող Սասանյան տոհմը, որի առաջնորդ և հիմնադիր Արտաշիր Պապականը ապստամբություն է բարձրացնում Արտավազդի հոր՝ Արտավան Ե-ի դեմ։ Արտաշիր Պապականը չորս տարավա ընթացքում կարողանում է ջլատել թուլացած պարթև Արշակունիների վերջին ուժերը։ 224 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցած Որմիզդականի ճակատամարտում պարտվում և սպանվում է Պարթևստանի վերջին թագավոր Արտավան Ե-ն, որով կործանվում է Պարթևստանը և սկզբնավորվում է Սասանյան տերությունը[1][2]։

Պարթևական շատ իշխաններ անցնում են Սասանյանների կողմը։ Արտավան Ե-ի որդի Արտավազդը և նրա եղբայրները փախչում և ամրանում են Ատրպատականում, հավանաբար կենտրոն ունենալով Էկբատան քաղաքը և մի քանի տարի դիմադրում Սասանյաններին՝ Մեծ Հայքի արքա Տրդատ Բ-ի օգնությամբ, ով ստանձնել էր Արշակունյաց արքայատան գլխավոր միապետի դերը։ Այստեղից հայտնի են Արտավազդի արծաթե դրամները (դրախմաները), որոնք հատվել են մինչև 229-230 թվականները[1][3]։

Այս ժամանակահատվածում, Արտավազդը այլևս չուներ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ սոցիալական հենարան Պարթևստանում։ Իրանական ավագանին հետզհետե անցնում էր հաղթանակած Սասանյանների կողմը։ Սասանյանների կողմն են անցնում նաև պարթև Արշակունիներին տոհմակից տները[1]։

Սասանյանները Երանշահրի կենտրոնական նահանգներում իրենց ապահով չէին զգում, քանի որ դեռ ապրում էին ոչնչացված պարթև Արշակունիների վերջին շառավիղները՝ Արտավազդը և նրա եղբայրները, որոնց օգնում էր հատկապես Մեծ Հայքի Արշակունի թագավոր Տրդատ Բ-ն (217-257)։ Սասանյանների բանակը, հետապնդելով Արտավազդին, խորանում են Իրանի հյուսիս-արևմտյան երկրամասերը՝ գրավելով Ատրպատականը և ընդհուպ մոտենում Մեծ Հայքի թագավորության սահմաններին։ 228 թվականին Արտաշիր Պապականը պաշարում է Հաթրան, ապա նահանջում Ատրպատականի մաս կազմող Մատիենե և ռազմական գործողությունները կրկին ուղղում Արտավազդի և նրան օգնող հայ-պարթևական ռազմական ուժերի դեմ, որոնք գտնվում էին Մեծ Հայքի հարավ-արևելյան սահմանի վրա[1][4]։

Դիոն Կասսիոսը հաղորդում է, որ Մեծ Հայքի տարածքում խորացող Արտաշիրին «դիմադրեցին տեղի բնակիչները և մեդացիներից ոմանք, ինչպես նաև Արտաբանոսի որդիները և նա, ինչպես ոմանք ասում են, փախավ, իսկ ուրիշներն ասում են, թե նա ետ քաշվեց, ավելի մեծ զորք պատրաստելու համար»[5]։ Նման տեղեկություն պահպանել է նաև Մովսես Խորենացին։ Նա հաղորդում է, որ Հայոց թագավորն իր բանակով և այլ երկրների օգնական զորքերով «դիմում է Արտաշիրի վրա, ճակատամարտ տալով նրան ստիպում փախչել և խլում նրանից Ասորեստանը (Ադիաբենեն) և մյուս արքայանիստ երկրները[6]»։ Արտավազդը, քաշվելով Իրանի հյուսիսային մասում գտնվող Էկբատան քաղաքը, իր եղբայրների հետ մասնակցում է հայկական բանակի ռազմական գործողություններին։ Ըստ Հակոբ Մանանդյանի, Արտավան Ե-ի որդիները իրենց զորքով և կուսակալներով էին եկել Մեծ Հայք, Տրդատ Բ-ի մոտ[1][7]։

Արտավազդը 228-230 թվականներին թագավորում է Վերին Մարաստանի կենտրոն Էկբատանում։ Նրան հովանավորում էր Հայոց թագավոր Տրդատ Բ-ն, որն իրեն համարում էր առաջին գահակալը Արշակունի հարստությունների միջև, իսկ Արտավազդը արդեն գրավում էր «երկրորդական գահը»։ Մոտ 230 թվականին Տրդատ Բ-ն իր արևելյան բանակով, որի հրամանատարն էր Երախնավու Անձևացին, օգնության է գալիս Արտավազդին։ Սակայն, Արտավազդին գերում են Սասանյանները, տանում Տիզբոն և այնտեղ գլխատում։ Չնայած դրան, Տրդատ Բ-ն կարճ ժամանակով տիրում է Էկբատանին՝ իր Վերին Մարաստան նահանգով, որի կառավարումը հանձնվում է նախարար Երախնավու Անձևացուն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Հայ Ժողովրդի պատմություն», Երևան, 1984, հատոր 2, էջ 24, 27, 29-31․
  2. Herodianus, VI, 2 (Z)
  3. Луконин В. Г. Культура сасанидского Ирана. М., 1969․
  4. DIO, LXXX3, 2.
  5. DIO, LXXX3, 3.
  6. «Հայոց պատմություն», Մովսես Խորենացի, թարգմ.՝ Ստեփան Մալխասյանի, Երևան, 1990, Բ, հբ, էջ 207.
  7. «Քննական Տեսություն Հայ Ժողովրդի Պատմության», Հակոբ Մանանդյան, Հ. Բ, Մասն Ա, էջ 80․