Արմեն Գրիգորյան (դուդուկահար)
Այս հոդվածը հայ դուդուկահարի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արմեն Գրիգորյան (այլ կիրառումներ)։
Արմեն Վաղինակի Գրիգորյան (մայիսի 19, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դուդուկահար։
Արմեն Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1971 (53 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | դուդուկ, զուռնա, շվի և պկու |
Գործունեություն | 1990 - |
Աշխատավայր | Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց |
Կրթություն | Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Երևանում, երաժշտի ընտանիքում։ 1978-1988 թթ. սովորել է թիվ 73 միջնակարգ դպրոցում։ 1985 թվականին ընդունվել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դուդուկի և շվիի դասարան (դասատու՝ Նորայր Ժամհարյան) և հնգամյա կուրսը գերազանց ավարտել է երկու տարում։ Այդ տարիներին մասնակցել է բազմաթիվ մրցույթների, պարգևատրվել և դարձել է դափնեկիր, դուդուկահարների հանրապետական մրցույթում դարձել է ոսկե մեդալակիր։ 1988 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, սովորել դուդուկահար Ջիվան Գասպարյանի դուդուկի դասարանում։ Սովորելու ընթացքում դասավանդել է Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ 1990 թվականին տեղափոխվել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց և աշխատել մինչև 1992 թվականը։ 1989 թվականից աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությանը կից «Կռունկ պարի անսամբլի» երաժշտական կազմում (ղեկավար՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Ղարիբյան, հետագայում Թերեզա Գրիգորյան)։ 1992 թվականից աշխատել է ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների նվագախմբում։ 1993-1995 թթ. աշխատել ` կոնսերվատորիայում` որպես դուդուկի դասախոս։ 1997 թվականին երգիչ Պապին Պողոսյանի հետ հիմնադրել են ազգային ռադիոյին կից «Վերածնունդ» անսամբլը, որտեղ Արմենն աշխատել է որպես դուդուկահար և եղել է խմբի տնօրենը մինչև 2000 թվականը։
Գործունեություն
խմբագրելՈւնի բազմաթիվ աշակերտներ, որոնք սովորում են Երևանի պետական կոնսերվատորիայում և մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում։ Համերգային շրջագայություններով եղել է ԱՄՆ-ում (1988, 1995, 2005, 2006), Ֆրանսիայում (1991, 1992), Ավստրալիայում (1995), Արաբական Էմիրություններում(1997, 2004), Լիբանանում (1996, 2000), Սիրիայում (1989, 2005), Իսպանիայում (1998), Հոլանդիայում (2003), Լեհաստանում ու Գերմանիայում (2004)։
Տարիներ շարունակ համագործակցել է լավագույն երգիչ-երգչուհիների հետ։ Ունի բազմաթիվ ձայնագրություններ, որոնք պահվում են ռադիոյի ֆոնդում։ Ձայնագրել է լազերային երեք ձայներիզ, որոնք մեծ հաջողությամբ ու պահանջարկով տարածվել են տարբեր երկրներում։ Պատրաստվում է հրատարակության չորրորդ ձայներիզը՝ ամերիկյան ճանաչված ստուդիաներից մեկի կողմից։ 2005 թվականից Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հիմնադրման օրից հանդիսանում է մենակատար և դուդուկահարների կոնցերտմայստերը (ղեկավար պրոֆեսոր Նորայր Դավթյան)։ 2005 թվականից ստեղծել է նաև դուդուկահարների քառյակ, որոնք կատարում են տարբեր ժանրի ստեղծագործություններ։
2006 թվականից IOV (UNESCO) միջազգային կազմակերպության անդամ է։ 2011 թ. ՀՀ Նախագահի կողմից շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Արմեն Գրիգորյան կայք Արխիվացված 2013-05-20 Wayback Machine