Արամ Հովհաննիսյան (դերասան)

Արամ Հովհաննիսյան (հունվարի 2, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, բեմադրիչ, ռեժիսոր[1]։

Արամ Հովհաննիսյան
Ծնվել էհունվարի 2, 1973
(48 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունդերասան, բեմադրիչ, ռեժիսոր
Ժանրերդրամա, քրեական

Կենսագրություն և գործունեություն

խմբագրել

Արամ Հովհաննիսյանը ծնվել է 1973 թվականի հունվարի 2-ին Երևան քաղաքում։ 1991-1994 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամատիկ դերասանի բաժնում։ Դրա հետ մեկտեղ սովորել է Կիմ Արզումանյանի արվեստանոցի ռեժիսուրայի բաժնում։ Որպես դերասան՝ աշխատել է մի շարք թատրոններում, ինչպիսիք են` Երևանի պետական երիտասարդական թատրոնը (1991-1993), Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը (1993-1994), Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը (1994-1996), «ԳՈՅ» թատրոն-լաբորատորիան (1997-1999), Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնը (1996-2005)։

2006 թվականից, որպես դերասան, աշխատում է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

2009-2010 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետի մագիստրատուրայում և պաշտպանելով «Վիլյամ Շեքսպիր» թեզը՝ ստացել է ռեժիսուրայի մագիստրոսի աստիճան։ 2010 թվականից դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ամբիոնում։

Մասնակցել է նաև բազմաթիվ միջազգային թատերական փառատոնների Ուկրաինայում, Լեհաստանում, Մակեդոնիայում, Ալբանիայում, Լիտվիայում, Բուլղարիայում, Հայաստանում և արժանացել մի շարք պարգևների, մրցանակների, դիպլոմների և գրանպրիի[1]։

2014 թվականից «Հ3» հեռուստաընկերության տնօրենն է[2][3]։

Դերեր և ներկայացումներ

խմբագրել

Արամ Հովհաննիսյանը խաղացել է հետևյալ ներկայացումներում՝ Մարիվոյի «Խաղ սիրո և պատահականության» (Դորանտ), Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» (Մասիսյանց), «Էլի մեկ զոհ» (Բրիլիանտով), Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Ագիս), Արիստոփանեսի «Լիսիստրատե» (Սպա), Ա. Շիրվանզադեի «Ազգային գործիչը» (Միքայել), «Պատվի համար» (Բագրատ), Գ. Խանջյանի «Չարենցի ուղղիչ տանը» (Բենժամին), Վ. Շեքսպիրի «12-րդ գիշեր» (Անտոնիո), Ե. Օտյանի «Եթե կանայք ուզենան» (Ծորակյան), Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (Չուգունով), Պ. Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Դոկտոր Լեփսիուս), Վալեյխոյի «Գոյա» (Ֆերդինանտ 4-րդ) և այլն։ Մոնոներկայացումներով հանդես է եկել Հայաստանում և Սփյուռքում` Հ. Շիրազի «Հայոց դանթեականը», Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Պ. Զեյթունցյանի «Սողոմոն Թեհլերյան» և այլն։

Դերասանական գործունեությունից զատ Հովհաննիսյանը զբաղվել է նաև ներկայացումների բեմադրությամբ։ Եղել է բեմադրիչ Գորիսի թատրոնում և իրականացրել երկու բեմադրություն՝ Այաքս «Հունական լեգենդ» և «Մյուզիքլ»։ 2000 թվականին բեմադրել է Պերճ Զեյթունցյանի «Խոր Վիրապ» ստեղծագործության ռադիո-բեմականացումը, 2001 թվականին՝ Կ. Խոդիկյանի «Կինը անձրևից հետո», 2003 թվականին՝ Է. Օլլբի «Ամեն ինչ պարտեզում», «Սեր, փող, սատանա», 2006 թվականին՝ Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ», 2010 թվականին՝ Ֆ. Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» ներկայացումները։ 2008 թվականին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում եղել է Վ. Սարոյանի «Մի գնա հերսոտած» ներկայացման բեմանկարիչը և երաժշտական ձևավորողը[1]։

Հեռուստասերիալներ

խմբագրել

Արամ Հովհաննիսյանը հիմնականում հանդես է գալիս դրամատիկական և քրեական ժանրի հեռուստասերիալներում։ Նկարահանվել է «Որոգայթ» (2006-2009)[4], «Դիմակահանդես» (2009-2010), «Դժվար ապրուստ» (2011-2013) և այլ հեռուստասերիալներում[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «AV Production - Արամ Հովհաննիսյան». avproduction.am. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.(չաշխատող հղում)
  2. Technologies, Peyotto. ««ՕԵԿ-ն ու հեռուստաընկերությունը փորձեք տարանջատել». մեկնարկեց Հ3 հեռուստաալիքը (տեսանյութ)». 1in.am. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  3. Technologies, Peyotto. «Ընդդիմադիր ՕԵԿ-ի ձեռք բերած «Երևան TV-ի»-ի տնօրենը կլինի «Որոգայթի» Զավենը (լուսանկար)». 1in.am. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  4. LLC, Helix Consulting. «Հարություն Մովսիսյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Սոս Ջանիբեկյանը, Գրիշա Աղախանյանը՝ «Որոգայթում». Մանրամասներ նկարահանման հրապարակից - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.