Արաբա-բուզանդական սահմանային գոտի

Արաբա-բուզանդական սահմանային գոտի, Արաբական խալիֆայության և Բյուզանդիայի միջև Միջերկրական ծովից մինչև Պոնտոս ձգվող սահմանային գոտի (արաբական «Սուղուր»), որը 7- 10-րդ դարերում ենթակա էր երկու կողմերի անվերջ ասպատակություններին։ Ընդգրկում Էր Կիլիկիան (արաբական Ասորիքի սահմանային գոտի) և Փոքր Հայքի մերձեփրատյան շրջանները (արաբական Վերին Միջագետքի սահմանային գոտի)։

Վարչական կենտրոն խմբագրել

Կիլիկիայում արաբների վարչական կենտրոնը Տարսոնն էր, կարևոր էին նաև Ադանան, Մոփսուեստիան (Մսիս), Անարզաբան, Հարունիյան և Մարաշը։ Վերին Միջագետքի (Զագիրա) սահմանային գոտում արաբների վարչական կենտրոնն էր Մելիտինեն (Մալաթիա), իսկ կարևոր ռազմական հենակետերը՝ Տերենտե, Սոցոպետրսու, Հիսն Սանսար, Բեհեսնսւ և Հադաս բերդերը, ինչպես նաև Բարձր Հայքի Կամախ բերդը (Բարձր Հայք և Ծոփք նահանգների արևմտյան մասերի հետ միասին)։

Սահմանայի գոտի խմբագրել

Սահմանային այդ գոտու հետ սերտորեն կապված էին Հայաստանի Շիմշատ, Խարբերդ և, հատկապես, Կարին քաղաքները։ Ամբողջ Փոքր Ասիան և մանավանդ նրա հարավարևելյան կողմերն արաբա-բյուզանդական անվերջ ընդհարումների թատերաբեմ էին։ Կռվող կողմերը փոխադարձաբար քանդում էին հակառակորդի բերդերն ու քաղաքները՝ ամայացնելով Կիլիկիան, Փոքր Հայքը և ընդհանրապես Փոքր Ասիան։ Այս կողմերի ասորի, հայ և հույն բնակչությունը մեծապես տուժեց, նրա թիվը պակասեց, որի համար խալիֆայությունը որոշ հարկային առանձնաշնորհումներ տվեց նրանց։ Մակեդոնական հարստության ժամանակ հույներն սկսեցին նեղել արաբներին։ Վասիլ Առաջին կայսրը (867- 886) գրավեց պավլիկյանների կենտրոնները և, մասնավորապես, Տևրիկեն։ 928 թվականին Մելիսփնեի ամիրան հպատակություն հայտնեց Բյուզանդիային։ Նիկեփորոս 2-րդ Փոկաս կայսրը գրավեց Կիլիկիան, իսկ Հովհաննես Առաջին Չմշկիկը՝ Անտիոքը, Մծբինը և Ամիդը։ 1032 թվականին Բյուզանդիան գրավեց նաև Եդեսիան և, այսպիսով, ամբողջ սահմանային գոտին ներքին նահանգների հետ միասին անցավ հույներին։ Արաբա-բյուզանդական երեքհարյուրամյա ռազմական ընդհարումների հետևանքով Կիլիկիան, Փոքր Հայքը և ընդհանրապես Փոքր Ասիայի զգալի մասն ամայացան՝ նպաստավոր հող ստեղծելով սելջուկյան հրոսակների համար, որոնք հեշտությամբ հաստատվեցին Փոքր Ասիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։