Սուբարիներ, ցեղային միություն Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում և Հյուսիսային Միջագետքում։ Սուբարտուի թագավորության հիմնական բնակչությունը[1]։

Սուբարիներ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտք
Հյուսիսային Միջագետք
Սուբարտու
արևելյան Փոքր Ասիա
Հյուսիսային Սիրիա
Հայաստան
Լեզու(ներ)
Հավատք(ներ)

ՊատմությունԽմբագրել

Սուբարիների ցեղային միությունը մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում կենտրոնական հզոր իշխանություն է հաստատում Հյուսիսային Միջագետքում և այնտեղից տարածվում դեպի արևելյան Փոքր Ասիա, Հյուսիսային Սիրիա ու Հայաստան։ Ըստ որոշ պատմաբանների, սուբարիները հանդիսանում են այդ երկրամասերի պատմական հնագույն ժողովուրդը։ Ըստ պատմաբան Սիդնեյ Սմիթի, Ասորեստանի հյուսիսային և հյուսիս-արևելյան կողմերում լեռներից իջած ժողովուրդը սուբարիներն էին[1]։

Նրանք, իրենց անկախությունը պահպանելու համար երկար ժամանակ պատերազմներ են մղում Աքքադի թագավորների դեմ, որի շնորհիվ կարողանում են պահպանել իրենց անկախությունը[1]։

Սուբարտուի հզորության մասին ասորագետ Էմիլ Ֆորրերը գրում է․ «Սուբարտուն Համմուրաբիի ժամանակ (մ․թ․ա․ 1955-1913) նրա մեծ ախոյանն էր։ Իսկ Շամշիադադ Ա-ից (մ․թ․ա․ 1879-1847) Նախասիայի քաղաքական ճակատագիրը Սուբարին էր վարում իբրև այդ աշխարհի թագավորություն։ Ագում Ա-ի օրոք (մ․թ․ա․ 1731-1710) Սուբարուի կողմից մի մեծ հարձակում է տեղի ունենում Խատտի երկրի վրա․․․ Թեև այս մեծ հարձակումը տիրեց բոլոր քաղաքներին մինչև Խատտի պետության ներսը, սակայն, Խանտիլիս Ա-ն (մ․թ․ա․ 1740-1700) կարողացավ ետ մղել։ Այնուհետև այս ալիքը հորձանք տվեց դեպի Եգիպտոս, որն էլ զոհ գնաց նրան ու մոտավորապես մ․թ․ա․ 1700-1580 թվականներին մնաց Հիքսոս թագավարոների տիրապետության տակ։ Այս վերջիններիս մեկնակետը Սուբարտուն է»[1]։

Սուբարտուի թագավորության անկման պատճառ է դառնում Բաբելոնի աքքադական թագավորների տևական հարձակումները, որոնց առջև վերջապես սուբարիները տեղի են տալիս ներքին անմիաբանության պատճառով, թուլանում և ենթարկվում նրանց գերիշխանությանը։ Աքքադի թագավորները ճնշելով Սուբարտուի բնակչությանը, նրանց հպատակեցնում են իրենց։ Այս իրադարձությունների մասին իր դիտարկումներն է արել հնագետ Սիդնեյ Սմիթը․ «Հակառակ այս ժողովրդի այնքան տարածված լինելուն ու պատահական հաջողություններին, որ նրանց բաժին ընկավ շումերների դեմ մղած պատերազմներում, ապացույց չկա թե նրանք հնագույն ժամանակներում կազմած լինեն մի միացյալ թագավորություն, որ կառավարվեր մի կենտրոնական քաղաքով ու մի թագավորով։ Շատ ավելի հավանական է, ինչպես սովորաբար լեռնեցիներն են, որոնց տեղային նեղ շահերը արգելք է լինում միության ու կենտրոնական կազմակերպության, որի պակասը զրկել էր սուբարիների հաղթությունը տևական նշանակությունից»[1]։

ՄշակույթԽմբագրել

Ամերիկացի հնագետ Լեոնարդ Վոլլին իր «Carchemish» աշխատության մեջ գրում է․ երբ Միջագետքի խաղաղասեր բնակչությունը նոր քարի դարի ժամանակներում էր ապրում և երբ դեռ նոր էր սկսել պղնձի հետ ծանոթանակ, մի նոր ցեղ գալիս ու հասնում է այնտեղ, որոնք ռազմիկներ էին ու ունեին իրենց հատուկ բարքերն ու բարձր մշակույթը[2][3]։ Այս նոր ցեղերը հավանաբար եղել են սուբարիները։ Նրանք հաստատվելով Միջագետքում, իրենց են ենթարկում տեղի բնակչությանը և ստեղծում բարձր քաղաքակրթություն, որը շումերա-աքքադական քաղաքակրթության փոխառությունն էր։ Սուբարիները՝ շումերներից սովորում են բևեռագիր արձանագրությունների գործածությունը և երկար ժամանակ օգտագործում են աքքադերեն (ասորա-բաբելոներեն) լեզուն[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Սուբարիներ», Գէորգ Հատիտեան, 1977, Սիոն. Կրօնական, գրական, բանասիրական պաշտօնաթերթ Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան, ԾԱ (7-8). pp. 184-187.
  2. Woolley & Barnett 1952a / Carchemish: Report on the excavations at Jerablus on behalf of the British Museum, Part III, The excavatiuons in the inner town and the Hittite inscriptions
  3. «Նախահայկական Հայաստան», Եղիա Քասունի, էջ 65․