Առաջավորասիական մաբույա

Առաջավորասիական մաբույա
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատ
Ընտանիք Երկարաբեղիկներ
Տեսակ Առաջավորասիական մաբույա
Լատիներեն անվանում
Trachylepis septemtaeniata


Առաջավորասիական մաբույա (լատին․՝ Trachylepis septemtaeniata), սցինկների ընտանիքին պատկանող սողուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Սաուդյան Արաբիայի հյուսիսարևելքում, Հարավային Իրանում, Իրաքում, Բախրեյնում, Հյուսիսային Օմանում, Էրիտրեայում, Թուրքմենստանում, Անդրկովկասում։ Արեալի հյուսիսային սահմանն անցնում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենիայի հարավով։ Հայաստանում հայտնի է Երևան, Եղեգնաձոր, Արարատ և Մեղրի քաղաքներից, Արենի, Ագարակ, Լեհվազ, Վեդի, Աստազուր, Ասնի գյուղերից, Ջրվեժի շրջակայքից, ինչպես նաև Ուրծի լեռնաշղթայից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է լեռների և նախալեռների նոսր, չորասեր բուսականությամբ ծածկված քիչ թե շատ թեք լանջերին՝ ծովի մակարդակից 500-1400 մ բարձրության վրա։ Բիոտոպերին բնորոշ են կիրճերի քարքարոտ լանջերի վրա գտնվող մայրական ապարների ելքերը, մեծ քարերի կույտերը, տեղ-տեղ հանդիպում են նաև այգիներում, լքված և կիսաքանդված շինություններում։ Որպես թաքստոցներ օգտագործում են ժայռերի ճեղքերը, քարերի տակի դատարկությունները, հազվադեպ` կրծողների բները։ Դուրս են գալիս մարտի վերջին, սնվում են տարբեր անողնաշար կենդանիներով, զուգավորումը դիտվում է մայիսի սկզբին և կեսերին։ Հուլիսի սկզբին էգը ծնում է 3-8 ձագ[1]։

Պահպանություն խմբագրել

ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը և խտությունը անհավասարաչափ է և տարեցտարի ենթարկվում է զգալի տատանումների։ Առավել բազմաքանակ են հարավի պոպուլյացիաները (քաղաք Մեղրու, Ագարակ ու Նռնաձոր գյուղերի շրջակայք)։ Այստեղ թվաքանակը կայուն է և քիչ է ենթարկվում տատանումների ավելի մեղմ ձմեռվա շնորհիվ։

Հայաստանում թվաքանակը խիստ կրճատված է, որոշ վայրերում դարձել է շատ հազվադեպ, իսկ Արարատի հարթավայրում տեսակը գործնականում անհետացել է[1]։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում գյուղատնտեսության նպատակներով ապրելավայրերի յուրացումը և լանդշաֆտների ձևափոխումը, նախալեռնային գոտում` գերարածեցումը, աղբյուրների հոսքային ռեժիմի փոփոխումը, որը բերում է բնական բիոտոպերի ձևափոխման։ Որսն անօրինական է[1]։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում։ Անհրաժեշտ է ուժեղացնել անօրինական որսի վերահսկողությունը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.