Անտոն Չեխովի հուշարձան (Տագանրոգ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտոն Չեխովի հուշարձան (այլ կիրառումներ)

Անտոն Չեխովի հուշարձան (ռուս.՝ Памятник А. П. Чехову), ռուս գրող Անտոն Չեխովի հուշարձանը Տագանրոգի Կարմիր (նախկին՝ Ալեքսանդրովյան) հրապարակի տարածքում։ Քանդակագործն է Իուլիան Ռուկավիշնիկովը։ Տեղադրվել է 1960 թվականին՝ Չեխովի անվան պուրակում[1]։

Անտոն Չեխովի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և քանդակ
ՔանդակագործԻուլիան Ռուկավիշնիկով
Ստեղծումհունվարի 29, 1960
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՏագանրոգ և Կարմիր հրապարակ (Տագանրոգ)
Շինության ձևհուշարձան
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Anton Pavlovich Chekhov in Taganrog Վիքիպահեստում

Հուշարձան խմբագրել

 
Ռուսաստանի նախագահը հուշարձանի մոտ Չեխովի ծննդյան 150-ամյակի տոնակատարության ժամանակ, 2010

Քանդակի հեղինակը՝ Իուլիան Ռուկավիշնիկովը, եղել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ՌՍՖՍՀ ժողովրդական նկարիչ, Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր, իսկ հուշարձանի պատվանդանը պատրաստել է քանդակագործ Գրիգորի Զախարովը[1]։ Քանդակի բարձրությունը 3 մետր է, պատվանդանինը`3 մետր 15 սմ։ Պատկերաքանդակը ձուլվել է Լենինգրադի «Монументскульптура» գործարանում[1]։ Պատվանդանի գրանիտե սալաքարերը ուղարկել է Միտիշչիի գործարանը[1]։

Հուշարձանի գեղարվեստական լուծումն իր ժամանակին առանձնանում է գրողի կերպարի պատկերման որոշակի համարձակությամբ. Անտոն Չեխովը պատկերված է երիտասարդ տարիքում, քարի վրա նստած, գիրքը ձեռքին, դեմքով դեպի այն փողոցը, որտեղ ծնվել է։ ՌԽՖՍՀ նախարարների Խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի № 624 որոշմամբ Անտոն Չեխովի հուշարձանին շնորհվել է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ։

Ստեղծման պատմություն խմբագրել

Անտոն Չեխովի հուշարձանի ստեղծման գաղափարն առաջացել է դեռևս ցարական Ռուսաստանում, երբ 1904 թվականի հուլիսին Տագանրոգի մի խումբ բնակիչներ խնդրանքով դիմեցին քաղաքային դումա՝ պահանջելով միջոցներ հավաքագրել իրենց նշանավոր հայրենակցի հուշարձանի կառուցման համար։ Հենց այդ ժամանակ էլ սկսվեց առաջին նվիրատվությունների հավաքագրումը։

Տագանրոգում Անտոն Չեխովի հուշարձանի կառուցման որոշումը կայացվեց 1910 թվականի հունիսի 18-ին։ Նույն թվականին ստացվեց Բարձրյալի թույլտվությունը հուշարձանի կառուցման նպատակով միջոցների հավաքագրման համառուսական բաժանորդագրություն սկսելու վերաբերյալ, ստեղծվեց նվիրատվությունների հավաքագրման և հուշարձանի նախագծման կոմիտե։ Կոմիտեի կազմում ընդգրկվեցին Միխայիլ Անդրեև-Տուրկինը, Ի. Յա. Շամկովիչը, Ա. Բ. Տարախովսկին, Վ. Մ. Չեխովը և ուրիշներ[2]։

Ճարտարապետ Ֆեոդոր Շեխտելն ընտրվեց կոմիտեի պատվավոր անդամ։ Կոմիտեի անդամները կոչով դիմեցին ռուսական հասարակությանը «համակրանքով արձագանքել նախաձեռնած գործին։ Կոմիտեն խնդրում էր բոլորին, ովքեր սիրում են հայրենի գրականությունը, օգնության ձեռք մեկնել <…> Չեխովի հուշարձանի ստեղծմանը՝ դրանով պատասխանելով ողջ Ռուսաստանի ցանկությանը»։ Հանգանակության թերթիկները տպագրվել էին Տագանրոգի Ա. Բ. Տարախովսկու տպարանում, որոնցում նշվել էին բոլոր նվիրատուների ազգանունները և նրանցից յուրաքանչյուրի կողմից մուծված գումարների չափը։ Նվիրատուների անունները նախատեսվում էր հրապարակել տեղական թերթերում։ Տագանրոգցիների խնդրանքին արձագանքեցին Ռուսաստանի շատ քաղաքներում։ Այսպես օրինակ, հուշարձանի ստեղծման հիմնադրամին էր փոխանցվել բանաստեղծ Կ. Բալմոնտի կողմից Տագանրոգի Հանրային ժողովի դահլիճում կարդացած «Պոեզիան որպես կախարդանք» դասախոսությունից գոյացած ողջ գումարը։ Այնուամենայնիվ ցարական Ռուսաստանում այդպես էլ Չեխովի հուշարձանը չտեղադրվեց, այդ գաղափարի իրականացմանը խանգարեցին սկզբում Առաջին համաշխարհային, այնուհետև՝ Քաղաքացիական պատերազմները։

1920 թվականի հունվարի 1-ի դրությամբ այդ նպատակի համար հավաքվել էր 8822 ռուբլի 60 կոպեկ գումար։ Սակայն, մինչև 30-ական թվականների կեսերը հուշարձանի մասին չէին հիշում։ Եվ միայն 1934 թվականի հուլիսին՝ Չեխովի մահվան 30 ամյակին նվիրված քաղաքային գրական երեկոյի ընթացքում նորից հայտարարեցին Տագանրոգում Անտոն Չեխովի 75-ամյակի առթիվ հուշարձան կառուցելու մասին[2]։

1935 թվականի հունվարին «կենտրոնական կազմակերպությունների որոշմամբ Չեխովի տարեդարձը նշելու հասարակական-մշակութային միջոցառումները» հետաձգվեցին՝ մայիսին «կենտրոնանալով Տագանրոգի վրա»։ Տոնական միջոցառումների ժամանակ նախատեսվում էր դնել Չեխովի հուշարձանի հիմքերը։ Ռուս խորհրդային քանդակագործ Ն. Ա. Անդրեևի հուշարձանի նախագիծը ցուցադրվում էր քաղաքի գավառագիտական թանգարանում։ Մայիսի 31-ին Չեխովի անվան պուրակում կայացավ հուշարձանի հանդիսավոր հիմնարկեքը։ Հուշարձանի հիմքում առաջին աղյուսը դրեց գրողի քույրը Մարիա Չեխովան։ Սակայն երեսնական թվականներին հուշարձանն այդպես էլ չտեղադրվեց։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Չեխովի մահվան 40-ամյակի կապակցությամբ ԽՍՀՄ Ժողկոմխորը որոշում կայացրեց Մոսկվայում և Տագանրոգում Չեխովի հուշարձանի կառուցման վերաբերյալ։ 1944 թվականի հուլիսի 15-ին ազատագրված Տագանրոգի Չեխովյան պուրակում տեղադրվեց գրողի բրոնզե կիսանդրին, որը ձուլվել էր «Կրասնի կոտելշչիկ» գործարանում[1]։

Այս կիսանդրին համարվում է քանդակագործ Վերա Մորոզովայի պատրաստած գիպսե կիսանդրու պատճենը, որը տեղադրվել էր 1935 թվականին «Չեխովի տնակ» թանգարանի բակում[3]։ Բրոնզե կիսանդրին Կարմիր հրապարակում մնաց մինչև 1960 թվականը, երբ նրա տեղում կանգնեցվեց Իուլիան Ռուկավիշնիկովի պատրաստած հուշարձանը[1]։ Նորից հայտարարվեց մրցույթ Չեխովի հուշարձանի նախագծի ստեղծման համար։ Այս մրցույթի արդյունքները չհրապարակվեցին։ Հաջորդ մրցույթը ԽՍՀՄ մշակույթի նախարարության կողմից անցկացվեց 1955-1956 թվականներին։ Սակայն այս մրցույթն էլ անցավ անարդյունք։ Երեք տարի անց Մոսկվայում հայտարարվեց նոր մրցույթ։ Ժյուրիի դատին ներկայացվեց ավելի քան 30 աշխատանք։ Մոնումենտալ քանդակի Գեղարվեստական խորհուրդը ուսումնասիրելով բոլոր ներկայացված աշխատանքները՝ առանձնացրեց չորս լավագույնը, ինչպես նաև առաջարկեց երկու նախագիծ Տագանրոգի համար, որ ներկայացրել էին երիտասարդ տաղանդավոր քանդակագործներ Իուլիան Ռուկավիշնիկովը և Ֆ. Դ. Ֆիվեյսկին։

Մարտի 20-ից մինչև 30-ը Տագանրոգի գավառագիտական թանգարանում ընդհանուր քննարկման համար ցուցադրության ներկայացվեց չորս լավագույն նախագծերը։ Ցուցադրության այցելուները իրենց դիտողություններն ու ցանկությունները թողեցին առաջարկությունների գրքում։ Տագանրոգի բնակիչների մեծ մասը դրական կարծիք հայտնեցին քանդակագործներ Իուլիան Ռուկավիշնիկովի և Գ. Ա. Զախարովի նախագծի օգտին։ Հուշարձանը որոշվեց տեղադրել Չեխովի ծննդյան 100-ամյակի տոնակատարության ընթացքում, նրա անվան պուրակում։

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1960 թվականի հունվարի 29-ին, որին մասնակցում էին Տագանրոգի հասարակությունը և հուշարձանի հեղինակ քանդակագործ Իուլիան Ռուկավիշնիկովը[4][5]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Киричек М. С. Чехову памятник (Красная площадь) // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 795. ց ISBN 978-5-88040-064-5.
  2. 2,0 2,1 «ЧЕХОВСКИЕ МЕСТА В ТАГАНРОГЕ». tgliamz.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  3. Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 47. — ISBN 978-5-9901455-3-5.
  4. Фоминых Н. К вопросу о памятнике Чехову // Вехи Таганрога. — 2004. — № 20.
  5. Шапочка Е. Он сблизил время и людей // Новый таганрогский курьер. — 2018. — 29 янв. — С. 4.

Արտաքին հղումներ խմբագրել