Անշարժացում

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Անշարժացում (լատին․՝ immobilis), վնասված (հիվանդ) օրգանի համար հանգիստ պահանջող վնասվածքների, բորբոքային և այլ ծանր հիվանդագին գործընթացների ժամանակ վերջույթի կամ մարմնի տարբեր մասերի անշարժության ապահովումը։ Տարբերում են տրանսպորտային (ժամանակավոր) և բուժական (մշտական) անշարժացում։

Բուժական անշարժացումը, որպես կանոն, իրականացնում է բժիշկը, երբեմն՝ բուժակը, առավել հաճախ՝ գիպսակապով։

Տրանսպորտային անշարժացում խմբագրել

Տրանսպորտային անշարժացումը կոտրվածքների և այլ ծանր հիվանդությունների ժամանակ առաջին օգնության կարևորագույն միջոցառում է։

Տրանսպորտային անշարժացումն իրականացնում են դեպքի վայրում, դրա նպատակը տուժածին բուժհիմնարկ տեղափոխելիս մարմնի վնասված մասի կրկնակի վնասման կանխումն է։ Բուժհիմնարկում անհրաժեշտության դեպքում ժամանակավոր անշարժացումը փոխարինում են մշտականով։ Հատկապես կոտրվածք ունեցող տուժածներին առանց անշարժացման չի թույլատրվում տեղափոխել կամ տրանսպորտով փոխադրել թեկուզ կարճ տարածություն։

Տրանսպորտային անբավարար անշարժացումը կարող է մեծացնել ոսկրային բեկորների տեղաշարժումը և ոսկրերի սուր բեկորներով վնասել նյարդացողուններն ու խոշոր արյունատար անոթները։ Փափուկ հյուսվածքների ծավալուն վերքերի, ինչպես նաև բաց կոտրվածքների ժամանակ տրանսպորտային անշարժացումը կանխում է վարակի արագ տարածումը, ջերմային ծանր այրվածքների (հատկապես վերջույթների) ժամանակ նպաստում այրվածքային հիվանդության համեմատաբար թեթև ընթացքին։

Տրանսպորտային անշարժացումը վնասվածքային շոկի կանխարգելման հիմնական միջոցառումներից է։

Տրանսպորտային անշարժացման ձևեր խմբագրել

Դեպքի վայրում, ժամանակավոր անշարժացման նպատակով, օգտագործում են առավելապես մետաղաձողից և տարբեր պինդ նյութերից կիսախողովակի ձևով պատրաստած բեկակալներ, որոնք կապվում են մարմնի վնասված մասին։ Բեկակալ դնելը վերջույթների տրանսպորտային անշարժացմանման հիմնական ձևն է։

Պատրաստի տրանսպորտային բեկակալներն ըստ կառուցվածքի լինում են բարդ և հասարակ՝ մետաղալարերից կամ նրբատախտակից պատրաստված, իսկ գործարանային բեկակալներն օգտագործվում են բացառապես բուժաշխատողների (շտապ բժշկական օգնության անձնակազմը և այլք) կողմից։ Մնացած դեպքերում պետք է լինում օգտագործել հանպատրաստից սարքած բեկակալներ (նրբատախտակի ձողից, պինդ ստվարաթղթից, տախտակի բարակ կտորներից, գավազանից, ճիպոտների խրձից)։ Հարմար միջոցների բացակայության դեպքում վնասված ձեռքը գլխաշորով կամ հագուստի ծայրով ամրացնում են մարմնին, իսկ վնասված ոտքը՝ կապում առողջին։ Բինտի փոխարեն կարելի է օգտագործել սրբիչ, որևէ գործվածք։

Տրանսպորտային անշարժացում կատարում են որքան հնարավոր է արագ բեկակալը, որպես կանոն, դնում են հագուստի և կոշիկի վրայից, քանի որ հագուստը հանելիս տուժածին կարող է լրացուցիչ վնասվածք պատճառել։ Բեկակալը փաթաթում են բամբակով կամ որևէ փափուկ գործվածքով։ Մարմնի մերկացրած մակերևույթին բեկակալ դնելիս, պառկելահարուկներից խուսափելու համար, ոսկրային ցցվածքները (կոճերը, ոսկրաթմբիկները) պետք է պաշտպանել թանզիֆե կամ բամբակե տակդիրով։ Վերքերի առկայության դեպքում սկզբում դրանց վրա պետք է դնել մանրէազերծած վիրակապ (հագուստն այդ հատվածում հարկավոր է կտրել) և դրանից հետո միայն իրականացնել անշարժացում։ Եթե անհրաժեշտություն է առաջանում վերքից արյունահոսությունը դադարեցնող լարան օգտագործել, ապա այն պետք է դնել մինչև բեկակալավորումը։ Այսպիսի դեպքերում վերքի վրա վիրակապ չի դրվում, լարանի տակ դրվում է գրություն, որտեղ նշվում է այն դնելու ժամանակը։

Չի թույլատրվում վերջույթն առանձին բինտերով ամուր ձգել, դա կարող է առաջացնել արյան շրջանառության խանգարում։ Թմրածությունը, «մրջյունների սողալու» զգացումը, մատների կապտությունը վկայում են արյան անոթների ճնշվածության և արյան շրջանառության խանգարման մասին։ Նման դեպքերում ճնշված հատվածներում բինտը պետք է կտրել կամ փոխել, իսկ բեկակալը՝ նորից դնել։ Ցուրտ եղանակին ծայրանդամի սառեցումից կամ ցրտահարությունից խուսափելու համար այն տաք ծածկել։

Առավել տարածված սխալը անշարժացում չապահովող կարճ բեկակալի օգտագործումն է բեկակալը պետք է ընդգրկի այն 2 հոդերը, որոնց միջև ոսկրը կոտրվել է։ Բեկակալը վնասված ծայրանդամին թույլ դնելիս կոտրվածքի տեղը չի ամրանում, տեղախախտվում է՝ առաջացնելով լրացուցիչ վնասվածք։

Գլխի և պարանոցի տրանսպորտային անշարժացում խմբագրել

Գլխի և պարանոցի տրանսպորտային անշարժացում ցուցված է գանգի բոլոր վնասվածքների, գլխուղեղի ծանր ցնցումների, պարանոցային ողների կոտրվածքների և փափուկ հյուսվածքների տարածուն վնասվածքների ժամանակ։

Ստորին ծնոտն անշարժացնում են բամբակով փաթաթած ամուր առարկայի օգնությամբ, որը տեղավորում են կզակի տակ և բինտով ամրացնում գլխին, նպատակահարմար է դնել պարսետաձև կապ։ Պարանոցի անշարժացման համար օգտագործում են ստվարաթղթե կամ բամբակաթանզիֆային օձիք։

Վերջույթների տրանսպորտային անշարժացում խմբագրել

Վերին վերջույթի վնասման ժամանակ կարելի է այն գլխաշորով կախ տալ կամ կապել մարմնին։ Բազկոսկրը կոտրվելիս բեկակալը դնում են ձեռնաթաթից մինչև հակառակ կողմի թիակը, իսկ արմնկային հոդն ամրացնում են ծալած (մինչև 90 °C) վիճակում, որը հեշտությամբ է հաջողվում մետաղալարե պատրաստի բեկակալի օգնությամբ, քանի որ այն կարելի է համապատասխան ձևով ծռել։ Ձեռքի տակ եղած նյութերից ծալվում է միայն ստվարաթուղթը, բայց այն բավականաչափ ամուր չէ, և երկար ստվարաթղթե բեկակալը ծալած արմնկային հոդը թույլ է ամրացնում։ Ուստի պատրաստի մետաղալարե բեկակալի բացակայության դեպքում ավելի լավ է օգտագործել հանպատրաստից սարքած 2 բեկակալ. մեկը՝ թիակից մինչև արմունկը, մյուսը՝ արմունկից մինչև մատները, որից հետո, վերջույթը ծալելով արմնկային հոդում, ամրացնել գլխաշորով։

Նախաբազկի վնասվածքի դեպքում բեկակալը դնում են մատներից մինչև արմնկային հոդը կամ բազկի մեջտեղը։ Եթե ձեռքի պատրաստած կամ պատրաստի բեկակալ չկա, ձեռքը ծալում են արմնկային հոդում, ափով շրջում դեպի որովայնը և բինտով կապում մարմնին, իսկ բինտի բացակայության դեպքում գլխաշորով կամ հագուստի փեշով կախ տալիս։

Ձեռնաթաթի անշարժացման անհրաժեշտության դեպքում ափի մեջ դնում են պինդ փաթաթած բամբակաթանզիֆային գլանաբարձիկ կամ փոքրիկ գնդակ և նախաբազուկն ու ձեռնաթաթն ամրացնում բեկակալներին։

Ողնաշարի և կոնքի տրանսպորտային անշարժացման ժամանակ տուժածին պառկեցնում են որևէ կոշտ մակերևույթի վրա։ Ազդրի կոտրվածքների դեպքում ստեղծում են ամբողջ վերջույթի անշարժություն (կոնքազդրային, ծնկային և սրունքաթաթային հոդերում)։ Առավել հուսալի անշարժացում ապահովվում է 2 բեկակալի օգնությամբ. երկար՝ անութային փոսերից մինչև դրսային կոճը, և կարճ՝ շեքից մինչև ներսային կոճը։ Ոտնաթաթը հարմարեցնում են 90 °C անկյան տակ։ Սրունքի և ոտնաթաթի վնասվածքների ժամանակ անշարժություն են ստեղծում սրունքաթաթային և ծնկային հոդերում։ Եթե ոտքի անշարժացման ոչ մի միջոց չկա, կարելի է վնասված վերջույթը կապել առողջին. վերջինս բեկակալի դեր է կատարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 429