Գիպսակապ
Գիպսակապ, արագ կարծրացող վիրակապ, օգտագործվում է հենաշարժական ապարատի վնասվածքների և հիվանդությունների ժամանակ՝ անշարժացման ու բուժման նպատակով։ Գիպսակապ դնելու համար օգտագործում են գիպսով ներծծված բինտի կամ մառլայի վիրակապեր, որոնք ընկղմելով ջրի մեջ, քամում են և դնում կամ անմիջապես հիվանդի մարմնի համապատասխան հատվածին, կամ էլ մեկ շերտ գորշ բամբակի փռոցքի վրա։ Օգտագործվում է շրջանաձև վիրակապերի, գիպսային բեկակալների (շինա, լոնգետ) ձևով, ոսկրերի փակ և բաց կոտրվածքների, հոդերի վնասումների, ոսկրա-հոդային տուբերկուլոզի, ծայրանդամների ձևախախտումների բուժման ժամանակ, հենաշարժական ապարատի զանազան վիրահատությունների, ծայրանդամների տարածուն վերքերի, խոցերի դեպքերում և այլն։ Գիպսակապից երբեմն խախտվում է ծայրանդամի արյան շրջանառությունը, որի դեպքում գիպսակապը անմիջապես կտրում, հանում են։ Սահմանափակ ճնշումների դեպքում, պառկելահարուկներից խուսափելու համար, Գիպսակապի ճնշող մասերում բացում են պատուհաններ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Kelly%27s_cast.jpg/220px-Kelly%27s_cast.jpg)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 74)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիպսակապ» հոդվածին։ |