Աննա Վոլկովա

Նացիստական Գերմանիայի օգտին լրտեսության համար դատապարտված ռուս սպիտակ էմիգրանտ

Աննա Նիկոլաևնա Վոլկովա (ռուս.՝ Анна Николаевна Волкова, 1902[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 2, 1973(1973-08-02), Իսպանիա, նաև Աննա դե Վոլկոֆֆ), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիայի օգտին լրտեսության համար դատապարտված ռուս սպիտակ էմիգրանտ (հավաքագրել է Լոնդոնում ամերիկյան դեսպանատան ծածկագրող Թայլեր Քենտին)։ Եղել է Աջ ակումբի քարտուղար, հանդես է եկել Մեծ Բրիտանիայի Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցության դեմ։

Աննա Վոլկովա
1902[1] - օգոստոսի 2, 1973(1973-08-02)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԻսպանիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Բրիտանական կայսրություն
ԶորատեսակՀետախուզություն
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Աննա Վոլկովան Լոնդոնում Ռուսական կայսրության վերջին ռազմածովային կցորդ, փոխծովակալ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Վոլկովի (1870-1954) և Վերա Նիկոլաևնա Վոլկովայի (ծննդյամբ Սկալոն) ավագ դուստրն է, Ա. Ն. Վոլկով-Մուրոմցևի թոռը։ Հեղափոխությունից հետո նրա ընտանիքը որոշել է մնալ Անգլիայում, իսկ 1935 թվականի սեպտեմբերի 10-ին՝ հպատակություն ընդունելուց հետո, նրանք բոլորը դարձել են բրիտանական հպատակներ։ 1923 թվականից ի վեր Վոլկովայի ընտանիքը պահպանել է «Ռուսական թեյարան»-ը Հարավային Քենսինգտոնում՝ Հարրինգտոն–Ռոուդ 50 հասցեում` Բնագիտական թանգարանի մոտակայքում, որը նախկինում համարվել է սպիտակ գաղթականների հավաքատեղի[2]։

Աննան և նրա հայրը ծայրահեղ աջակողմյան հայացքներ են ունեցել և համակրել են Գերմանիայի նացիստական ռեժիմին։ Աննան 1930-ականների ընթացքում մի քանի անգամ այցելել է այդ երկիր և, ըստ իր հայտարարությունների, հանդիպել էր Հանս Ֆրանկի և Ռուդոլֆ Հեսի հետ։ Նրա ճանապարհորդությունները առաջացրել են MI5-ի հետաքրքրությունը, ինչի արդյունքում 1935 թվականից Աննան հայտնվել է գաղտնի հսկողության ներքո՝ որպես ենթադրյալ գերմանացի լրտես։ Հաստատվել է, որ նա կապված է եղել Ուոլլիս Սիմփսոնի հետ, որպես նրա նորաձևության սրահի հաճախորդ, որը նույնպես կասկածվել է գերմանացիների օգտին աշխատելու մեջ[3]։

Աջ ակումբ խմբագրել

Վոլկովան ընդգրկված է եղել Աջ ակումբում, որը հանդիսացել է Մեծ Բրիտանիայի հակասեմական և հակապատերազմական բազմաթիվ շարժումներից մեկը, որի անդամների թվաքանակը կազմել է շուրջ 350 մարդ[4]։ Ակումբի հիմնադիրը կապիտան Արչիբալդ Մոլ Ռամսեյն էր՝ բրիտանացի պատգամավոր, որը բազմիցս հերքել էր իր կողմից նացիզմին աջակցելու մեղադրանքները՝ ասելով, որ իրեն քննադատողները շփոթում են հակասեմիտիզմն ու նացիզմը[5]։ Ակումբի անդամների թվում են եղել Ուիլյամ Ջոյսը (նա ընդունվել է 1939 թվականի հուլիսի 1-ին, բայց մեկ ամիս անց մեկնել է Գերմանիա և սկսել աշխատել ռադիոյում որպես քարոզիչ), Ա. Կ. Չեստերտոնը («Նոր անհաջող լորդերը» գրքի հեղինակ)[6], Ֆրենսիս Իեյթս-Բրաունը («Բենգալյան ուլանի գործերը և օրերը» գրքի հեղինակ), ծովակալ Ուիլմոթ Նիկոլսոնը և նրա կինը՝ Քրիստաբելը (մեղադրվել է նացիստների հետ համագործակցության մեջ, 4 տարի անցկացրել է Հոլլոուեյի բանտում և արդարացվել)[7] և Վելլինգտոնի 5-րդ դուքս Արթուր Ուելսլին[8]։ Նրանք հաճախ հավաքույթներ են անցկացրել «Ռուսական թեյարանում»։ Իր «Անանուն պատերազմը» ինքնակենսագրականում Ռամսեյը գրում է.

  Աջ ակումբի հիմնական նպատակը կազմակերպական հրեական գործունեությանը հակազդելն ու բացահայտելն էր, 1938 թվականին իրեն հասած ապացույցների լույսի ներքո։ Մեր առաջին խնդիրն էր Պահպանողական կուսակցությունը մաքրել հրեական ազդեցությունից, մեր անդամության և հանդիպումների բնույթը խստորեն համապատասխանեցնելով այդ նպատակին[9]։  

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խմբագրել

1939 թվականի սեպտեմբերին` պատերազմի սկսվելուց հետո, Աջ ակումբը պաշտոնապես լուծարվել է[10], բայց նրա անդամներից շատերն անցել են ընդհատակ և մտադիր են եղել օժանդակել Գերմանիայի հաղթանակին։ Վոլկովան, օգտագործելով Իտալիայի դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Ֆրանչեսկո Մարիլյանոյի օգնական դուքս դել Մոնտեին, տեղեկատվություններ է ուղարկել Բեռլին, այդ թվում՝ Ջոյսի քարոզչական ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ։ Այնուամենայնիվ, Վոլկովան չգիտեր, որ Աջ ակումբում գործել են MI5 գործակալներ Մարջորի Մեկկին, Էլեն դե Մունկեն (բելգիական մեդիում) և Ջոան Միլլերը («Միսս Բ» կեղծանունով երիտասարդ գործակալ, որը ժամանակին աշխատել է Էլիզաբեթ Արդենի գրասենյակում)։ Շնորհիվ այս երեք կանանց, որոնց ղեկավարել է MI5 B (5) b բաժնի ղեկավար Մաքսվել Նայթը, բրիտանացիները լիովին տեղյակ են եղել ակումբի գործերից և կարող էին ազդել նրա գործունեության վրա։

1940 թվականի փետրվարին Վոլկովան ծանոթացել է ԱՄՆ-ի դեսպանատան ծածկագրող Թայլեր Քենթին, որը կիսում էր Վոլկովայի համոզմունքները։ Նա հաճախ է այցելել Աջ ակումբ, իսկ ավելի ուշ Վոլկովային և Ռեմսեին ցույց տվել դեսպանությունից գողացված որոշ փաստաթղթեր, որոնցից ամենակարևորը Ուինսթոն Չերչիլի և Ֆրանկլին Ռուզվելտի նամակագրությունն է եղել[11]։ 1940 թվականի ապրիլի 13-ին Վոլկովան գնացել է Կենտի բնակարան որոշ փաստաթղթեր վերցնելու համար, ինչպես ավելի ուշ պարզվել է դրանք լուսանկարելու նպատակով։ Չնայած պնդումներին, որ նա կրկօրինակներ է ուղարկել Բեռլին, դա ապացուցել չի հաջողվել։ Նրա լրտեսական գործունեությունը դադարեցվել է Էլեն դե Մունկի խնդրանքով Իտալիայի դեսպանատան կապավորի միջոցով Ուիլյամ Ջոյսին գաղտնագրված նամակ փոխանցելուց հետո։ Նա համաձայնվել է, բայց նախ նամակը ցույց է տվել Մաքսվել Նայթին[12]։

Ձերբակալում և դատավարություն խմբագրել

Աննա Վոլկովան և Թայլեր Քենտը ձերբակալվեցին 1940 թվականի մայիսի 20-ին՝ Պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու համար[13]։ Նրա ձերբակալության պատահական ականատեսն է դարձել 11-ամյա Լեն Դեյտոնը՝ ապագա լրտեսական վեպերի հեղինակը։

Աննան հարցաքննվել է Օլդ Բեյլի դատարանում սըր Ուիլյամ Ջովիտի կողմից։ 1940 թվականի նոյեմբերի 7-ին Վոլկովան մեղավոր է ճանաչվել մեղադրանքի բոլոր կետերով և դատապարտվել 10 տարվա ազատազրկման «թշնամուն օգնելու փորձ կատարելու համար», ևս 5 տարի նախատեսված է եղել այլ հոդվածներով, բայց այդ պատիժը կասեցվել է ավելի մեծ պատժով։ Քենտը, որպես Ամերիկայի քաղաքացի, դատապարտվել է ընդամենը 7 տարի. պատժի երկու երրորդը Ուայթ կղզու բանտում կրելուց հետո` 1945 թվականի դեկտեմբերին արտաքսվել է Միացյալ Նահանգներ։ Վոլկովայի հպատակագրման վկայականը չեղյալ է համարվել 1943 թվականի օգոստոսի 17-ին[14]։

Ազատ արձակում և մահ խմբագրել

Բանտից ազատ է արձակվել 1947 թվականին։ Աշխատել է որպես դերձակուհի Ֆելիքս Հոուպ-Նիկոլսոնի մոտ[15]։ Ավտովթարի է ենթարկվել Իսպանիայում` 1973 թվականի օգոստոսի 2-ին. մեքենան վարել է Էնիդ Ռիդելը (1903-1980), որը նույնպես համակրել է ֆաշիզմին և եղել է Աջ ակումբի անդամ[16]։

Գրականություն խմբագրել

Ռուսերեն խմբագրել

  • Норман Полмар, Томас Аллен Энциклопедия шпионажа. — М.: Крон-Пресс, 1999.
  • Дамаскин И.А. 100 великих разведчиков / ред. И. Никифорова. — Вече, 2001. — 528 с. — (100 великих). — 12 500 экз. — ISBN 5-7838-0961-6

Անգլերեն խմբագրել

  • Archibald Maule Ramsay. The Nameless War. A History of the Events leading up to the Second World War. — Augustine Publishing, 1969. — ISBN 978-0-85172-068-5.
  • Bryan Clough. State Secrets: The Kent-Wolkoff Affair. — East Sussex: Hideaway Publications Ltd., 2005. — ISBN 0-9525477-3-2. Архивная копия от 28 июля 2013 на Wayback Machine
  • Anthony Masters. The Man Who Was M — The life of Maxwell Knight. — Grafton Books, 1986. — ISBN 0-586-06867-8.
  • Joan Miller. One Girl’s War: Personal Exploits in MI5’s Most Secret Station. — Ireland, 1986.
  • Paul Willetts. Rendezvous at the Russian Tea Rooms. — Constable, 2015.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Faceted Application of Subject Terminology
  2. Admiral Wolkoff's file in The National Archives (KV 2/2258)
  3. Sukhdev, Sandhu (2015 թ․ հոկտեմբերի 18). «Rendezvous at the Russian Tea Rooms: The Spyhunter, the Fashion Designer and the Man from Moscow by Paul Willetts – review: A tale of Nazi spies among London's elite has all the colour of a first-class thriller». The Observer. The Guardian. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.
  4. Griffiths, Richard, Fellow Travellers of the Right, Constable, London, 1980, p.353-5, 0-09-463460-2 also citing Archibald Ramsay as saying "our hope was to avert war"
  5. Hansard, 9 May 1940.
  6. Chesterton, A.K.,The New Unhappy Lords, London, July 1965, reprinted in 1979 in U.S.A., Library of Congress Card no.67-24083
  7. Ramsay, p.78.
  8. Griffiths, p.355.
  9. Ramsay, Archibald Henry Maule. The Nameless War. A History of the Events leading up to the Second World War, 1952, ASIN B0017GYOE4; paperback: Augustine Publishing, 1969, 978-0-85172-068-5
  10. Griffiths, p.369.
  11. Griffiths, p.370
  12. Griffiths, p.370.
  13. Griffiths, p.370, states that the offences were against Defence Regulations.
  14. Parliament of the United Kingdom Parliamentary papers, House of Commons and Command. — London: Her Majesty's Stationery Office, 1943. — Т. 8. — С. 109.
  15. Conspirator: The Untold Story of Tyler Kent, Ray Bearse, Knopf Doubleday Publishing Group, 1991, pg 272
  16. «Corrections to State Secrets: The Kent-Wolkoff Affair ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Վոլկովա» հոդվածին։