Աննա Ռոգստադ

նորվեգացի քաղաքական գործիչ

Աննա Գեորգինա Ռոգստադ կամ Աննա Գեորգինե Ռոգսթադ (նորվ.՝ Anna Georgine Rogstad, հուլիսի 26, 1854(1854-07-26)[1][2], Fluberg, Սյոնրե Լան, Օպլանդ, Նորվեգիա - նոյեմբերի 8, 1938(1938-11-08)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի մանկավարժ, կանանց իրավունքների պաշտպանության շարժման ակտիվիստ և Ազատ մտածող ազատական կուսակցության անդամ։ Նա եղել է Նորվեգիայի խորհրդարանի առաջին կին անդամը։ Մասնագիտությամբ ուսուցիչ լինելով` Ռոգստադը խորապես ներգրավված է եղել Նորվեգիայի կրթական քաղաքականության մեջ։ Նա պայքարել է կանանց իրավունքների պաշտպանության համար, մասնավորապես նրանց ընտրելու իրավունքի։ 1911 թվականին նա եղել է Նորվեգիայի Պանողական կուսակցության նախագահ Յենս Բրատլիեի (անգլ.՝ Jens Bratlie) տեղակալ, իսկ 1912 թվականին Բրատլիեն Նորվեգիայի վարչապետ դառնալուց հետո նրան նշանակել է իր տեղակալ։

Աննա Ռոգստադ
 
Կուսակցություն՝ Լիբերալ կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, Դասղեկ, ոչ գեղարվեստական գրող և սուֆրաժիստ
Ծննդյան օր հուլիսի 26, 1854(1854-07-26)[1][2]
Ծննդավայր Fluberg, Սյոնրե Լան, Օպլանդ, Նորվեգիա
Վախճանի օր նոյեմբերի 8, 1938(1938-11-08)[1] (84 տարեկան)
Վախճանի վայր Օսլո, Նորվեգիա
Թաղված Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն
Քաղաքացիություն  Նորվեգիա
 
Պարգևներ

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Աննա Ռոգստադը ծնվել է Նուրե Լան կոմունայում փաստաբան Օլե Ռոգթադի (1805-1876) և Աննե Կատրին Մյոլլերի (1807-1889) ընտանիքում, 1854 թվականին։ Ծնողները երկուսն էլ Կոնքսբերգ քաղաքից (Բուսքերուդ ֆյուլքե) էին[3]։ 1873 թվականին Աննան սկսել է դասավանդել Թրոնհեյմի տարրական դպրոցում։ Չորս տարի անց նա տեղափոխվել է Քրիստիանիա (ներկայումս՝ Օսլո), որտեղ աշխատել է տարբեր վայրերում, նախքան Գրյուներլոկայում բնակություն հաստատելը, որտեղ ապրել է հաջորդ 30 տարիներին[4]։

Քրիստիանայում բնակվելով՝ Ռոգստադը զբաղվել է կանանց կրթության հարցերով և աշխատել է աղջիկների կրթության կատարելագործման ուղղությամբ։ 1889 թվականին նա դարձել է Քրիստիանայի ուսուցչուհիների կազմակերպության նախագահ, որը հասարակական ակումբից վերածվել է արհմիության։ Սկզբում Ռոգստադը հանդես է եկել կանանց առանձին մանկավարժական ակադեմիա ստեղծելու օգտին, բայց 1880-ական թվականներին նա փոխել է իր դիրքորոշումը՝ տղամարդկանց մանակավարժական ակադեմիայում կանանց ընդունվելու իրավունքի օգտին, ինչն իրականացել է 1890 թվականին։ Նա նաև ակտիվորեն աշխատել է Նորվեգիայի ուսուցիչների միությունում (նորվ.՝ Utdanningsforbundet), որտեղ 1892 թվականից մինչև 1907 թվականը զբաղացրել է փոխնախագահի պաշտոնը։ 1912 թվականին, երբ ստեղծվել է Ուսուցչուհիների նորվեգական ասոցիացիան, Ռոգստադը զբաղեցրել է նախագահի պաշտոնը և այդ պաշտոնում մնացել մինչև 1919 թվականը։ 1899 թվականին նա բացել է աղջիկների միջնակարգ դպրոց՝ 25 աշակերտուհիների համար, որոնք կամավոր հաճախելու էին երեկոյան դասընթացներին։ Դպրոցը ճանաչվել է և 1909 թվականին դարձել քաղաքային։ Ռոգստադը շարունակել է այդ դպրոցի տնօրենը լինել 1923 թվականին մինչև 69 տարեկանում թոշակի անցնելը[4]։

Աննա Ռոգստադը 1884 թվականին հիմնադրել է Կանանց իրավունքների պաշտպանության նորվեգական ասոցիացիան և 1885 թվականին՝ Կանանց ընտրական իրավունքի պաշտպանության ասոցիացիան։ Նա Կանանց ընտրական իրավունքի ասոցիացիայի փոխնախագահն է եղել 1885-1897 և 1902-1913 թվականներին։ 1894-1916 թվականներին նա Քրիստիանիայի Քաղաքային դպրոցական խորհրդում ներկայացրել է ուսուցչուհիներին։ 1901 թվականին նա քաղաքային խորհրդում Կանանց ընտրական իրավունքի պաշտպանության ասոցիացիայի ներկայացուցչի տեղակալ է ընտրվել, 1907 թվականին ընտրվել է երեք կենտրոնամետ կուսակցություններից կազմված խմբի ներկայացուցիչ քաղաքային խորհրդում և 1910 թվականին Ազատ մտածող ազատական կուսակցությունից՝ քաղաքային խորհրդի ներկայացուցչի տեղակալ[4]։

Խորհրդարանական գործունեություն խմբագրել

Աննա Ռոգստադը եղել է Նորվեգիայի Ազատ մտածող ազատական կուսակցության անդամ։ 1907 թվականի ընտրական բարեփոխումը ընտրական իրավունք է տվել Նորվեգիայի այն կանանց, որոնք կարող էին ցույց տալ տնտեսական բարեկեցության որոշակի մակարդակ։ Թեև համընդհանուր ընտրական իրավունքը մտցվել է միայն 1913 թվականին, այդ բարեփոխումը կանանց նաև թույլ էր տալիս ընտրվել քաղաքական պաշտոններում[5]։ 1911 թվականին Ռոգստադը առաջին կինն էր Նորվեգիայի պատմության մեջ, որը խորհրդարանի անդամ է դարձել՝ որպես Յենս Բրատլիեի տեղակալ[4]։ Այդ իրադարձությունը հասարակական մեծ ուշադրության առարկա է դարձել, և մարդիկ, որոնք չէին կարող տեղավորվել դիտասրահներում, հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ[6]։ Խորհրդարանի նախագահ Մագնուս Հալվորսենը հատուկ դիմումով է հանդես եկել և ասել, որ թեև բարեփոխումների հետ կապված բազում վիճաբանություններ են եղել, ինքը հանոզված է, որ բարեփոխման արդյունքը բարենպաստ կլինի ազգի համար[6]։ Արդեն հինգ օր անց Ռոգստադը իր առաջին ելույթն է ունեցել խորհրդարանում, երբ ռազմական բյուջեի մասին իր տեսակետն էր ներկայացնում, քանի որ համարում էր, որ բոլոր կոնֆլիկտները պետք է լուծվեն արբիտրաժի միջոցով։ Նա մասնակցել է նաև գենդերային հավասարության, կրթության, մշակույթի և ձեռնպահ մնալու մասին բանավեճերին։ Երբ 1912 թվականին Բրատլիեն վարչապետ է դարձել, Ռոգստադը մեկ տարի շարունակ նրա նախկին պաշտոնն է կատարել[4]։

Ռոգստադը զբաղվել է նաև գրականությամբ և դարձել է նորվեգական դպրոցական 15 դասագրքերի հեղինակ։ Դրանցից ամենահայտնին եղել է Այբբենարան դպրոցի և տան համար (նորվ.՝ ABC for skole og hjem) դասագիրքը։ Նա թերթերի և ամսագրերի բազմաթիվ հոդվածների հեղինակ է եղել, որոնք հիմնականում կրթական քաղաքականությանն էին վերաբերում։ Որպես հռետոր՝ նրան նկարագրել են որպես չոր և ոչ առանձնահատուկ գրավիչ, բայց, այնուամենայնիվ, ունկնդրի ուշադրությունը նա գրավել է իր գործնական, լավ հիմնավորված ելույթներով[4]։

Հիշատակ խմբագրել

Ռոգստադը մահացել է 1938 թվականին։ Նա թաղված է Օսլոյում, Փրկչի տաճարի գերեզմանատանը, իսկ հուշակոթողը նվիրաբերել են Նորվեգիայի ուսուցիչները[7]։ Օսլոյի փողոցներից մեկը անվանակոչված է Աննա Ռոգստադի անունով[8]։

Աննա Ռոգստադը 1922 թվականին պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ոսկե մեդալով[9]։

Ընտանիք խմբագրել

Աննա Ռոգստադը երբևէ ամուսնացած չի եղել[3]։

Հրապարակումներ խմբագրել

  • Modersmaals-undervisningen i smaaskolen (1890)
  • Ledetraad for katekismusundervisningen i de to første aar (1891)
  • ABC for skole og hjem (with E. Holst) (1893)
  • De syv skoleaar. Praktisk veiledning for norskundervisningen (1895)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  2. 2,0 2,1 (not translated to no) Stortinget og statsraadet: 1814-1914. B. 1 D. 2 : Biografier L-Ø : samt tillæg (норв.) — 1914. — P. 720.
  3. 3,0 3,1 Grankvist, Rolf. «Anna Rogstad – utdypning (NBL-artikkel)». Norsk Biografisk Leksikon (նորվեգերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Moksnes, Aslaug (1984) (in Norwegian) Likestilling eller særstilling? Oslo: Gyldendal
  5. «Kvinner på Stortinget» (նորվեգերեն). Stortinget.no. 2008 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 5 октября 2009-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  6. 6,0 6,1 «Anna Rogstad» (նորվեգերեն). Stortinget.no. 2008 թ․ հունվարի 22. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  7. Haaland, Øyvind (1999) Her hviler … Kjente personer på kirkegårdene i Oslo sentrum.
  8. Hanssen, Reidar (1987) «Anna Rogstads vei». Oslo byleksikon ISBN 82-573-0228-7
  9. Tildeling av ordener og medaljer
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ռոգստադ» հոդվածին։