Այգավան

գյուղ Հայաստանի Արարատի մարզում

Այգավան (նախկին անվանումը՝ Ռեհանլու), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոն Արտաշատից մոտ 12 կմ հարավ-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 840 մ։

Գյուղ
Այգավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
ՀամայնքՎեդի
Հիմնադրված է1828 թ.
Մակերես21.2 կմ²
ԲԾՄ840 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն4 416 մարդ (2022)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Այգավան (Հայաստան)##
Այգավան (Հայաստան)
Այգավան (Արարատի մարզ)##
Այգավան (Արարատի մարզ)

Այգավան գյուղը հիմնադրվել է 1828 թվականին, բնակիչների մեծ մասը Իրանից (պատմական հայոց Խոյ գավառից) ներգաղթել են 1828թ-ին, եւ բնակություն հաստատել նախկինում՝ Ռեհանլու գյուղում։ Գյուղը Այգավան է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 4-ին[1]։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, գրադարան և մսուր-մանկապարտեզ։

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -13-ից -15 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։

Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգավանի մշտական բնակչությունը կազմել է 3914, առկա բնակչությունը՝ 3760 մարդ[2]։Ըստ 2011 թ.-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչության 49% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 51%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 29%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները 63%, հետաշխատունակները՝ 8%։ Հիմնադրման պահից բնակիչները հայեր են[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Ըստ 2022թ-ի մարդահամարի տվյալների գյուղում մշտական բնակվում են 4416 բնակիչներ, որոնցից 2098-ը՝ կին, 2189՝ տղամարդ, 129` երեխաներ։

Տարի Բնակչություն
1873 206 մարդ [4]
1897 346 մարդ [5]
1926 589 մարդ [5]
1941 467 մարդ [4]
1959 1992 մարդ [4]
1979 3103 մարդ [4]
1989 3687 մարդ [6]
2001 4058 մարդ [4]
2011 3914 մարդ [7]


Տնտեսություն

խմբագրել

Գյուղն ունի 1300 տնտեսություն։ Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ և անասնաբուծությամբ։Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 570 հա։ Գյուղատնտեսական հողհանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70%։

Համայնքի հողերն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 65 հա և 169.9 հա։ Վարելահողերը զբաղեցնում են մոտ 3627 հա։ Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը յուրացվում են որպես այգիներ և վարելահողեր։

Այգավանի պատմություն և մշակութային հուշարձաններ

խմբագրել
 
Այգավանի բլուր-բնակատեղի

Այգավանի բլուր-բնակատեղի - «ԲՆԱԿԱՏԵՂԻ ԱՅԳԱՎԱՆ»[8]


Գյուղի վարչական տարածքի հյուսիսարևմտյան եզրին գտնվող Մ.Թ.Ա. III հզմ. թվագրվող «ԲՆԱԿԱՏԵՂԻ ԱՅԳԱՎԱՆ» (բլուր-բնակատեղի) /պետ. ցուցիչ՝ 3.8.1./ հանրապետական նշանակության հուշարձանի առկայությունը հիմք է տալիս պնդելու, որ այն՝ որպես բնակավայր, գոյություն է ունեցել վաղնջագույն ժամանակներից։ 1975-76 թվականներին հուշարձանի տարածքում պեղումներ են իրականացրել Էրմիտաժ թանգարանի տնօրեն, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Բ. Բ. Պիոտրովսկին` իր հայ գործընկերների հետ։ Բլուր-բնակատեղիի տարածքում հայտնաբերվել են զանազան գտածոներ՝ կավե ամաններ, գունազարդ խեցեղեն, ինչպես նաև գործող գերեզմանոցի մերձակայքում հանվել են կարասային թաղումներ և բավականին հին խեցեղեն։ Բնակավայրը պատկանում է Հայաստանի բրոնզ-երկաթեդարյա մշակույթին և բնակեցված է եղել մինչև Մ.Թ.Ա. XVIII դարը, այնուհետև հասարակական կյանքում դրսևորել են անկման միտումներ և վերստին աշխուժացել Մ.Թ.Ա. XIII-XII դդ ու գոյատևել մինչև IV-V դդ։ Բլուր-բնակատեղին ունի հատած կոնի տեսք և զբաղեցնում է 2,2 հա տարածք։ Ունեցել է իր ժամանակաշրջանին համապատասխան աստիճանակարգված համակարգ, դաշտավայրային շրջաններում՝ մոխրաբլուրներ։

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցների ջանքերով «Բնակատեղի Այգավան» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում տեղադրվել է ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկատվական վահանակ։

«Կարակոյուն» գյուղատեղի

Այգավան համայնքի վարչական տարածքում, գյուղից 32 կմ արևելք, Վեդի գետի աջ գետահովտի ձորակներով կտրված սարահարթի վրա է տարածվում գյուղատեղի «Կարակոյուն»-ը կամ «Սև ոչխար»-ը /պետ. ցուցիչ՝ 3.8.2./ իր յոթ տասնյակի հասնող հուշարձաններով։ Գյուղատեղին Ուրծ գավառի հինավուրց բնակավայրերից է։ Գյուղատեղիի հուշարձանները թվագրվում են IX-XVII դդ.: Պահպանված հուշարձանների ուսումնասիրությունը հաստատապես հիմք է տալիս պնդելու, որ բնակավայրը հանդիսացել է գավառի ամենաերկարակյաց և մարդաշատ գյուղերից մեկը։ Այդ են վկայում նաև գյուղատեղիում պահպանված երկու մեծ գերեզմանոցները` յոթ տասնյակի հասնող կանգուն և ընկած խաչքարերով, որոնցից 13-ը արձանագիր են, իսկ հինգը ունեն թվագրություն (1205թ., 1213թ., 1233թ., 1525թ., 1551թ.): «Կարակոյուն»-ը Արարատի մարզի խաչքարերով հարուստ հուշարձանախմբերից մեկն է։ Այդ շարքից հատկապես ցանկանում ենք առանձնացնել գյուղատեղիի կենտրոնում պահպանված բազալտե երկու խաչքարերը, որոնք կանգնեցվել են գյուղի վերաշինման առիթով` (1551թ.): Խաչքարերից առաջինն ունի 1.57մ բարձրություն, 0.85մ լայնություն, 0.30մ հաստություն, որի հեղինակն է մեծահմուտ վարպետ` Խաչատուրը։ Խաչքարի հյուսիսային հատվածում պարզ ու հստակ, 12 տողով կարդացվում է արձանագրություն. ԿԱՄ[ԱԻՆ] Ա/ԱՏՈՒԾՈ/Յ ԿԱՆԳՆԵՑԻ Խ/Ա/ՉԵՐՍ, ՇԻՆԵՑԻ ԳԵՂՍ ։ ՀԱՍԱՆ ՓԱՀՃԱՀԷՆ ՍԱԻՈՒԼՂԱՐ Է։ ԹՎԻՍ Ռ/= 1551Թ./ ԻՇԵՑԷՔ Խ/Ա/Չ/ԱՏՈՒՐ/ ԳԾ/ՈՂ/Ս։ Երկրորդ խաչքարի բարձրությունը 1.80մ է, լայնությունը` 0.82մ, հաստությունը` 0.25 մ։ Խաչքարի քիվի վրա փորագրված է գյուղի հիմնադրի անունը` Մարգար. «Ս/ՈՒՐ/Բ ԽԱՉՍ ԲԱՐԵԽ/ԱԻ/Ս ՄԱՐԳԱ/ՐԻՆ/»: Գյուղատեղիում պահպանվել են նաև աղբյուր, ջրաղաց, ձիթհան, բնակելի և տնտեսական շենքերի ավերակներ (XII-XIII դդ.): Այն լքվել է 1945-52թթ.` բնակավայրերի խոշորացման հետևանքով։

Այգավանի կիսավեր եկեղեցին

Այգավան համայնքի կենտրոնում պահպանվել է XVIII դարի կիսավեր եկեղեցին։ Շինությունը կառուցված է կավի շաղախից պատրաստված աղյուսներով։ Այն իր փայտե սյուներով, դահլիճով, երկթեք տանիքով հողաշեն հուշարձան է։ Տեղական նշանակության հուշարձանն այսօր կիսավեր է։ Պատմական տեղեկություններ հայտնի չեն։ Թվագրվում է XVIII -XIX դարերին՝ ըստ ճարտարապետական վերլուծության։ Հնարավոր է հիմքերը լինեն ավելի վաղ շրջանի (ծառայության պետ Ռ. Կարապետյանի և տարածքային համակարգող Ա. Դալլաքյանի աշխատանքային ստուգայցից և մոնիտորինգից՝ մարզի առավել վտանգված հուշարձանի տարածքներ:)

 
Այգավանի XVIII դարի կիսավեր եկեղեցին (մարզային պատասխանատուների շրջայցից լուսանկար)

Բնակիչների մասնակցությունը Արցախյան պատերազմին

խմբագրել

Արցախյան ազատամարտի տարիներին ազատամարտին մասնակցել են 200 այգավանցիներ, որոնցից հինգը նահատակվել են։ Նրանց հիշատակին նվիրված հուշարձան է կառուցվել գյուղի գերեզմանատանը կից, գյուղի տարածքում՝ աղբյուր-հուշարձան, դպրոցում՝ փառքի սրահ։

Հուշարձաններ

խմբագրել
 
Խաչքար Այգավանի ազատամարտիկներին
 
Խաչքար Այգավանի ազատամարտիկներին (հիշատակում)

Դպրոց և մանկապարտեզ

խմբագրել
 
ԱՅԳԱՎԱՆԻ ԳԱՌՆԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

ԱՅԳԱՎԱՆԻ ԳԱՌՆԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ

Դպրոցի պատմություն

խմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 1910թ-ին, որը հողաշեն էր և ունեցել է ընդհամենը 20 աշակերտ։ Թիֆլիսի հարուստ վաճառական Մելիքսեթ Մելիք-Քիշմիրյանն իր միջոցներով եւ գյուղից կատարած հանգանակության հաշվին հիմնադրում է 7-ամյա դպրոցը։ Ուսուցիչ չունենալու պատճառով նա Վրաստանից այստեղ է բերում եղբոր աղջկան` համալսարանի շրջանավարտ Սոնա Քիշմիրյանին։ Դպրոցն ունեցել է նաեւ հույն ուսուցիչ, ով դասավանդել է «պատմություն» առարկան։

1970թ-ին Այգավանի համար կառուցվել է դպրոցի հիմնական շենքը, որտեղ սովորել են 1300 աշակերներ։ Հետագայում, ծնելիության նվազման եւ արտագաղթի հետեւանքով այժմ դպրոցում սովորում է 420 աշակերտ։ Ստեղծման օրվանից դպրոցը տվել է 7000 շրջանավարտ, որոնց թվում են բազմաթիվ գիտնականներ, բժիշկներ և քաղաքական գործիչներ։

Դպրոցում ստեղծվել է փառքի սրահ՝ արցախյան պատերազմում զոհված հինգ նահատակների եւ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների համար։

2010 թ-ին նշվեց դպրոցի 100-ամյակը, որին ներկա էին տարբեր տարիների շրջանավարտներ, նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, որը դպրոցին նվիրեց Կոմիտասի նամականիների ժողովածուն եւ Հենրիկ Իգիթյանի «Թանգարան» գիրքը։

ԱՅԳԱՎԱՆԻ ԳԱՌՆԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
Հասցե Սերոբ Հովհաննիսյան փող., 43 շենք
Տնօրեն Կարինե Ավետիսյան
Հիմնադրման տարեթիվ 1910 թ.
Կայք [1]Այգավանի միջնակարգ դպրոց

Այգավանի «ԺՊԻՏ» Նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ

«ԺՊԻՏ» մանկապարտեզ
Հասցե Գ. Ղուկասյան փողոց, 3 շենք
Տնօրեն Լուսինե Թունյան
Խմբերի քանակը Գործում է 4 խումբ

Տրանսպորտ

խմբագրել
 
Երասխ կայարանում կանգնած գնացք, 15․09․2003թ․

Այգավան գյուղի կենտրոնով է անցնում Երևան-Երասխ երկաթուղային գիծը, որը Խորհրդային Միության տարիներին Խորհրդային Հայաստանի երկաթուղային գիծը կապում էր Խորհրդային Ադրբեջանի ենթակայության ներքո գտնվող Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության երկաթուղային գիծը։ Այն շարունակվելով Խորհրդային Հայաստանի Մեղրու շրջանով հասել է Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Նախիջևանի հետ երկաթուղային հաղորդակցությունը ընդհատվել է 1989 թվականի նոյեմբերին։ 2008թ-ից այն շարունակում է գործել որպես «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ` Երասխ - Երևան գնացքի երթուղի՝ Այգավան կայարանով:[2]

Էլեկտրական գնացքի համարը Երթուղի Երթուղու

հաճախականությունը

Երասխից մեկնման ժամանակը Այգավանի կառամատույց ժամանում
6512/6517 Երասխ - Երևան Ամեն օր 6:30 7:05

Հանրային Տրանսպորտ

«Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ավտոբուսներն ու միկրոավտոբուսները ուղևորափոխադրումներ են իրականացնում Երևան-Արարատ/453 ուղղությամբ (Երևանի Ս. Դավիթ կայարանից և Արարատ քաղաքից), որի երթուղին անցնում է Այգավան գյուղով։

Հիմնախնդիրներ

խմբագրել

Համայնքի հիմնախնդիրներից է ոռոգման և խմելու ջրի, ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների, գազաֆիկացման, մշակույթի տան և դպրոցի վերանորոգումը։ Խմելու ջրի ջրամատակարարաման ներքին ցանցի կառուցումը ընթացքի մեջ է, որի մեծ մասը ավարտին է հասցված։ Բնակավայրի 49 առանձնատներում կա գազաֆիկացման խնդիր, որի համար նախագծված է գազամատակարարման ցանցի կառուցում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 226
  2. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  5. 5,0 5,1 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  6. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 551. — 4696 p.
  7. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  8. «ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ, ԱՅԳԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). 28-Հունիսի, 2016. Վերցված է 2024 թ․ հունիսի 8-ին.

Օգտագործված գրականություն

խմբագրել
  1. Ա. Միքայելյան, Այգավան, 2006թ.
  2. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, /1 Ա-Դ հատոր/, 1986 թ.
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան, /1-ին հատոր/, 1974 թ.
  4. Հայկական Սովետական Հանրագիտարան, /9-րդ հատոր/, 1983 թ.
  5. Մ. Մանուկյան, Հայաստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը, 2013 թ.
  6. Ս. Հակոբյան, Արարատի մարզ, պատմական ակնարկ, 2010 թ.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգավան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 340