Ակրոֆոնիկ գիր (հունարեն՝ ἄκρος akros ամենավերին և φωνή phone հնչյուն), գրի այն ձևը, երբ բառերի պայմանական գրանշանները արտահայտում են տվյալ առարկայի անվան սկզբի հնչյունները։ Գրի այս ձևի տարրեր առկա են օրինակ փյունիկյան ու սեմական ժողովուրդների գրերում[1]։ Օրինակ՝ հունարեն տառերը ակրոֆոնիկ են. α, β, γ, δ, տառերի անունները սկսում են համապատասխան տառով՝ αλφα (ալֆա), βήτα (բետա), γάμμα (գամմա), δέλτα (դելտա):

Նախասինայական գիրն ակրոֆոնիկ էր, որը հետագայում սկիզբ է տվել փյունիկյան գրին։ Այստեղ, օրինակ՝ A տառը արտահայտում է ʔ հնչյունը, որը ենթադրաբար ծագել է հին եգիպտերեն ցուլը պատկերող հիերոգլիֆից, որն անվանվում է ʾalp և սկսում է համապատասխանող կոկորդային պայթականով։ Լատիներենի այբուբենը ծագել է փյունիկյան այբուբենից, և մինչ օրս, օրինակ՝ A տառում հնարավոր է տեսնել ցուլի գլուխը, եթե տառը շրջվի՝ ∀: Փյունիկյան այբուբենի երկրորդ դառը «բեթն» է, որը նշանակում է ձի, այն ներկայացնում է [b] հնչյունը։ Հայերենում այս տառերին համապատասխան «այբ» և «բեն» տառերի միացումից էլ ծագել է այբուբեն բառը։

Գլագոլիցայում և վաղ կիրիլիցայում, չնայած տառերը չեն համապատասխանում գաղափարագրին, բայց այբուբեններն ակրոֆոնիկ են։ A, b, v, g, d, e տառերը խորհրդանշող տառերն անվանվում են Ազ, Բուկի, Վեդի, Գլագոլ, Դոբրո, Յեստ։

Հին իռլանդական և բրիտանական այբուբենները անվանվել են ծառերի անուններով, օրինակ՝ A-ը ailm-ն էր՝ սպիտակ եղևնին, B-ը beith-ը՝ կեչին, իսկ C-ն՝ collտիզենին։ Գերմանական ժողովուրդների կողմից օգտագործվող ռունագրերը, նույնպես ակրոֆոնիկ էին։ Օրինակ՝ առաջին երեք տառերը, որոնք համապատասխանում էին /f, u, þ/ հնչյուններին, անվանվում էին fé, ur, þurs նորվեգերենում՝ հարստություն, սելավ/անձրև, հսկա թարգմանությամբ և feoh, ur, þorn հին անգլերենում (հարստություն, ցուլ, փուշ)։ Այս երկու ձևերն էլ ենթադրաբար ծագել են նախագերմանական լեզվի *fehu, *uruz, *thurisaz արմատներից։

Ռեդյարդ Կիպլինգը նկարագրում է այբուբենի ստեղծման հորինված նկարագրությունն իր «Ուղղակի հեքիաթներ» գրքում՝ «Ինչպես են ստեղծվում այբուբենները»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 7։
  2. Just So Stories, Rudyard Kipling