Ակնոց
Ակնոց, օպտիկական սարքերից ամենատարածվածը. նախատեսված է տեսողության օպտիկական թերությունները շտկելու (օպտիկական ակնոց), ինչպես նաև աչքերի պաշտպանության համար (արևային ակնոց, բանվորական ակնոց)։
Բաղկացած է ապակուց և շրջանակից, որն ապահովում է ապակու ճիշտ դիրքն աչքի նկատմամբ և աղեղնակի կամ այլ հարմարանքի միջոցով ակնոցը պահում անհրաժեշտ դիրքում։
Առաջին տեղեկությունները ակնոցների մասին վերաբերում են 1289 թվականին։
«Թրեվիզո» եկեղեցու՝ 1352 թվականին ստեղծված որմնանկարի վրա պատկերված ակնոցը համարվում է ակնոցի ամենահին պատկերներից մեկը։
1900-ական թվականներին հայտնի դիզայներ Կոկո Շանելը հայտնագործեց արևային ակնոցը, որը մեծ ճանաչում ստացավ ամբողջ աշխարհում[փա՞ստ]:
Շտկող ակնոց
խմբագրելՀամասեռ թափանցիկ միջավայրում լույսի ճառագայթը տարածվում է ուղղագիծ և մի միջավայրից մյուսն անցնելիս փոխում է իր ուղղությունը՝ բեկվում է։ Լույսի տարածման այդ առանձնահատկության վրա է հիմնված շտկող ակնոցի համար տեսապակու օգտագործումը։
Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով երկուռուցիկ տեսապակիով, այնուհետև գնում են զուգամիտվող ուղղությամբ և տեսապակու հետևում հավաքվում 1 կետում՝ կիզակետում։ Այդպիսի տեսապակին անվանում են հավաքող և նշանակում դրական (+) նշանով։
Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով երկգոգավոր տեսապակիով, այնուհետև գնում են տարամետ ուղղությամբ և տեսապակուց առաջ առաջացնում կեղծ կիզակետ։ Երկգոգավոր տեսապակին անվանում են ցրող և նշանակում բացասական (-) նշանով։
Բացի նշված գնդաձև տեսապակիներից, գոյություն ունեն գլանաձև տեսապակիներ՝ հավաքող և ցրող հատկությամբ։ Դրանք ճառագայթները բեկում են միայն 1 ուղղությամբ, ուստի զուգահեռ ճառագայթները դրանցով անցնելիս կիզակետում առաջացնում են ոչ թե կետ, այլ գիծ։ Այժմ պատրաստում են օպտիկական տեսակետից ավելի կատարյալ՝ մահիկաձև և, այսպես կոչված, պունկտալային տեսապակիներ, իսկ գլանաձևի փոխարեն տակառաձև տորիկ տեսապակիներ։
Տեսապակու կենտրոնից մինչև կիզակետ եղած հեռավորությունը կոչվում է կիզակետային։ Որքան այն փոքր է, այնքան մեծ է նրա բեկման ուժը։ Տեսապակու օպտիկական ուժը չափում են դիօպտրներով։ Տեսապակու օպտիկական ուժը 1 մ կիզակետային հեռավորության վրա հավասար է 1 դիօպտրի։ Ցանկացած տեսապակու օպտիկական ուժը հավասար է կիզակետային հեռավորության հակադարձ մեծությանը։ Օրինակ՝ 2 մ կիզակետային հեռավորությամբ տեսապակու օպտիկական ուժը հավասար կլինի 0,5 դիօպտրի (1։2 մ), 0,5 մ հեռավորության դեպքում՝ 2 դիօպտրի (1։0,5 մ), 0,25 մ-ի՝ 4 դիօպտրի, 0,1 մ-ի՝ 10 դիօպտրի և այլն։
Հավաքող տեսապակիով ակնոցներ
խմբագրելՀավաքող տեսապակիներով ակնոցը, որը լրացնում է անբավարար ակոմոդացիան նշանակում են հեռատեսության ու ծերունական տեսողության ժամանակ։
Հավաքող տեսապակիներով ակնոցի տեսապակու օպտիկական ուժը չափվում է "+" նշանով դիօպտրներով։
Ցրող տեսապակիով ակնոցներ
խմբագրելՑրող տեսապակիներով ակնոց նշանակում են կարճատեսության ժամանակ, որոնց օպտիկական ուժը չափվում է "-" նշանով դիօպտրներով։
Աչքի տարաբեկության ժամանակ թույլ տեսողությունը կարելի է լավացնել գլանաձև կամ տակառաձև տեսապակիներ ունեցող ակնոցներով։
Որոշ դեպքերում անհրաժեշտ է միաժամանակ օգտագործել հեռուն և մոտիկը տեսնելու ակնոցներ կամ, որ ավելի հարմար է, նույն ակնոցը, որի տեսապակիների բեկման ուժերը տարբեր են (երկկիզակետ)։ Նման տեսապակիների վերին մասը ծառայում է հեռուն, ներքևինը՝ մոտ տարածությունը տեսնելու համար։
Եղջերենու ուռուցիկության խախտում
խմբագրելԵղջերենու ուռուցիկության խախտման, 1 աչքում ոսպնյակի բացակայության, աչքերում օպտիկական ուժի մեծ տարբերության դեպքերում սովորաբար ակնոցը քիչ է օգնում։ Նման դեպքերում տեսողությունն էապես լավացնում են, այսպես կոչված, հպվող տեսապակիները, որոնք դրվում են անմիջապես ակնագնդի առջևի մասում՝ աչքի հետ կազմելով միասնական օպտիկական համակարգ։ Բացի տեսողությունը լավացնելուց, հպվող տեսապակիները վերականգնում են նաև աչքերի համատեղ աշխատանքի ունակությունը։ Դա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր, աշխատանքի բնույթից ելնելով, պետք է ունենան լավ աչքաչափ և ճիշտ որոշեն հեռավորությունը։ Հպվող տեսապակիները սովորականներից նպատակահարմար են նաև կոսմետիկ տեսակետից, քանի որ տեսանելի չեն։ Հպվող տեսապակիները պատրաստում են յուրահատուկ պլաստմասսայից, որոնք կարելի է ինքնուրույն դնել և հանել (տրամագիծը՝ 8-9 մմ)։ Դրանք կարելի է դնել 4-6 ժ և ավելի՝ կախված անհատական զգայնությունից։
Խոշորացույց ակնոցներ
խմբագրելԳոյություն ունի հատուկ նշանակության խոշորացույց ակնոց, որը հեռադիտակի նման է, ունի 2՝ հավաքող և ցրող տեսապակիներ՝ ամրացված անշարժ ընդհանուր շրջանակին։ Այդպիսի համակարգը խոշորացնում է կրկնակի և կարող է օգնել ցանցաթաղանթի կամ տեսողական նյարդի հիվանդությունների դեպքում՝ տեսողության կտրուկ թուլանալուց։ Այժմ երեխաներին ակնոց ավելի հաճախ Են նշանակում, քան նախկինում։ Դա կապված է ավելի վաղ և ժամանակին տեսողության անբավարարության հայտնաբերման, տեսողական ծանրաբեռնվածության մեծացման (ընթերցանությունը և հեռուստացույց դիտելը) հետ, որը դպրոցական և նույնիսկ նախադպրոցական տարիքում կարող է կարճատեսություն առաջացնել։
Սխալ ընտրված ակնոցը կարող է խախտել աչքի օպտիկական համակարգի բնականոն զարգացումը՝ առաջացնելով տեսողության թուլացում։ Սովորաբար երեխաների համար ակնոց ընտրում են մի քանի փուլերով։ Ակնոց կրող երեխաները պետք է տարին գոնե 1 անգամ (իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ) խորհրդակցեն ակնաբանի հետ։
Ակնոցի նշանակում
խմբագրելԱկնոցը պետք է նշանակի միայն բժիշկը։ Շատ կարևոր է շրջանակի ճիշտ ընտրությունը, որը կատարում է մասնագետը (օպտիկը)՝ ակնոցի պատվեր վերցնելիս։ Ճիշտ ընտրված շրջանակը չի ճնշում ոչ քիթը, ոչ ականջները, ապահովում է ապակիների ճիշտ դիրքն աչքերի առաջ, այսինքն համապատասխանում է բբերի միջև եղած հեռավորությանը։ Հաջող ընտրված շրջանակը կարող է քողարկել դեմքի որոշ թերություններ և դարձնել ավելի գրավիչ։ Ակնոց գործածելուց հետո պետք է այն մաքրել մաքուր գործվածքով։
Ակնոցին հարմարվելը
խմբագրելԵրբեմն ակնոցին անմիջապես չեն հարմարվում, օրինակ՝ հասուն տարիքում օգտագործելիս[1], ինչպես նաև ակնոց փոխելիս։ Ակնոցին հարմարվելու ընթացքում կարող են առաջանալ օպտիկական պատրանքներ՝ առարկաները փոքր կամ խոշոր են երևում, և թվում է՝ դրանք շարժվում են աչքերը և գլուխը շրջելիս, լինում են երկրի մակերևույթի մոտեցման կամ հեռացման, սենյակի թեքվածության զգացողություններ։ Այս բոլորը կարող են առաջացնել գլխապտույտ և նույնիսկ սրտխառնոց։ Սովորաբար նման երևույթները 2-3 շաբաթից անցնում են։ Եթե նշված ժամկետից հետո չեն հարմարվում ակնոցին, ուստի պետք է խորհրդակցել բժշկի հետ, պարզել չհարմարվելու պատճառը։
Պաշտպանիչ ակնոցներ
խմբագրելՊաշտպանիչ ակնոցը պետք է լինի հարմար, թեթև, չաղավաղի դիտվող առարկաները, չսահմանափակի տեսադաշտը։ Չափից ավելի ուժեղ լույսից աչքերը պաշտպանելու նպատակով գործածում Են ծխագույն, կապույտ, դեղնամոխրագույն կամ մոխրականաչավուն ապակիներով ակնոցներ։
Աշխատանքի ընթացքում աչքը մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար օգտագործում են հաստ, դիմացկուն ապակիներով և պաշտպանիչ կողերով ակնոցներ։ Պաշտպանիչ ակնոցն անհրաժեշտ է ընտրել անհատապես և այնպես հարմարեցնել, որպեսզի աչքի մեջ օտար մարմիններ թափանցելու ճեղքեր չմնան
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «راهنمای خرید عینک». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 28-ին.
Գրականություն
խմբագրել- Питер Джеймс, Ник Торп Древние изобретения = Ancient Inventions. - Мн.։ ООО "Попурри", 1997. - 768 с. - ISBN 985-438-139-0 (ռուսերեն)
- Ilardi, Vincent (2007), Renaissance Vision from Spectacles to Telescopes, Philadelphia, PA։ American Philosophical Society (անգլերեն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ակնոցների մասին
- Spectacles gallery Արխիվացված 2011-10-06 Wayback Machine (անգլերեն)
Ընթերցե՛ք «ակնոց» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնոց» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 227)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |