Ագ-դաղ լեռը, որը գտնվում էր Սեբաստիայի և Անկարայի նահանգների վարչական սահմանածի վրա, Սեբաստիա քաղաքից ավելի քան 90 կմ դեպի հարավ-արևմուտք, Հայոց մեծ եղեռնի ընթացքում դարձավ թուրք ցեղասպանների դեմ արևմտահայության մղած ինքնապաշտպանական հերոսամարտերի հայտնի օջախներից մեկը։ Լեռան վրա ապաստանած հարևան Չաթ գյուղի բնակչությունը, ինչպես նաև մի քանի այլ գյուղերի բնակչության ջարդերից փրկված բեկորները, մոտ 4 տարի պայքարեցին թուրք բարբարոսների դեմ և այդ պայքարից դուրս եկան հաղթանակած։ Ընդ որում գոյատևման պայքարը մղվում էր ոչ միայն թուրքերի, այլ նաև բնության դժնդակ պայմանների ու սովի դեմ, որոնք ոչ պակաս անողոք թշնամիներ էին։

Տենտիլի ինքնապաշտպանություն

խմբագրել

Արևմտյան Հայաստանի շատ շրջանների նման, [Սեբաստիա գավառ]ի Թոնուսի գավառակն էլ զոհ գնաց Հայոց մեծ եղեռնի ամենակուլ մոլոքին։ Գավառակի կենտրոն Կամարակ գյուղաքաղաքը և ավելի քան երկու տասնյակ հայկական գյուղեր գլխովին ոչնչացվեցին։ Ինքնապաշտպանության դիմած միակ գյուղը Տենտիլը եղավ, որի բնակչության միայն շատ փոքր մասը կարողացավ փրկվել և ապաստանել Ագ-դաղ լեռան վրա։ Տենտիլի 4000-ոց բնակչությունը, հարևան գյուղերի դաժան ճակատգրին չարժանանալու համար, 200 զինված երիտասարդների պաշտպանության ներքո ապաստան գտավ գյուղի մերձակայքում գտնվող ժայռի հսկա քարանձավում։ Տենտիլցիների հետ էին նաև Պուրհան , Չեփնի, Թոփաճ և այլ հայկական գյուղերի փախած որոշ թվով հայ երիտասարդներ։ Շուտով թուրքական խոշոր ուժերը՝ 1300 կանոնավոր զիվոր և 500 հրոսակ, գրոհեցին քարանձավը, բայց այն գրավել չկարողացան։ Չօգնեց նաև թուրքական հրետանու գնդկոծությունը։ Այնժամ, հակառակորդն անցավ երկարատև շրջափակման և որոշեց ընբոստներին ծնկի բերել ծարավի միջոցով։ Սա, իրոք, շատ գործուն միջոց էր. Քարանձավի առջև կար հորդաբուխ աղբյուր, որից բնականաբար թուրքերը թույլ չէին տալիս օգտվելու ապստամբներին։ Սակայն որոշ ժամանակ անց, հայտնվելով ծարավից մեռնելու իրական վտանգի առջև, ավելի քան 150 զինված քաջեր, այդ թվում կանայք, դիմեցին խելահեղ գիշերայիին գրոհի։ Աղբյուրի մոտ դիքավորված հակառակորդը ետ շպրտվեց։ Չնայած հրետային կատաղի գնդակոծությանը, մինչև լուսաբաց հայ քաջերը կարողացան ջրի մեծ պաշար տեղափոխել քարանձավ և միառժամանակ ապահովել այնտեղ գտնվողների գոյությունը։ Այդ հաղթանակը, սակայն հեշտությամբ չտրվեց. 135 քաջեր ընկան գիշերային այդ ճակատամարտում։ 1 ամիս անց, պաշարվածները դիմեցին գրոհի՝ փորձելով ճեղքել մահվան օղակը։ Այդ անօրինակ գրոհի ընթացքում շատերը զոհվեցին, իսկ շատերն էլ գերի ընկան թշնամուն։ Եվ միայն 19 քաջերի հաջողվեց ճեղքել թուրքական շրջափակումը և հասնել Ագ-դաղի լեռ, ուր արդեն հանգրվանել էր Չաթ գյուղի բնակչությունը։

Պուրըն Գըշլա, Էյլենճե և Գումգույու գյուղերի բնակիչների ինքնապաշտպանությունը

խմբագրել

Ինքնապաշտպանության դիմեցին նաև Կամարակի գավառակի հարևանությամբ գտնվող Յոզղաթի գավառի Բողազլանի գավառակի Պուրըն Գըշլա. Էյլենճե և Գումգույու հայկական գյուղերի բնակիչները՝ մոտ 8000 հոգի։ Դիմադրության վայր ընտրվեղ Գումգույուն։1915 թվականի հուլիսին սկսված օրհասական պայքարը շարունակվեց 1 ամիս։ Ապստամբների դիմադրությունն ընկճվեղ միայն այն բանից հետո, երբ ակառակորդը բերելով հրանոթներ ու գնդացիրներ՝ կործանիչ կրակ բացեց գյուղի վրա։ Բնակչության մի մասը զոհվեց, մի մասը գեվեց թշնամու կողմից. Զոհվածների մեջ էր նաև հերոսամարտի ղեկավար Աբիսողոմ Առաքելյանը` Էյլենճե գյուղից։ Հարյուրավոր մարդիկ, թուրք բարբարոսների ձեռքը չընկնելու համար` թույն ընդունելով ինքնասպան եղան։ Շրջապատման օղակը ճեղքել և Ագ-դաղ հասնել հաջողվեց միայն 8 քաջերի՝ Հաջի-Բեկ Փափազյանի գլխավորությամբ։

Չաթի ինքնապշտպանություն

խմբագրել

Այլ կերպ ընթացան իրադարձությունները Չաթ գյուղում։ Ագ-դաղի հարավ-արևմտյան անտառոտ լանջին գտնվող և 4000 բնակիչ ունեցցող այդ գյուղը, 1895 թվականին համիդյան ջարդերի ընթացքում դիմել էր հերոսական ինքնապաշպանության և ջախջախիչ հակահարված տվել թուրքական հերոսակախմբերին։ Հայոց մեծ եղեռնի նախօրեյին գյուղը դարձյալ մարտականորեն էր տրամադրված։ Երբ 1915 թվականի ապրիլի 30-ին, Բողազլյանի գավառակապետ Քեման բեյը զենքերը հանձնելու երկօրյա վերջնագիր ներկայացրեց Չաթին, այդ նպատակով գումարված գյուղական ժողովում որոշվեց չկատարել այդ հրամանը։ Հատկապես վճռական էր տրամադրված գյուղի երիտասարդությունը, որի ներկայացուցիչներից մեկը՝ Առաքել Հաճի Առաքելյանը հայտարարեց. «Զենքերը հանձնել կնշանակե մեր ողջ գյուղը ոչխարի նման մորթոտել տալ թրքական յաթաղանին»։ ժողովից անմիջապես հետո, գյուղի մի քանի հարյուր երիտասարդներ՝ զենքը ձեռքերին բարձրացան Ագ-դաղ։ Մայիսի սկզբներին, վերջնագրի ժամկետը լրանալուն պես, Չաթ ժամանեց ոստիկանական հեծյալ հարյուրյակ՝ Հասըմ Բեյի գլխավորությամբ։ Թուրք ոստիկանների գործած վայրագությունները որևէ արդյունք չտվեցին. Գյուղում զենք չհայտնաբերվեց։ Դրանից հետո Բողազլյանից բերվեց ևս 200 ոստիկան, որից հետո վերսկսվեց գյուղի բարբարոսական խուղարկություն-թալանը. Ոստիկաններին աջակցում էին նաև Չաթ լցված հազարավոր թուրգ հրոսակներ։ Գյուղի 80 երևելիներ ձերակալվեցին և ուղարկվեցին Յոզղաթի բանտ։ Երբ այստեղ գտնվող 400 յոզղաթացիների հետ նրանք գիշերը դուրս բերվեցին՝ սպանության վայր ուղարկվելու համար, ճանապարհին չաթցիներից մեկի դանակով 80 համագյուղացիներ կտրեցին իրենց ձեռնակապերը և դիմեցին փախուստի։ Հետագայում, նրանց մի մասը նույնպես հայտնվեց Ագ-դաղի վրա։ Չաթից փախած 1000 գյուղացիներ էլ հավաքվեցին և դեպի լեռ ուղեկցվեցին Ադամ Չավուշի հայդուկների կողմից։ Ագ-դաղում հավաքված հայդուկների և անզեն փախստականների պարենամթերքի գործը գնալով դժվարացավ։ Կենսական այդ կարևորագույն խնդիրը լուծելու համար Ադամ Չավուշի խումբը հարձակում գործեց Չաթի պահապան ոստիկանական ուժերի վրա և ջախջախեց նրանց։ Արդյունքում ձեռք բերվեցհարուստ ռազմավար՝ պարեն, զենք և զինամթերք։ Ձեռք բերված պարենամթերքը Ագ-դաղի փախստական ժողովրդին բավարարեց երկու շաբաթ։ Ի պատասխան Չաթի վրա հարձակման, Բողազլյանից խոշոր ոստիկանական ջոկատ ուղարկեց դեպի լեռ։ Սըրըխլուի ձորում տեղի ունեցած բախումն ավարտվեց թուրքերի պարտությամբ . միայն որպես սպանված ալով 12 հոգի, ոստիկանները դիմեցին փախուստի։ Այս մարտին, հայդուկներից բացի, մասնակցում էին չաթցի կանայք և աղջիկներ, ովքեր բարձունքից ժայռաբեկորներ էին գլորում թշնամու վրա՝ զգալի վնասներ պատճառելով նրան։ Վերջին երկու պարտություններն այնպիսի իրարանցում առաջացրեցին Յոզղաթում, որ զինվորական խոշոր ուժեր ուղարկվեցին ապստամբների դեմ։ Չաթը դարձավ ուժեղ հենակետ, , ուր տեղակայվեցին մի քանի հարյուր ոստիկաններ։ Ագ-դաղը վերցրվեց շրջափակման մեջ։ Հայդուկները և անզեն ժողովուրդը ի վիճակի չլինելով ճակատելու նման ուժերի դեմ՝ բաժանվեցին խմբերի և քաշվեցին անտառների խորքերը և լեռան դժվարամատչելի վայրերը։ Հայ փախստականների զոհերի թիվը կտրուկ աճեց։

Ագ-դաղում տեղի ունեցած մարտեր

խմբագրել

Թուրքերի ձեռնարկած այս լայնածավալ պատժիչ գործողության արդյունքում, լեռան վրա գտնող փախստականների թիվը 1200-ից կրճատվեց 500-ի։ Թշնամին և սովը պարզապես հնձում էին հայերի շարքերը։ Ստեղծված դրությունից դուրս գալու միակ ելքը համարելով հակահարձակման անցնելը՝ հայդուկներն սկսեցին վերստին ուժեղ հարվածներ հասցել թշնամուն։ Ձեռք բերված հարուստ պարենամթերքը տեղափոխվեց լեռ։ Ոստիկանների խոշոր հրոսակախումը փորձեց պատասխան հարված հասցնել հայդուկներին։ Այս նոր բախումն ավարտվեց թուրքերի էլ ավելի խոշոր պարտությամբ. Նրանցից փախուստով կարողացավ փրկվել ընդամենը 8 հոգի։ 1916 թվականի ապրիլին Ագ-դաղը նորից շրջափակեց թշնամուն խոշոր ուժերով։ Թուրքական բոլոր գյուղերում ստեղծվեցին ոստիկանական ուժեղ պահակակետեր։ Ապստամբներին վերջնականպես սովի միջողով ծնկի բերելու համար, արդեն հիշատակված արյունաբու Գասըմ Բեյը հրամայեց ոչխարների հոտերով տրորել անցալ տարվա չհնձված արտերը, որոնք ծառայում էին որպես ամստամբների սննդի հիմնական աղբյուր։ Սակայն ձեռնարկված այս միջոցներով ֆարձյալ չհաջողվեց պարտության մատնել Ագ-դաղի հերոսներին։ Իրենց դիմադրողականությունը բարձրացնելու համար լեռան վրա ապաստանած խմբերը միավորվեցին։ Բանակատեղի ընտրվեց պաշտպանական գերազանց դիրք ունեցող Էսիք Պելեն գագաթը։ Հայդուկների հետ միասին միավորվեցին նաև նրանց պաշտպանության ներքո գտնվող փախստականների խմբերը։ Բոլորով միասին կազմում էին 400 հոգի։ Խմբերի միավորումից անմիջապես հետո, հայդուկների ձեռք ընկան մի քանի թուրք դասալիք զինվորներ, ովքեր շատ կարևոր տեղեկություններ հաղորդեցին՝ Էրզրումի ուղղությամբ ռուսական բանակի քաջագործությունների մասին։ Հայ կամավորների մասին լուրն այնպիսի նուռն ոգևորություն առաջացրեց, որ անմիջապես գումարված խմբապետական ժողովում որոշվեց՝ Պոնտոսի վրայով անցնել ռուսների կողմը և ապա պայքարը շարունակել հայ կամավորական գնդերում։ Սակայն մեկնումից առաջ, Ագ-դաղի ստորոտում գտնվող հունական Ղարաբիր գյուղի մոտ տեղի ունեցավ խոշոր բախում թուրքական ուժերի հետ։ Հաջի բեկի, Արթին Աղայի և Ադամ Չավուշի խմբերը հակառակորդին քաշեցին դեպի լեռը և ջարդեցին նրան։ Տալով 35 հոգու կորուստէ թուրքերը դիմեցին փախուստի. Հայկական կողմն այդ մարտում ունեցավ ընդամենը մեկ վիրավոր։ Յոզղաթի թուրքական իշխանություննրշերը, անհանգստացած հայդուկների այս նոր հաղթանակից, որոշեցին մեկ անգամ ևս խոշոր ուժեր նետել հայ ապստամբների դեմ։ Բայց մինչ այդ, արդեն առաջապահի դեր խաղացող Հաջի Բեկի 40 հոգանոց խումը մեկնեց Ագ-դաղից՝ ուղղություն վերցնելով դեպի հյուսիս-արևելք՝ Պոնտոս։ Անցնելով Ելիշ Ըրմակ գետը՝ առաջին իսկ հունական և հայկական 3 այլ՝ Հակոբոսի, Դելի Փափազի և Աբրահամի հայդուկային խմբերի հետ։ Այժմ արդեն հայ-հունական միացյալ զարաջոկատն իրենից ներկայացնում էր 200 մարտիկ ունեցող պատկառելի ուժ։ Ագ-դաղից Հաջի Բեկի խմբի մեկնումից հետո, տեղում մնացած հայկական ուժերն ստացան համալրում։ Կամարակում, 1915 թվականի հունիսյան աքսորից հետո, ճակատագրի բերումով ողջ մնացած մի խումբ լավ սպառաղինված հայեր, հաղթահարելով մահացու վտանգները՝ երկարատև որոնումներից հետո ի վերջո միացան լեռան վրա գտնվող հայդուկներին։ Կամարակի խմբին զենքով ապահովեց Սեվաստիայի նահանգում մեծ հեղինակություն վայելող և հայերի հանդեպ բայրացակամորեն տրամադրված, ազգությամբ չերէեզ Էմիր փաշան։ Երիտթուրք դահիճների դեմ ատելությամբ լցված այդ ազնվաբարո մարդը, հետագայում դարձյալ հայերին օգնում էր զենքով, զինամթերքով և պարենով։ Ագ-դաղ լեռնաշղթայի Ղարաբաբա գագաթը որպես հենակետ ընտրած կամարակի խումբը, 1916 թվականի հունիսի 16-ին խոշոր բախում ունեցավ թուրքական 300 հոգանոց կանոնավոր զորաջոկատի և բազմաքանակ հրոսակախմբերի հետ։ Մարտն ավարտվեց թշնամու պարտությամբ, որն զգալի կորուստներ տալով՝ դիմեց փախուստի. Հայդուկները հակառակորդին հետապնդեցին մինչև 4 կմ հեռավորության վրա գտնվող Ինքոյ գյուղը։ Կռվում հատկապես աչքի ընկավ Կյուլպենկ Չավուշը, ով ի թիվս այլոց հրացանազարկ արեց նաև թշնամական զորաջոկատի հրամանատար սեբաստացի Մեհմեդ Օսմանին, ինչպես նաև վերցրեց 2 գերի։ Ղարաբաբայի պարտության դիմաց ռևանշ վերցնելու համար, թուրքական կողմը 1916 թվականի օգոստոսի 17-ին Ագ-դաղի քաջերի դեմ ուղարկեց կրկնակի մեծ ուժեր՝ 600 զինվոր և 400 հրոսակ. Նրանց դիմագրավում էին ընդամենը 45 հայդուկներ։ Չիֆթե Յուրտ կոչված ձորում, 4 ժամ տևած կռիվն ավարտվեց հայերի հաղթանակով։ Կյուլպենկի, Վարդիվառի և Ադամ Չավուշի գլծավորությամբ մարտնչող հայդուկները կարողացան սվինամարտով ճեղքել թշնամական օղակը և ժողովրդի հետ միասին նահանջել նախ Չարչալանի ձորը և ապա՝ նրանից 4 կմ-ի վրա գտնվող անտառը։ Թուրքերն այդ մարտում ունեցան մեծաթիվ սպանվածներ, հայդուկները՝ ընդամենը 1 զոհ։ Հաջորդ խոշոր բախումը տեղի ուենցավ դարձյալ Ղարաբաբայի բարձունքի վրա։ Եռօրյա կռվից հետո, 1916 թվականի նոյեմբերի 17-ի գիշերը, 52 հայդուկներ, որոնցից միայն 7-ը զինված, ճեղքեցին ավելի քան 700 թուրք հրոսակնրի շղթան և անցան հարավ՝ Ալիսի ափին ընկած Սելճուքի և Շեմենի լեռները։ Շուտով, սակայն, նրանց սկսեցին հետապնդել 600 թուրք հեծյալներ։ Թշնամու գործը դժվարացնելու և քիչ զոհեր տալու համար, հայդուկների խումբը մանրատվեց և զրվեց տարբեր ուղղություններով։ Նրանցից 4-ը, Քուրդ Պողոսը և Գաբրիելը՝ զինված, իսկ Նազարեթն ու Պողոսն անզեն, պաշարվեցին թշնամիների խիստ շղթայով։ 22 ժամ տևած կռվում, նրանցից 3-ը զոհվեցին, հակառակորդի կորուստն անհամեմատ ավելի մեծ էր։ Երկու ոտքերից վիրավոր քուրդ Պողոսը, իր մոտ մնացած հրացանի վերջին փամփուշտներով կարողացավ գնդակահարել Խնուսի հայության դահիճներից մեկին՝ քուրդ Շևքեթ բեյին, ով 6 ամիս հրամանատար էր նշանակավել այստեղ։ Դրանից հետո հնգօրյա դաժան պայքարից տանջահար, սովից ու ծարավից հյուծված, արնաքամ լինող հայդուկը, չկարողանալով այլևս շարունակել կռիվը՝ ինքնասպան եղավ իր մոտ եղած ատրճանականով։ Ղարաբաբայի 2-րդ կռվից առաջ, 1916 թվականի հոկտեմբերի 27-ին Ագ դաղը լքեց նաև Ադամ Չավուշի 50 հոգանոց խումբը, որը ռազմարշավի դուրս եկավ դեպի Սամսոն։ Դրանից հետո լեռան վրա մնացին միայն Արթին Աղա և Սամվել խմբապետների ուժերը։ Վերջիններս, երկար վիճաբնություններից հետո, նույնպես որոշեցին տեղափոխվել Պոնտոս և այնտեղ միանալ Հադի Բեկի և Ադամ Չավուշի խմբերին։ Ճանապարհին, Կյուլճուք գյուղի մոտ, խմբերը գիշերային մարտում ջախջախեցին և և փախուստի մատնեցին թուրքական մի կանոնավոր զորաջոկատի։ Նոյեմբերի 11-ին խմբերը հասան հայկական Խավշախ ավերակ գյուղը, ուր եռամսյա դադար ունեցան, այլ կերպ ասած՝ նրանք այդ գյուղում անցկացրեցին 1916-1917 թվականների ձմեռը։ Խավշախում գտնվելու ընթացքում հայդուկները ուրախալի լուր ստացան Պոնտոսից, որ Բաֆրայի մոտ, ռուսական նավատորմը զենքի և զինամթերքի հարուստ պաշար է թողել թուրքերի թիկունքում՝ հայ-հունական հայդուկային խմբերի համար։

Սամվելի հայդուկային խումբը

խմբագրել

1917 թվականի գարնանը խմբերը վերսկեսեցին ռազմերթը դեպի Պոնտոս։ Սակայն ճանապարհի կեսին տեղի ունեցավ անակնկալ՝ Սամվելի խումբը որոշեց վերադառնալ Ագ-դաղ։ 1917 թվականի ապրիլի 13-ին խմբերը բաժանվեցին։ Արթին Աղայի խումբը շարունակեց ռազմերթը դեպի Պոնտոս, իսկ Սամվելի խումբը վերադարձավ Ագ-դաղ։ Սամվելի խումբը ` 30 հոգի, գերազանց սպառազինված ` քաղաք Բողազլյան-քաղաք Ագդաղ- Մադեն գծից մինչև Ալիս գետի աջ ափն ընկած ընդարձակ տարածությունը պահում էր վերահսկողության ներքո։ Սամվելի հիմնական խմբից բացի, անմիջականորեն Ալիս գետի ափին գործում էր ևս մեկ խումբ՝ Միքայել և Սեդրակ խմբապետերի զեկավարությամբ։ Տեղեկատվության ձեռք բերման, պարենի, զենքի և զինամթերքի հայթաթման գործը գտնվում էր բավական բարձր մակարդակի վրա։ Հակառակորդի ոստիկանական, զինվորական և հրոսակային փոքր խմբերի պարբերական մաքրագործումներից բացի, հայդուկները ժամանակ առ ժամանակ ունենում էին նաև խոշոր բախումներ թշնամու հետ։ Օգոստոս ամսին թուրքական Յահսերայ գյուղի մոտ տեղի ունեցած հանդիպակած մարտը թուրքական 200 հոգանոց ստորաբաժանման դեմ, ավարտվեց հայդուկների հաղթանակով։ Հալճախի հունական գյուղում թուրքական մեծաքանակ զորամասի դեմ մղվել է մարտ։ Թուրքական հրամանատարների պրոֆեսիոնալ շատ ցածր մակարդակի հետևանքով, այստեղ թուրք զինվորները կրոկում էին ոչ այնքան հայդուկների, որքան իրար վրա. Այդ մարտում հակառակորդն ունեցավ մոտ երեք տասնյակի չափ կորուստ։ Հայդուկների դեմ պայքարում միջոցների մեջ խտրություն չունենալով՝ թուրքերը դիմեցին ստոր քայլի։ Օգոստոսի վերջին, թուրքական Ինյոյի գյուղից հայդուկներն ստացան թունավորված ալյուր։ Ոչինիչ չկասկածելով, մինչ այդ նման որևէ դեպք չէր եղել, հայ մարտիները հաց թխեցին և կերան։ Հաջորդ առավոր խումբն ամբողջովին կիսամեռ վիճակում էր։ Բայց դա չխանգարեց, որպեսզի թուրքական հարձակվող զորաջոկատին հայերը մեծ կորուստներով ետ շպրտեն։ Դրանից հետո, հունական Աղդաշ գյուղի գյուղացիները օգնությամբ խումբն ապաքինվեց և ոտքի կանգնեց։ 1917 թվականի հոկտեմբերին, գալիք ձմեռվա դժվարությունները նկատի ունենալով, Սամվելի խումբն ի տարբերություն Ագ-դաղի դեպի հյուսիս մեկնած բոլոր խմբերի, որոշեց մեկնել հարավ՝ Կիլիկյան Տավրոս։ Ռազմերթն անցավ շատ թե քիչ լուրջ պատահարների։ Սակայն Տավրոսյան լեռներին հասնելուն պես, տեղի ունեցավ խոշոր բախում։ Հունական Չարուխլու գյուղում խմբի 40 հայդուկներ ստիպված եղան կռվի բռնվել Նիգդե քաղաքից բերված 200 զինվորների և նույնքան էլ թուրք հրոսակների դեմ։ Չնայած թվական հսկայական գերակշռությանը, հակառակորդը տվեց մեծ կորուստներ և ստիպված եղավ նահանջել։ Սամվելի կինը՝ Գյուլինարը մարտում ոչնչացրեց 2 թուրք ասկյար և ծանր վիրավորվեց թշնամական խմբավորման հրամանատար՝ հազարապես Էքրեմ բեյին։ 1917-1918 թվականների ձմռանը, հայդուկներն ստիպված էին բառացիորեն գոյության կռիվ մղել բնության և սովի դեմ։ 1918 թվականի հունվարի վերջին հայդուկները թողեցին Չեթին-Դերեի իրենց կացարանը և ուղղություն վերցրեցին դեպի Ագ-դաղ։ Շրջական թուրքական գյուղերից պարենային բռնագրավումներին ի պատասխան՝ գազազած իշխանությունները որոշեցին մի զարկով վերջ տալ Սամվելի խմբին։ Այդ նպատակով առանձնացվեց 500 հոգանոց հեծյալ զորամաս, ըստ էության հեծելագունդ, որն սկսեց կրկնակոխ հետապնդել հայդուկներին։ Հետապնդումն սկսելուց 10 օր անց, Ավշարքյոյ գյուղի մոտ, թուրքական հեծելազորը և նրան միացած մեծաքանակ հրոսակախմբերին ի վերջո կարողացան փակել հայդուկների ճանապարհը։ Սակայն առավոտից մինչ երեկո շարունակված կռիվն ավարտվեց հայերի հաղթանակով։ Երկրորդ և վերջին անգամ, հետապնդողները և հետապնդվողները իրար հանդիպեցին Ադանայի և Անկարայի նահանգների սահմանագծի վրա գտնվող Բեշքարտաշ հունական գյուղում։ Ընդ որում հանդես բերելով ռազմական խորամանկություն և շատ բարձր հմտություն՝ հայդուկները գերի վերցրեցին հակառակորդի 24 զինվոր։ Թուրք հրամանատարը խոստացավ դադարեցնել հետապնդումը, որին ի պատասխան հայդուկները նրան վերդարձրեցին իր 24 զինվորներին։ Որպես երախտագիտության նշան, թուրք հրամանատարը հայերին նվիրեց մոտ 500 փամփուշտ, 20-ական՝ յուրաքանչյուր գերված զինվորի համար։

Կեսարիայի գավառի տարածքում թշնամու հետ առաջին հանդիպումը տեղի ունեցավ թուրքաբնակ Պարսմապա գյուղի մոտ։ Կեսարիա քաղաքից ուղարկված զորքը և տեղի թուրքական հրոսակախմբերը շրջապատեցին այն հսկա քարայրը, ուր իջևանել էր Սամվելի խումբը։ Միակ ելքը, շեշտակի գորոհով շրջապատման օղակի ճեղքումն էր, ինչը և արեցին հայդուկները։ Մարտում իրենց քաջությամբ հատկապես աչքի ընկան Հաճի Հակոբ Մկրյանը և Ուֆան Սյոպեթյանը։ Հակառակորդն այդ կռվում ունեցավ 10-ից ավելի սպանված, իսկ հայդուկները՝ 2 վիրավոր։ Չուխուր գյուղի մոտ գտնող Մուրադ-թեփե բլուրի վրա հայդուկները շրջափակվեցին։ Հոգնատանջ և սովահար հայդուկները սակայն այս մարտում ևս օրինակելի դաս տվեցին թշնամուն։ Վերջինս կորցրեց ավելի քան 70 սպանված և վիրավոր։ Այս մարտից հետո հայդուկները վերջապես մոտեցան Ագ-դաղ լեռան մատույցներին։ Հայդուկների և թուրքերի հաջորդ բախումը տեղի ունեցավ 1918 թվականի վաղ գարնանը՝ հունական [Հալխաճ]ի գյուղի ավերակ փարախների մոտ։ Մեկ տարի առաջ՝ 1917 թվականին, հենց այդ գյուղում, հոյդուկները հերթական հաղթանակ էին տարել թուրքական զորքերի դեմ։ Հալճախի երկրորդ ճակատամարտ շարունակվեց ամբողջ օրը և կարող էր վերջինը լինել Սամվելի խմբի համար։ Բանն այն է, որ հայդուկների զինամթերքը չափազանց քիչ էր։ Իրիկնադեմին, արդեն լավ հասկանալով, որ հայ մարտիկների փամփուշտները գրեթե սպառվել են, թուրքերն ընդհուպ մոտեցան նրանց դիրքերին՝ պատսպարելով վերջին սվինային գրոհին։ Երեք կողմից շրջապատված հայդուկներին ոչինչ չէր մնում անել, քան մոտական գետակի կողմից, առանց որևէ իրարանցման՝ անաղմուկ դուրս գալ շրջապատումից։ Հալխաճի 2-րդ մատը անշուշտ ավարտվեց հաղթանակով, որովհետև 40 հայդուկների նկատմամբ հիսնապատիկ գերազանցություն ունեցող թշնամին, այդ կռվում ոչ մի կորուստ չունեցավ։ Միակ անհաջողությունն այն էր, որ գիշերային այդ չափազանց դժվարին նահանջի արդյունքում Սամվելի խումը տրոհվեց 3 մասի։ Գրեթե առանց զինամթերքի մնացած հայդուկները, ամեն կերպ խուսափելով հակառակորդի հետ հանդիպումից, այնուամենայնիվ ստիպված էին մշտական մահացու վտանգի ներքո, պարեն հայթաթել մոտակա թուրքական գյուղերից։ Շուտով, որոշակի չափով վտանգի ներքո, պարեն հայթաթել մոտակա թուրքական գյուղերից։ Մի հույն քահանայի միջողով տեղեկանալով, որ Ենի-Խան են մեկնելու փամփուշտ տեղափոխող 10 սայլեր, հայդուկները մեծ վարպետությամբ կազմակերպեցին թանկարժեք ավարի առգրավումը։ Փամփուշտն այնքան շատ էր, որ միայն դրա կեսը կարողացան Ագ-դաղ տեղափոխել։ Դրանից անմիջապես հետո, տեղի ունեցավ թուրքական հետապնդող զորաջոկատի և հայդուկների բախումը Քոչ-Յոլու կոչված լեռան վրա, որն ավարտվեց հայդուկների հաղթանակով։ Քոչ-Յոլուի կռվից հետո, կատաղած թշնամինէլ ավելի ուժեղացրել էր հետապնդումը։ հաջորդ մեծ բախումը տեղի ունեցավ 1918 թվականի մայիսին։ Ագ-դաղի լեռնագագաթնեիկց մեկի՝ Սըրըխլուի վրա, Սամվելի խումբը շրջապատվեց 500 հեծյալ և հետևակ զինվորների և մեծաքանակ հրոսակախմբերկ կողմից։ Նեղվելով զինամթերքի պակասից, մութն ընկնելու պես հայդուկները հմտորեն դուրս եկան շրջապատումից՝ հակառակորդին պատճառելով շոշափլի կորուստներ։ Այս վերջին հաղթանակից հետո Սամվելի խմբի հեղինակությունն այնքան էր բարձրացել, որ ոչ որստինները և ոչ էլ թուրք գյուղացիները չէին համարձակվում խոչընդոտել հայդուկներին՝ թուրքական գյուղերից պարենամթերքի ձեռքբերման գործում։ 1918 թվականի աշունը և ձմեռը խումբն առանց որևէ պատահարի անցկացրեց Սըրըխլու լեռան ստորոտում։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի կերած պարտության մասին հայդուկներն իմացան ամիսներ անց։ Դրանից հետո, Յոզղաթի, Կեսարիայի և Ագդաղ-Մադենի զինվորական ու քաղաքացիական իշխանություններ, բարեկամության և խաղաղության քողի տակ փորձեցին զինաթափել Սամվելի խումբը, բայց ստացան կտրուկ մերժում։ Զինադադարին հաջորդած ժամանակահատվածում, Ագ-դաղի հայդուկների ձեռքով իրենց արդարացի պատիժն ստացան այդ տարածքում Հայոց մեծ եղեռնին մասնակցած մի շարք հայտնի թուրք ջարդարարներ։ 1919 թվականի ամռանը իրադրությունը Թուրքիայի ներքին նահանգներում կտրուկ թոխվեց՝ կապված քեմալական շարժման ծավալման հետ։ Յոզղաթի նորանշանակ գավառապետ Լևոն փաշա Սյըճյանը, օգոստոսի սկզբին խորհուրդ տվեց խմբապետ Սամվելին անհապաղ թողնել հայրենի Չաթ գյուղը և անցնել ֆրանսիական վերահսկողության տակ գտնվող Կիլիկիա։ Դրանից օրե հետո 40 հայդուկներից կազմված խումբը մեկնեց Կիլիկիա։ Այստեղ Սամվելի խումբը առժանացավ բացառիկ ընդունելության։

Ագ-դաղի մյուս հայդուկային ջոկատը

խմբագրել

Սամվելի խմբից բացի Ալիս գետի մոտ կար 35 հոգանոց խումբ, որը 1916-1917 թվականների ձմեռն անցկացրեց գրեթե առանց դժվարության՝ օգտվելով չերէեզ Էմիր փաշայի հզոր աջակցությունից։ 1917 թվականի գարնանը, խմբի կողմից Սեբաստիայի նահանգապետին հղվեց մի յուրօրինակ դիմում-պահանձագիր, որտեղ իրենց ինքնապաշտպանության դիմելու հիմնավորումը տալուց և թուրքական իշխանություններին որպես ջարդերի կազմակերպիչ մերկացնելուց հետո, պահանջվում էր 15-օրյա ժամկետում հետ քաշել հետապնդող ջոկատները և հնարավորություն ընձեռնել՝ խաղաղ ձևով պարեն ձեռք բերելու թուրքական գյուղերից։ Հակառակ պարագայում, հայդուկները սպառնում էին ոչնչացնել շրջանի ավելի քան 100 թուրքական գյուղերը։ Նահանգապետն ընդունեց առաջադրված պայմանները, որից հետո երեք ամիս զինադադարեղավ։ Թուրքական կողմի մեղքով զինադադարը խզվեց։ 1917 թվականի հոկտեմբերի 2-րդ կեսին, այլևս նպատակահարմար չգտնելով իերնց գործունեությունը թշնամու թիկունքում, Ալիսի հայդուկները որոշեցին անցնել ռուսական ռազմաճակատ։ Ռուսների կողմում հայտնվելուց հետո, հայդուկներին որպես թուրքական «լրտեսների», բավական երկար ժամանակ պահեցին Տրապիզոնի բանտում և Բաթումի թուրք ռազմագետների ճամբարում։ Դրանից հետո, նրանք անցան Անդրանիկ Օզանյանի հրամանատարության ներքո և քաջաբար մարտնչեցին Կովկասյան ռազմաճակատում՝ [1918] թվականի հունվարի վերջից հարձակման անցան թուրքական զորքերի դեմ։

Գրականություն

խմբագրել
  • Ռաֆայել Թադևոսյան «Դրվագներ հայոց ռազմական պատմությունից. XIX-XX դարեր» Երևան, 2012