Ագավա (կամ Ագավե, հին հունարեն՝ Ἀγαύη` «փառապանծ»), հին հունական դիցաբանության կերպար թեբեական շարքից, Կադմոսի և Հարմոնիայի դուստրը, Պենթևսի մայրը։ Ագավան հրաժարվել է հավատալու իր զարմիկ Դիոնիսոսի աստվածային ծագմանը, որի համար էլ պատժվել է աստծու կողմից, որը նրան է ուղարկել ժամանակավոր խելացնորություն։ Ագավան մասնակցել է իր սեփական որդու պատառոտմանը։ Այդ առասպելը դարձել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգության հիմնական սյուժեն, ողբերգությունը մեծ ճանաչում ուներ անտիկ ժամանակաշրջանում։

Ագավա
Տեսակծովի հունական աստված և բնության աստվածություն
Սեռիգական
ՀայրԿադմոս (առասպելական հերոս)
ՄայրՀարմոնիա
Քույր/ԵղբայրԻնո, Ավտոնոե, Սեմելե և Պոլիդորուս
ԱմուսինԷքիոնոս և Lycotherses?
ԶավակներՊենթևս և Epirus?
 Agave (mythology) Վիքիպահեստում

Դիցաբանության մեջ խմբագրել

Ագավան Կադմոսի դուստրերից մեկն էր։ Կադմոսը Բեոտիայի Թեբե քաղաքի հիմնադիրը և առաջին տիրակալն էր։ Հորական կողմից Ագավան Պոսեյդոնի ծոռն էր, մոր՝ Հարմոնիայի կողմից՝ Արեսի թոռնուհին էր։ Նրա եղբայրը Պոլիդորուսն էր, քույրերը՝ Սեմելեն, Ինոն և Ավտոնոեն[1]։ Կադմոսը Ագավային կնության տվեց Էքիոնոսին՝ մեկն այն ռազմիկներից, որոնք դուրս էին եկել հողում ցանված օձի ատամներից։ Ամուսնությունից ծնվել է Պենթևսը, որը պապի մահից հետո դարձել է Թեբեի թագավոր[2]։

Ագավայի քույր Սեմելեն դարձել էր Զևսի սիրեցյալը և Դիոնիսոսի մայրը։ Ագավան, ինչպես և մյուս երկու քույրերը, չի հավատացել նրա ծնված որդու աստվածային ծագմանը։ Նա պնդել է, որ Սեմելեն խաբել է Զևսի հետ իր կապի մասին և հենց այդ սուտն է դարձել նրա մահվան պատճառը։ Դիոնիսոսը, երբ մեծացել է, վրեժ է լուծել իր մորաքրոջից։ Նա Ագավային և Թեբեի բոլոր կանանց ժամանակավոր խելացնոր է դարձրել, տարել է իր հետևից։ Բոլոր կանայք, գործները թողած, գնացել են դեպի Կիթերոնի լեռները և այնտեղ մասնակցել բաքոսային պարերին։ Մինչև անգամ ծերունի Կադմոսը և ծեր գուշակ, պատգամախոս Թիրեսիասն են ճանաչել աստծուն։ Նրանք էլ բաղեղապսակներ են դրել իրենց գլխներին, զոհեր են մատուցել ի պատիվ Դիոնիսոսին և փառաբանել նրան։ Վերադարձած Պենթևսը ապշահար նայել է մորը, նրա երկու քույրերին, համաքաղաքացիներին։ Մոլեգնած Պենթևսը հրամայել է բռնել բոլոր բաքոսուհիներին ու զնդանը նետել, ինչպես նաև այդ ամենը կազմակերպող «օտարականին»՝ Դիոնիսոսին։ Մոլագար դարձած բաքոսուհիները աստծո դրդմամբ Պենթևսին կորյունի տեղ են ընդունում, արմատախիլ են անում ծառը, որի վրա բարձրացել էր նա, գետնին են տապալում Պենթևսին ու պատառ-պատառ անում։ Այդ ամենը գլխավորել է Ագավան[3]։ Նա իր տղայի արնաթաթախ գլուխը տնկում է թիրսոսի վրա և ցնծությամբ տանում Թեբե։ Միայն քաղաքում է նա հասկացել, թե ինչ էր տեղի ունեցել իրականում[4]։ Հետագա իրադարձությունների մասին գրել է միայն մեկ անտիկ հեղինակ՝ Հիգինուսը[5]. նրա տվյալներով՝ Ագավան փախել է Թեբեից և հայտնվել Իլլիրիայի Լիկոտերս թագավորի մոտ[6], որի հետ ամուսնացել է։ Հետագայում նա սպանել է ամուսնուն, որպեսզի նրա թագավորությունը բաժին հասնի Կադմոսին (առասպելի այդ տարբերակի համաձայն Ագավայի հայրը դեռևս ողջ էր)[7][2]։

Օպպիանոսի տարբերակի համաձայն՝ Սեմելեի քույրերը՝ ներառյալ Ագավան, եղել են Դիոնիսոսի ստնտուները և Պենթևսի ծվատումից հետո վերածվել են ընձառյուծների, այդ իսկ պատճառով նրանք սիրում են գինի[8][2]։

Հիշատակ խմբագրել

Ագավայի և Պենթևսի մասին առասպելը դարձել է մի շարք անտիկ ողբերգությունների հիմք։ Դրանք են Փեսպիսի, Էսքիլեսի[9], Լիկոֆրոնի[5], Իոֆոնի «Պենթևս» ողբերգությունները, Եվրիպիդեսի, Կլեոփոնտի, Իոֆոնտի, Քսենոկլեսի[10] «Բաքոսուհիներ» ողբերգությունները։ Եվրիպիդեսի ողբերգության տեքստը պահպանվել է։ Այն տեսարանը, երբ Ագավան հասկանում է, որ ծվեն-ծվեն է արել իր սեփական որդուն, մեծ ճանաչում է ունեցել անտիկ հանդիսատեսի շրջանում[4]։ Այդ սյուժեն օգտագործել են նաև նկարիչները։ Պենթևսի գլուխը ձեռքին Ագավան պատկերված է Ամաստրիդա քաղաքի մետաղադրամների վրա[2]։

Ագավայի անունով է կոչվել միաշաքիլավորների ցեղի բույս Հյուսիսային Ամերիկայից՝ ագավան (լատին․՝ Agave)[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Аполлодор, III, 4, 2
  2. 2,0 2,1 2,2 2,3 Knaack, 1893
  3. Аполлодор, III, 5, 2
  4. 4,0 4,1 Ярхо, 1987
  5. 5,0 5,1 Гигин, 2000, Мифы, 184, прим
  6. Гигин, 2000, Мифы, 184
  7. Гигин, 2000, Мифы, 240; 254
  8. Гигин, 2000, Мифы, 182, прим
  9. Тахо-Годи, 1988
  10. Грабарь-Пассек, 1966, с. 269
  11. Agāve. // Heinrich August Pierer, Julius Löbe (Hrsg.): Universal-Lexikon der Gegenwart und Vergangenheit. 4. Auflage. Band 1. Altenburg 1857, S. 179

Աղբյուրներ խմբագրել

  1. «Аполлодор. Мифологическая библиотека». Сайт «История Древнего Рима». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. Гигин Мифы. — СПб.: Алетейя, 2000. — 360 с. — ISBN 5-89329-198-О

Գրականություն խմբագրել

  1. Грабарь-Пассек М. Античные сюжеты и формы в западноевропейской литературе. — М.: Наука, 1966. — 318 с.
  2. Тахо-Годи А. Пенфей // Мифы народов мира. — 1988. — Т. 2. — С. 300.
  3. Ярхо В. Агава // Мифы народов мира. — 1987. — Т. 1. — С. 32.
  4. Roscher. Agaue 5 // Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie. — 1886. — Bd. I, 1. — Kol. 99—100.
  5. Knaack G. Agaue 3 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1893. — Bd. I, 1. — Kol. 765—766.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագավա (Կադմոսի դուստր)» հոդվածին։