ԱՄՆ-ի քաղաքացիական և առևտրային իրավունքի աղբյուրներ

ԱՄՆ-ի քաղաքացիական և առևտրային իրավունքը ստեղծվել է ընդհանուր իրավական համակարգի հիման վրա և ունի մի շարք առանձնահատկություններ։

ԱՄՆ-ի 1787 թ. սահմանադրությունը

ԱՄՆ-ում, ինչպես Անգլիայում, իրավական կարգավորման ոլորտում նախապատվությունը տրվում էր դատական նախադեպին։ ԱՄՆ-ում դատական նախադեպը զարգացել է Անգլիայի նախադեպային իրավունքի կիրառման հիման վրա։ Կարևոր առանձնահատկություն է նաև այն, որ այստեղ մեծ էր ԱՄՆ-ի 1787 թվականի սահմանադրության նշանակությունը, որը համարվում էր իրավունքի հիմնական աղբյուր։

Գերագույն դատարանը ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի քաղաքացիական և առևտրային իրավունքի առանձնահատկությունը ֆեդերալիզմի մեջ է, ինչն էլ դաշնային և նահանգային դատարանների իրավասության տարբերության հիմնքն է։ Ընդհանուր իրավունքը ԱՄՆ-ում զարգացել է ինչպես դաշնային, այնպես էլ նահանգային դատարաններում։ 1938 թվականին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը սահմանեց, որ ընդհանուր իրավունքը կիրառվում է միայն նահանգների դատարաններում, դրա համար էլ մի նահանգի կողմից կայացված որոշումները մյուս նահանգի համար որպես դատական նախադեպ կիրառվել չեն կարող։ ԱՄՆ-ի քաղաքացիական և առևտրային իրավունքի շատ բնագավառներ ունեն իրավական կարգավորում։

Քաղաքացիական իրավունքի կարգավորումը խմբագրել

Քաղաքացիական իրավունքի վերաբերյալ օրենքների ընդունումը հիմնականում նահանգների օրենսդիր մարմինների իրավասությանն է պատկանում։ Դաշնության օրենսդիր մարմինները հիմնականում լուծում են հեղինակային, արտոնագրային, առևտրային իրավունքի վերաբերյալ հարցեր։ ԱՄՆ-ի մի քանի նահանգներում քաղաքացիական իրավունքն ունի կոդիֆիկացված բնույթ (Կալիֆոռնիա, Լուիզիանա, Ջորջիա, Մոնտանա, Հյուսիսային և Հարավային Դակոտա)։ Կալիֆոռնիայի 1873 թվականի քաղաքացիական օրենսգիրքը մեծապես նպաստեց մյուս նահանգների քաղաքացիական օրենսգրքերի ձևավորմանը։ Բացառություն է կազմում Լուզանիա նահանգի քաղաքացիական օրենսգիրքը, որի հիմքում Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգիրքն է։ Մյուս նահանգներում ընդունվեցին օրենքներ, որոնք նպատակաուղղված էին քաղաքացիաիրավական և առևտրաիրավական ոլորտների կարգավորմանը։ Շատ նահանգներ էլ հետևեցին Նյու Յորքի օրինակին, որն առաջինը բացահայտեց քաղաքացիական և առևտրային իրավունքի պարբերաբար փոփոխության անհրաժեշտությունը։ 19- րդ դարի վերջում ԱՄՆ-ում իրավական ակտերի հակասությունները և այլ խոչընդոտներ վերացնելու համար կատարվեց նախադեպային իրավունքի կոդիֆիկացիա, որը չէր հանդիսանում իրավունքի աղբյուր, սակայն դա էին հավաստում Գերագույն և նահանգների դատարանների մի շարք որոշումներ[1]։

Առևտրային իրավունքի կարգավորումը խմբագրել

ԱՄՆ-ի առևտրային իրավունքի աղբյուների շարքում մեծ նշանակություն ունի Միասնական առևրային օրենսգիրքը, որն ընդունվեց համարյա բոլոր նահանգների կողմից, բացի Լուիզիանայից, Վիրջինիայից և Կոլումբիա դաշնային օկրուգից։ Օրենսգիրքը կազմված է 10 մասից («Ընդհանուր դրույթներ», «Առուվաճառք», «Առևտրային փաստաթղթեր», «Բանկային դեպոզիտներ և ներդրամարկղային գործարքներ», «Ակրեդիտիվներ», «Մասսայական օտարում», «Կոնոսամենտ», «Արժեքավոր փաստաթղթեր», «Գործարքների ապահովում», «Օրենքի ուժի մեջ մտնելը»), սակայն չի ներառում առևտրային իրավունքի բոլոր ինստիտուտների վերաբերյալ դրույթներ։ Օրենսգիրքը թույլատրում է միաժամանակ օգտագործել և´ ընդհանուր, և´ արդարության իրավունքը։ ԱՄՆ-ի առևտրային իրավունքի աղբյուր են համարվում նաև գործադիր իշխանության ակտերը (հրամաններ, հրահանգներ, կանոններ), որոնք առավել մանրամասնում և կենկրետացնում են օրենքը։ ԱՄՆ-ի դաշնային օրենսդրությունը ներառում է օրենքների հավաքածու, որը փոփոխվում է 6 տարին մեկ։ Այն կազմված է 50 մասից, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է իրավունքի համապատասխան բնագավառին։ ԱՄՆ-քաղաքացիական և առևտրային իրավունքի հին աղբյուրների շարքին էր պատկանում նաև սովորույթը, որը հիմա չունի նախկին նշանակությունը։ Այստեղ կան նաև այսպես կոչված առևտրային սովորույթներ, որոնք թեև իրավունքի նորմ չեն համարվում, սակայն կարող են օգտագործվել որպես դատական նախադեպ։

Ծանոթագրություններ խմբագրել