Գայանա, պաշտոնապես Գայանայի կոոպերատիվ հանրապետություն[6], երկիր Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածում։ Այն միակ անգլախոս երկիրն է Հարավային Ամերիկայում և մշակութապես համարվում է Անգլոֆոն-Կարիբյան հատվածի մաս։ Երկիրը համարվում է Կարիբյան համագործակցության հիմնադիր անդամներից մեկը։ Գայանան սահմանակցում է Ատլանտյան Օվկիանոսին հյուսիսց, Բրազիլիային` հարավից և հարավ արևմուտքից, Վենեսուելային արևմուտքից և Սուրինամին արևելքից։ Մոտ 215.000 քառակուսի կիլոմետր տարածքով Գայանան երրորդ ամենափոքր ինքնիշխան պետությունն է Հարավային Ամերիկայի մայրցամաքային գոտում Ուրուգվայից ու Սուրինամից հետո։
Գայանայի բնիկները եղել են հնդկացի ցեղեր։ Այստեղ հայտնված առաջին եվրոպացիները իսպանացի ծովագնացներ էին (XV դարի վերջ)։ XVI դարի վերջին հոլանդացի առևտրականները Գայանայում հիմնեցին բնակավայրեր, որոնք ավելի ուշ (XVIII դար) ստացան հոլանդական գաղութի ստատուս։ Գայանային տիրելու համար պայքարում էին Մեծ Բրիտանիան, Նիդերլանդիան և Ֆրանսիան։ Ի վերջո Անգլիան տիրացավ այդ բնակավայրերին, որոնք 1831 թվականին միավորվեցին՝ կազմելով Բրիտանական Գվիանա գաղութը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գայանա կատեգորիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 675)։