Ֆլամանդական ասացվածքներ (կտավ)

Պիտեր Բրեյգել Ավագի նկար

Ֆլամանդական ասացվածքներ (հոլ.՝ Nederlandse Spreekwoorden) կամ Աշխարհը գլխիվայր (հոլ.՝ The Topsy-Turvy World), ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի կտավը` ստեղծված 1559 թվականին։ Նկարը ներկայացնում է ֆլամանդական ասացվածքներն իրենց ուղղակի նշանակությամբ։

Ֆլամանդական ասացվածքներ
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Բրեյգել Ավագ[1]
տարի1559
բարձրություն117 սանտիմետր[1]
լայնություն163 սանտիմետր[1]
ուղղությունհյուսիսային Վերածնունդ
ժանրկենցաղային ժանր
նյութկաղնու փայտ
գտնվում էԲեռլինի պատկերասրահ
հավաքածուԲեռլինի պատկերասրահ[1]
հիմնական թեմաThe Blue Cloak?
կայք
Ծանոթագրություններ
 Netherlandish Proverbs (Bruegel the Elder) Վիքիպահեստում

Նկարը, որ պահվում է Բեռլինի պատկերասրահում, լի է խորհրդանիշերով, որոնք վերաբերում են հոլանդական ասացվածքներին ու ասույթներին։ Նրանցից ոչ բոլորն են վերծանվել ժամանակակից հետազոտողների կողմից, քանի որ որոշ արտահայտություններ, ժամանակի ընթացքում դադարելով գործածվելուց, մոռացվել են։ Բրեյգելի հետ գրեթե միաժամանակ իր «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպում ասացվածքներ է ներկայացրել ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեն։

Իր կտավում գեղարվեստական մեծ ուժով Բրեյգելը ներկայացնում է մարդկային թուլություններն ու թերությունները։ Նրա որդին` Պիտեր Բրեյգել Կրտսերը, հոր աշխատանքի մոտ 20 կրկնօրինակ է արել, որոնցից ոչ բոլորն են անփոփոխ ներկայացնում բնօրինակը. դրանք իրարից տարբերվում են որոշ դետալներով։

Բրեյգելի 45 նկարներից 30-ը ներկայացնում են բնությունը, գյուղն ու նրա բնակիչներին։ «Բարեկենդանի ու պասի պայքարը» կտավում (1559) ներկայացված է ժողովրդական տոնախմբությունը ֆլամանդական քաղաքի փողոցներում։ Դիմակավորված անձինք, մուրացկանները, առևտրականները, երաժիշտները, խաղացողները, հարբածները, եկեղեցականները, հանդիսատեսները, որոնք պատկերված են նկարում, շուրջպար են բռնել, խաղում են, պարում։ Հենց այդ ոգով է արված ոչ պակաս հայտնի «Ֆլամանդական ասացվածքներ» նկարը (1559)։

Նկարագրություն խմբագրել

Կտավում ներկայացված են մոտ 100 հայտնի ասացվածքներ, չնայած, հնարավոր է, որ Բրեյգելն իրականում ավելի շատ ասացվածքներ է պատկերել, քան մինչ օրս բացահայտվածները։ Որոշ ասացվածքներ լայն տարածում ունեն նաև ներկայումս, իսկ որոշ ասացվածքներ էլ աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը։

Նկարում պատկերված ասացվածքներ ու արտահայտություններ[2]
Ասացվածք Նշանակություն Պատկեր
Սատանային կարողանալ կապել բարձին Համառություն, որ կարող է հաղթահարել ամեն ինչ  
Սյուն կրծել Լինել կրոնական մոլեռանդ  
Մի ձեռքով կրակ տանել, մյուսով` ջուր Լինել երկերեսանի  
Գլուխը պատին խփել Փորձել հասնել անհնարինին  
Մի ոտքին կոշիկ կա, մյուսին` ոչ Աններդաշնակություն  
Խոզը բացում է խցանը Անփութությունն ավարտվում է աղետով  
Կատվի վզին զանգ կախել Վտանգավոր, անմիտ քայլ կատարել  
Մինչև ատամները զինվել Լավ պատրաստվել  
Երկաթ կրծել Ստել, անհամեստություն անել  
Մարդ կա ոչխար է խուզում, մարդ կա` խոզ Մեկն առավելություն ունի, մյուսը` ոչ  
Խուզի՛ր (ոչխար), բայց մորթին մի՛ հանիր Սեփական հնարավորություննրն ու առավելությունները ճիշտ չգնահատելով` չպետք է հեռուն գնալ  
Այստեղ ծովատառեխներ չեն տապակում Իրերը չեն ենթարկվում քո ծրագրածին  
Ամբողջ ծովատառեխը տապակել ձկնկիթի համար Շատ ջանքեր գործադրել աննշան նպատակին հասնելու համար  
Կափարիչը գլխին դնել Նախօրոք ստանձնած պատասխանատվությունից հրաժարվել  
Տառեխն իր խռիկներից է կախված Պատրա՛ստ եղիր պատասխանատվություն կրել արածներիդ համար  
Այստեղ ինչ-որ բան ավելի մեծ է, քան ուղղակի տառեխը Այստեղ ինչ-որ բան ավելի մեծ է, քան կարող է երևալ առաջին հայացքից  
Ի՞նչ կարող է անել ծուխը երկաթին Անիմաստ է փոխել անփոփոխը  
Անոթի մեջ շուն փնտրել Ուշանալ հացից և տեղ հասնել այն ժամանակ, երբ ուտելու բան չի մնացել  [3]
Նստել աթոռակների միջի մոխրին Լինել անվճռական  
Հավերին ստուգել Նախօրոք արդյունքը կանխագուշակել  
Մկրատը կախված է Հնարավոր է, որ քեզ խաբում են  
Միշտ նույն ոսկորը կուլ տալ Մշտապես նույն թեմայով խոսել  
Կախված է այն բանից, թե ինչ խաղաթուղթ կընկնի Կախված է դիպվածից  
Մկրատը անցքով անցկացնել Ոչ արդար եղանակով եկամուտ ստանալ «ակն ընդ ական» Մկրատն ու աչքը խաղաթղթերից աջ են ու վերև
Աշխարհը գլխիվայր է շրջվել Ամեն ինչ այնպես չէ, ինչպես պետք է լիներ  
Գոնե ձուն թողնել բնում Պետք է միշտ ձեռքի տակ որոշակի պաշար ունենալ  
Աշխարհի վրա արտաթորել Ոչ մի բանի հարգալից չվերաբերվել  
Քթից բռնած ման տալ Մեկին հիմարացնել, մեկը մյուսի խաբել  
Վիճակը գցված է Որոշումն ընդունված է  
Հիմարներին քարտեզը սազում է Հիմարությունը կարող է հաղթել խելքին  
Մատների արանքով նայել Հանդուրժող ու համբերատար լինել  
Այստեղ դանակ է կախված Ակտիվ գործունեություն պահանջող դժվար բան ձեռնարկել  
Այդտեղ փայտե կոշիկներ են Իզուր սպասել  
Ավելը դուրս հանել Զվարճանալ, քանի դեռ տանտերը բացակայում է  
Ավելի տակ ամուսնանալ Առանց ամուսնության համատեղ ապրել  
Տանիքը բլիթներով ծածկել Շատ հարուստ լինել  
Տանիքին ծակ կա Անխելամիտ լինել  
Հին տանիքը շատ ծախս է պահանջում Հին իրը մեծ խնամք է պահանջում  
Տանիքն առանց կղմինդրի Կարող են գաղտնալսել («Պատերն էլ են ականջ ունենում»)  
Ականջում ատամնացավ ունենալ Ինչ-որ բան ձևացնել  
Միզել լուսնի վրա Անօգուտ ջանքեր գործադրելով` ժամանակ կորցնել  
Այստեղ անոթ է կախված Ինչ-որ բան այնպես չէ, ինչպես պիտի լիներ  
Աղեղը երկրորդ անգամ լարել առաջին նետը որսալու համար Կրկնել անմիտ գործողություն  
Հիմարին առանց օճառի սափրել Ինչ-որ մեկին հիմարացնել  
Մի գլխարկի տակ երկու հիմար Հիմարությունը միություն է սիրում  
Աճում է պատուհանից Անհնար է թաքցնել  
Անարգանքի սյան մոտ զվարճանալ Ամոթալի գործերով ուշադրություն գրավել  
Եթե դարպասները բաց են, խոզերը վազում են հացի հետևից Անփութությունը աղետով է ավարտվում  
Ցորենը քիչ է, խոզը պարարտ է Մեկի եկամուտը մյուսի կորստի հաշվին է առաջանում  
Վազել այնպես, կարծես հետույքը վառվում է Մեծ աղետի մեջ լինեն  
Ամեն ինչ լափող կրակը կայծեր է արձակում Չպետք է զարմանալ վտանգավոր գործի ավարտից  
Անձրևանոցը քամու տակ կախել Սեփական կարծիքն արտահայտել պատեհ պահի  
Փետուրները քամուն կախել Անիմաստ աշխատանք  
Աչքերը պլշել արագիլի վրա Ժամանակն անտեղի վատնել  
Մի հարվածով երկու ճանճ սպանել Լինել հաջողակ  
Ցուլից ավանակի վրա ընկնել Սև օրեր են հասել  
Դռան բռնակը համբուրել Անկեղծ չլինել  
Հետույքը ինչ-որ մեկի դռանը մաքրել Ինչ-որ մեկին անհարգալից վերաբերվել  
Ծանր հոգսի տակ կքել Գործերն ավելի վատ ներկայացնել, քան կան իրականում  
Մուրացկանը դժվարությամբ է տեսնում մեկ այլ մուրացկի իր դարպասների մոտ Մրցակցություն կա  
Ձկնորսությամբ զբաղվել ուռկանի հարևանությամբ Բաց թողնել հնարավորությունը  
Մեծ ձուկը փոքրին ուտում է «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»  
Չհանդուրժել արևի ցոլքը ջրում Ուրիշի հաջողություններին նախանձել  
Կախված է, ինչպես պետքարանը փոսի վրա Բացահայտ իրողություն  
Ամեն մեկը կտեսնի կաղնու փայտի միջից, եթե վրան անցքեր կան Անիմաստ է ակնհայտն ապացուցել  
Երկուսով նույն պետքարանն են մտնում Լիակատար համաձայնության մեջ են  
Ինչ-որ մեկի փողերը ջրի մեջ նետել Ինչ-որ մեկի փողերը անտեղի վատնել  
Ճաքած պատը շուտով կփլվի Խնամքի բացակայության դեպքում ամեն ինչ քանդվում է  
Թող ուրիշի տունը վառվի, միայն թե դու տաքանաս Օգտագործել բոլոր հնարավորությունները` չմտածելով ուրիշների վրա ունեցած հետևանքի մասին  
Մեծ քար քարշ տալ Սիրո մեջ խաբված լինել, անիմաստ գործ կատարել  
Վախը ստիպում է պառավին վազել Անսպասելի բանը մարդու մեջ նոր որակներ է արթնացնում  
Ձիուց թուզ չի թափվում Արտաքին տեսքին մի՛ խաբվիր  
Եթե կույրն ուղեկցի կույրին, երկուսով էլ փոսում կհայտնվեն Անհիմն է համբակի մոտ սովորելը  
Երբ տեսնում ես եկեղեցին ու ախոռը, դեռ չի նշանակում, որ տեղ ես հասել Մի՛ ընդհատիր աշխատանքը, քանի դեռ չես ավարտել  
Ինչպես էլ պտտվես, արևը կրկին դուրս է գալու Չի կարելի թաքցնել հավերժականը  
Աչքն առագաստից չկտրել Զգոն լինել  
Կղկղել կախաղանին Անտարբեր լինել ամեն պատժի հանդեպ  
Որտեղ դիակ, այնտեղ` ագռավներ Եթե նախանշաններն ինչ-որ բան են ցույց տալիս, ապա դա այդպես էլ կա  
Քամու ուղղությամբ լողալը հեշտ է Բարենպաստ պայմանների դեպքում դժվար չէ լավ արդյունքի հասնելը  
Ով գիտի` ինչու է սագը բոբիկ Ամեն ինչի պատճառը կա, եթե նույնիսկ այն ակնհայտ չէ  
Եթե չես կարող սագ պահել, թող դրանք ուղղակի սագ էլ մնան Մի՛ մտիր ուրիշի գործերի մեջ  
Տեսնել, թե ինչպես են արջերը պարում[4]։ Սոված լինել  
Վայրի արջը, եթե նույնիսկ շփվում է, ապա իր նմանների հետ[4]։ Ավելի լավ է յուրայինների, քան օտարների հետ լինել  
Գլխաշորը ցանկապատից նետել Դեն նետել իր, որ դեռ կարող է օգտագործվել  
Վատ է հոսանքին հակառակ լողալը Դժվար է ընդհանուրի կարծիքին ընդդիմանալ  
Կուժը ջրի է գնում, քանի դեռ չի ջարդվել Ամեն ինչ իր սահմանն ունի  
Լավագույն գոտիները ուրիշի մորթուց են ստացվում Հեշտ է ուրիշի հաշվին ինչ-որ բան ձեռք բերել  
Գժվար է օձաձուկը պոչից բռնել Դժվար գործ ձեռնարկել  
Զամբյուղի մեջ կկորչի Շրջապատի մարդկանց ցույց տալ իր անվճռականությունը  
Երկնքի ու երկրի մեջ կախված լինել Դժվար իրավիճակում հայտնվել  
Սագի ձուն թողած` հավի ձուն վերցնել Սխալ որոշում կայացնել  
Վառարանի մոտ հորանջել Այնպիսի գործ ձեռնարկել, որ մի մարդը չի կարող հաղթահարել  
Մի բաղարջից մյուսին ձգվել Փողի նեղություն ունենալ, միջոցներից զուրկ լինել  
Առանց բռնակի բրիչ Հնարավոր է, ինչ-որ անօգուտ բան[5]  
Կացին փնտրել Արդարացում փնտրել  
Ահա և նա իր լապտերով Ունակությունները ցույց տալու հնարավորություն ստանալ  
Պոչով կացին Հնարավոր է, ամբողջական, պիտանի առարկա[5]  
Թափած շիլան նորից չհավաքել Եթե ինչ-որ բան արվել է, դժվար է նորից հետ գնալ  
Մահակն անիվի մեջ խրել Ուրիշի պլանների կատարման արգելքներն ուղղել  
Սերն այնտեղ է, որտեղ պարկով փող է կախված Սերը կարող է գնվել  
Ձգել պարանը, որ երկար մասը մոտ լինի Փորձել առավելություն ստանալ  
Սեփական լույսի մեջ կանգնել Հպարտ, ինքնագոհ լինել  
Վառարանում այլ մարդ չի փնտրի նա, ով եղել է այնտեղ Վատ գործերի մեջ ուրիշին կասկածողը հավանաբար ինքն էլ զերծ չի եղել դրանցից  
Աշխարհը բութ մատին պտտել Օգտվել բոլոր առավելություններից  
Քրիստոսին կտավատի մորուք կպցնել Առաքելության քողի տակ խաբեություն թաքցնել  
Ստիպված ստորանալ հաջողության հասնելու համար Հաջողության հասնելու համար պետք է խորամանկ, անազնիվ լինել  
Վարդերը խոզերի առաջ փռել Արժեքավորը անարժանների վրա ծախսել  
Ջրհորը դատարկել միայն հորթի խեղդվելուց հետո Ակտիվ քայլեր ձեռնարկել միայն աղետից հետո  
Համբերատար լինել, ինչպես անմեղ գառը Շատ համբերատար լինել  
Ամուսնուն կապույտ անձրևանոց հագցնել Ամուսնուն դավաճանել  
Տես, որ նրանց մեջ սև շուն չանցնի Երբ երկու կին միասին են, նույնիսկ հաչող շունը չի կարող ավելի մեծ տհաճություն պատճառել, քան այդ երկու կանայք  
Մի քամին կորցնում է այն, ինչ բերել է մյուսը Երկուսն էլ բամբասանք են տարածում  
Զամբյուղով օդ (գոլորշի, լույս) տեղափոխել Ժամանակն իզուր վատնել  
Լույսը սատանայի դիմաց պահել Շողոքորթել ու ընկերանալ` առանց հաշիվ տալու  
Խոստովանություն անել սատանային Գաղտնիքը թշնամուն հայտնել  
Խոզի փորը բացել են Ընդունվել է որոշում, որն անհնար է չեղարկել  
Երկու շուն երբեք համաձայնության չեն գա մի ոսկորի շուրջ Միակ թեմայի շուրջ վիճել  
Փրփուրը հանելու համար շերեփ լինել Պորտաբույծ լինել  
Ինչ օգուտ գեղեցիկ ափսեից, եթե բան չկա մեջը դնելու Գեղեցկությունն ինքնանպատակ չէ  
Իրար հետ զվարճանում էին աղվեսն ու կռունկը Երկու խաբեբա միշտ հիշում են իրենց օգուտի մասին[6]  
Ականջին փչել Լուրեր տարածել  
Կավիճով նշել Նշել հիշողության մեջ չմոռանալու համար  
Երբ շամփուրին միս են խորովում, այն պետք է շրջել Որոշ գործեր անընդհատ ուշադրություն են պահանջում  
Նրա հետ շամփուր չես պտտի Հակված չէ համագործակցության  
Անկյունում նստել Անհամբեր լինել  
Առանց ցանցի ձուկ բռնել Ուրիշների աշխատանքից շահ ակնկալել  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Gemäldegalerie Berlin Old Master Paintings (english edition, 2012) (գերմ.)Prestel Verlag, 2012. — S. 67. — ISBN 978-3-7913-5207-7
  2. Rainer Hagen. Bruegel: The Complete Paintings. Taschen, 2000. pp. 96. ISBN 3-8228-5991-5. Стр. 36-37.
  3. Կտավի այս տեղում շունը կեղտից չի երևում
  4. 4,0 4,1 Ասացվածքի բնօրինակը ճշգրիտ վերականգնված չէ
  5. 5,0 5,1 Ասացվածքի ճշգրիտ նշանակությունը բացահայտված չէ։
  6. Ակնարկ է Եզոպոսի «աղվեսն ու կռունկը» առակին։

Աղբյուրներ խմբագրել

  • Rainer Hagen (2000). Rose-Marie Hagen (ed.). Bruegel: The Complete Paintings. Taschen. էջ 96. ISBN 3-8228-5991-5.
  • Patrick De Rynck (1963). How to Read a Painting: Lessons from the Old Masters. New York: Abrams. էջ 379. ISBN 0-8109-5576-8.
  • «The Netherlandish Proverbs by Pieter Brueghel the Younger». Fleming Museum, University of Vermont. 2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.
  • The Netherlandish Proverbs: An International Symposium on the Pieter Brueg(h)els, ed. by Wolfgang Mieder. University of Vermont. 2004.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլամանդական ասացվածքներ (կտավ)» հոդվածին։