Պիտեր Բրեյգել Ավագ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրեյգել (այլ կիրառումներ)
Պիտեր Բրեյգել Ավագ կամ «Ռամիկ» (հոլ.՝ Pieter Bruegel de Oude, 1526[1][2][3][…], Բրեդա, Baronie van Breda, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4][5] - սեպտեմբերի 9, 1569, Բրյուսել, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[5]), ֆլամանդացի գեղանկարիչ, գծանկարիչ, բնանկարի ու ժանրային նկարների վարպետ: Այս ազգանունը կրողներից ամենահայտնին է։ Նկարիչներ Պիտեր Բրեյգել Կրտսերի և Յան Բրեյգել Ավագի հայրն է։
Պիտեր Բրեյգել Ավագ հոլ.՝ Pieter Bruegel de Oude | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Pieter Bruegel de Oude |
Ծնվել է | 1526[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրեդա, Baronie van Breda, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4][5] |
Վախճանվել է | սեպտեմբերի 9, 1569 |
Մահվան վայր | Բրյուսել, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[5] |
Ազգություն | Ֆլամանդացիներ[5] |
Քաղաքացիություն | Հաբսբուրգյան Նիդերլանդներ |
Մասնագիտություն | նկարիչ և փորագրիչ |
Ոճ | Dutch and Flemish Renaissance painting? |
Ժանր | հյուսիսային Վերածնունդ |
Թեմաներ | Վերածննդի գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Two Chained Monkeys?, Անմիտ Գրետան և Գյուղական պար |
Ուսուցիչ | Պիտեր Կուկ վան Ալստ[2] |
Անդամակցություն | Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա |
Ամուսին | Մայկեն Քոյկե |
Զավակներ | Պիտեր Բրեյգել Կրտսեր և Յան Բրեյգել Ավագ |
Ազգականներ | Պիտեր Կուկ վան Ալստ[6] և Պաուելս Կուկ վան Ալստ[6] |
ստորագրություն![]() | |
Pieter Bruegel (I) Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Պիտեր Բրեյգելը ենթադրաբար ծնվել է 1525-1530 թվականների միջակայքում (ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէ)[7]: Որպես ծննդավայր հաճախ մատնանվում է Բրեդա քաղաքը (Նիդերլանդներ, Հյուսիսային Բրաբանտ):
Սկզբում նկարչի ազգանունը գրվել է Brueghel (գրության այս ձևը պահպանվել է նրա երեխաների ազգանուններում), սակայն 1559 թվականից նկարիչը սկսել է իր նկարները ստորագրել Bruegel ձևով:
Ստեղծագործական կյանքը նկարիչը սկսել է գրաֆիկական աշխատանքներով: 1540-ական թվականների կեսերին հայտնվել է Անտվերպենում, որտեղ սովորել է Կառլոս V կայսեր պալատական նկարիչ Պիտեր Կուկ վան Ալստի մոտ:
Վան Ալստի վարպետանոցում Բրեյգելն աշխատել է մինչև իր վարպետի մահը 1550 թվականին: 1551 թվականին Բրեյգելն ընդունվել է Անտվերպենի նկարիչների գիլդիա և աշխատանքի անցել Հիերոնիմ Կոկի վարպետանոցում, որ տպագրում ու վաճառում էր փորագրություններ: Կոկի վարպետանոցում նկարիչը տեսել է Հիերոնիմոս Բոսխի ստեղծագործությունների էստամպները, որոնք տպավորել են նրան այնքան, որ նա մեծ նկարչի թեմաներով իր տարբերակներն է նկարել:
1552-1553 թվականներին Կոկի առաջարկով Բրեյգելը ճանապարհորդել է Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա իտալական բնապատկերների շարք ստեղծելու նպատակով, որը նախատեսված պիտի լիներ փորագրությունների համար: Պիտեր Բրեյգելը տպավորվել է Հռոմի հուշարձաններով և Վերածննդի գործերով, ծովային տարերքով և Միջերկրական ծովի գեղատեսիլ ծովախորշերով[8]: Ենթադրաբար Հռոմում նա աշխատել է մանրանկարիչ Ջուլիո Կլովիոյի հետ:
1563 թվականին Բրեյգելն ամուսնացել է իր ուսուցիչ Վան Ալստի դստեր` Մարիայի հետ (Մայկեն)[9]:
1556 թվականին Բրեյգելն աշխատել է Անտվերպենում «Չորս քամի» տպագրական վարպետանոցում, որ պատկանել է նիդերլանդացի հրատարակիչ Հիերոնիմ Կոկին: Բրեյգելի նկարներով այստեղ պատրաստվել են «Մեծ ձկներն ուտում են փոքրերին», «Ավանակը դպրոցում» փորագրությունները: Փորձելով բավարարել հարուստ պատվիրատուների ճաշակը` Կոկը նույնիսկ չի վարանել կեղծել փորագրությունների ստորագրությունները: Այսպես, «Մեծ ձկներն ուտում են փոքրերին» փորագրությունը վաճառվել է նիդերլանդացի հայտնի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի ստորագրությամբ:
1557 թվականին Բրեյգելը ստեղծել է փորագրությունների շարք, որոնք ներկայացրել են յոթ մահացու մեղքերը:
1563 թվականին Բրեյգելն ընտանիքով տեղափոխվել է Բրյուսել:
Ինչքան հայտնի է, Բրեյգելը պատվերով դիմանկարներ ու մերկ բնորդներ չի նկարել: Նրան վերագրվող դիմանկարներից միայն մեկն է հաստատապես պատկանում նկարչի վրձնին` «Ծեր կնոջ դիմանկարը» (1564, Հին պինակոտեկ): Հավանաբար նկարիչը դիմանկարների պատվերների պակաս չի ունեցել, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք չի ընդունել:
1564 թվականին նկարել է «Մոգերի երկրպագություն» կտավը, իսկ 1565 թվականին` «Տարվա եղանակները» (կամ «Տասներկու ամիսներ») շարքը` բաղկացած վեց նկարից, որոնցից մեկը չի պահպանվել: Ուշ միջնադարի` ազնվականության համար ստեղծված նկարազարդ աղոթագրքերում հաճախ եղել է օրացույց, որտեղ ամեն ամսվան հատկացված է եղել առանձին էջ: Եղանակի փոփոխությունը առավել հաճախ պատկերվել է ամեն ամսվան բնորոշ աշխատանքներով, սակայն Բրեյգելի մոտ եղանակների փոփոխության հիմնական դերակատարը բնությունն է, իսկ մարդիկ, ինչպես նաև անտառները, լեռները, ջուրը, կենդանիները լանդշաֆտի մի մասն են միայն կազմում: Շարքի բոլոր նկարները` «Նախրի վերադարձը», «Որսորդները ձյան վրա», «Հունձք», «Ամպամած օր», «Հունձ», նույն ֆորմատով են և հավանաբար ստեղծվել են նույն պատվիրատուի պատվերով: Կարել վան Մանդերը կարծում էր, որ այդ պատվիրատուն անտվերպենյան առևտրական Նիկոլաս Յոնգելինկն էր, որ, հետագայում գումարի խիստ կարիք ունենալով, իր ունեցած բոլոր նկարները գրավադրել է` այլևս չկարողանալով դրանք վերադարձնել:
Բրեյգելի կամ Բրեյգելին վերագրվող մոտ 45 նկարներից մոտավորապես 30-ը բնության, գյուղական կյանքի ու նրա բնակիչների թեմաներով են: Գյուղական ստորին խավի անդիմագիծ ներկայացուցիչները դարձել են նրա աշխատանքների գլխավոր հերոսները. որոշ գործերում նա նույնիսկ մասամբ ընդհանրապես փակում է կերպարների դեմքերը: Սակայն ուշ շրջանի գործերը վկայում են, որ հեղինակի հետաքրքությունը անհատական կերպարների հանդեպ աճել է: Նկարիչը սկսել է նկարել մարդկանց խոշոր կերպարներ, որոնց ստորադասվում է շրջապատը: Այդպիսի նկարներից են «Կույրերը», «Գյուղացին ու բներ քանդողը», «Մարդատյացը», «Հաշմանդամներ»:
Բրեյգելը եղել է մոտ քառասուն տարեկան, երբ իսպանացի հերցոգ Ֆեռնանդո Ալբայի զորքերը մտել են Բրյուսել Նիդերլանդներում հերետիկոսներին ոչնչացնելու նպատակով: Նկարչի կյանքի վերջին տարիներն անցել են ահաբեկության մթնոլորտում: Բրեյգելի վերջին գործերից մեկի մասին` «Կաչաղակը կախաղանին» (1568, Հեսսենի երկրամասի թանգարան), Վան Մանդերը գրում է, որ նա «կնոջը կտակել է կախաղանով նկարը, որտեղ կաչաղակը խորհրդանշում է բանսարկուներին, որոնց նա կուզեր կախված տեսնել»: Կախաղանն իր հերթին ասոցացվել է իսպանացիների կառավարմանը, երբ իշխանությունները սկսել են ամոթալի մահվան դատապարտել ենթականերին, իսկ Ալբայի իշխանությունը հիմնված է եղել բացառապես մատնությունների վրա: «Մանուկների կոտորած» նկարում պատկերված է սևազգեստ չար կերպարը, որ հետևում է Հերովդեսի հրամանների կատարմանը: Այս կերպարի նմանությունն Ալբային նույն հարթության վրա է դնում Ֆիլիպ II-ին Հերովդեսի հետ:
Վան Մանդերը հաղորդել է Բրեյգելի վերջին նկարի մասին «Ճշմարտության հաղթարշավը» (նկարը չի պահպանվել), որ նա համարել է լավագույնը նկարչի ստեղծագործության մեջ:
Պիտեր Բրեյգել Ավագը մահացել է 1569 թվականի սեպտեմբերի 9-ին Բրյուսելում: Թաղված է Բրյուսելի Նոտր Դամ դե լա Շապել եկեղեցում:
Ստեղծագործական ներդրումԽմբագրել
Աշխատել է Անտվերպենում, 1563 թվականից` Բրյուսելում։ Հետևելով ազգային ավանդույթներին և ժողովրդական բանահյուսությանը՝ ստեղծել է խոր ազգային կերպարներ։ Պիտեր Բրեյգել Ավագը ազգային բնանկարի ստեղծողն է, ֆլամանդական և հոլանդական ռեալիստական արվեստի հիմնադիրներից։
Ներկայումս միայն 45 աշխատանք է անտարակուսելիորեն համարվում Բրեյգելի վրձնինը: Դրանցից 43-ը պահվում են 12 երկրների թանգարաններում` Ավստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Նիդերլանդներ, ԱՄՆ, Ֆրանսիա, Չեխիա, Շվեյցարիա: Նկարչի գործերը առավել շատ ներկայացված են Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում (12) և Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում (4):
ԳործերիցԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.pinakothek.de/kunst/meisterwerk/pieter-bruegel-d-ae/das-schlaraffenland
- ↑ 3,0 3,1 Pieter Bruegel — 1960.
- ↑ 4,0 4,1 4,2 RKD-Nederlands Instituut voor Kunstgeschiedenis
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 https://rkd.nl/explore/artists/13292
- ↑ 6,0 6,1 http://www.metmuseum.org/exhibitions/listings/2014/grand-design/blog/posts/getting-to-know-pieter-coecke-van-aelst
- ↑ Orenstein, 5; Grove
- ↑ Grove
- ↑ Orenstein, 5
Արտաքին հղումներԽմբագրել
- Բոսխ և Բրեյգել (անգլ.)
- Պիտեր Բրեյգել Ավագի գեղանկարչությունը (անգլ.)
- Կենսագրությունը Web Gallery of Art կայքում (անգլ.)
- Web Gallery of Art: Պիտեր Բրեյգել Ավագի նկարները (անգլ.)
- Պիտեր Բրեյգել Ավագի նկարները abcgallery.com կայքում (անգլ.)
- Պիտեր Բրեյգել Ավագ "A World History of Art" կայքում (անգլ.)
- Պիտեր Բրեյգել Ավագ Archived 2020-08-13 at the Wayback Machine. (ֆր.)
- Վաղ վերածնունդը և Պիտեր Բրեյգել Ավագը (անգլ.)
- Պիտեր Բրեյգել Ավագը timkenmuseum.org կայքում Archived 2010-04-21 at the Wayback Machine. (անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պիտեր Բրեյգել Ավագ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |