Քարային շինանյութեր, քարանման կառուցվածքով շինանյութերի և շինվածքների ընդարձակ խումբ։ Տարբերում են բնական (ստացվում են ապարների մեխանիկական մշակմամբ, երբեմն նաև առանց հատուկ մշակման) և արհեստական (արտադրվում են միներալային հումքի տեխնոլոգիական վերամշակմամբ) քարային շինանյութեր։ Շինարարական բարձր հատկությունների տարածվածության և բնական հումքի անսահմանափակ պաշարների շնորհիվ լայնորեն կիրառվում են ժամանակակից շինարարության մեջ։ Ըստ ձևի քարային շինանյութերը լինում են անկանոն ձև ունեցող կտորների (խամքար, խիճ) և կանոնավոր ձև ունեցող հատավոր շինվածքների (բլոկներ, սալեր, ձևավոր շինվածքների) տեսքով, ըստ խտության (ծավալաին զանգվածի)՝ ծանր (1800 կգ3-ից ավելի), թեթև (1800-1200 կգ3) և հատկապես թեթև (1200 կգ3-ից պակաս)։ Որպես ջերմամեկուսիչ նյութեր օգտագործվող արհեստական քարային շինանյութերը կարող են ունենալ շուրջ 500 կգ3 խտություն։

Քարային շինանյութերի հիմնական ցուցանիշը ամրության սահմանն է սեղմելիս, որը բնութագրվում է մակնիշով։ Ըստ այդ հատկանիշի քարային շինանյութերը լինում են կարծր (գրանիտ, բազալտ, քվարցիտ), միջին կարծրության (մարմար, կրաքար, տուֆ), փափուկ (գիպսաքար, թույլ կրաքար)։ Քարային շինանյութերի ամրությունը ձգելիս 7-15 անգամ պակաս է սեղմման դեպքում ունեցած ամրությունից, ուստի արհեստական քարային շինանյութերը հաճախ ամրանավորում են թելքավոր նյութերով (ասբեստ, ապակե կամ օրգանական մանրաթել) կամ մետաղով (պողպատե ամրան)։ Արտաքին կոնստրուկցիաներում կիրառվող քարային շինանյութերը պետք է ունենան որոշակի սառնակայունություն և ջրակայունություն։ Կիրառման բնագավառներից կախված քարային շինանյութերը գնահատվում են ջրակլանման, թթվակայունության հատկություններով, քերամաշելիության աստիճանով։ Ըստ մեխանիկական մշակման եղանակների բնական քարային շինանյութերը լինում են հետևյալ հիմնական տեսակների, ավազ և կոպիճ (ստացվում են համապատասխան փուխր ապարների մաղումով և լվացումով), խամքար (ստացվում է գլխավորապես կրաքարի, ավազաքարի և այլ նստվածքային ապարների մշակմամբ), խիճ (ստացվում է ապարների ջարդումով, հիմնականում ծառայում է հենապատերի, շենքերի հիմքերի շարվածքի համար), սղոցված քարեր և բլոկներ (անմիջապես քարհանքում քարակտրիչ մեքենաներով սղոցվում է փափուկ ապարներից՝ տուֆ, խեցեքար ), երեսապատման քարեր, սալեր և ձևավոր շինվածքներ։ Առավել տարածված են ավազը, կոպիճը և խիճը (լայնորեն կիրառվում են բետոններ և շինարարական շաղախներ պատրաստելիս), սղոցած քարերն ու բլոկները (օգտագործվում են որպես տեղական որմնանյութ), երեսապատման քարերը, սալերը և ձևավոր շինվածքները (շենքերի ներքին և արտաքին դրվագման, հատակի փռվածքի, աստիճանների, քիվապատերի, ծածկերի պատրաստման համար)։

Բնական քարային շինանյութերով բավականին հարուստ է Հայաստանը, որտեղ կան աշխարհում հայտնի գրեթե բոլոր տեսակի քարերը։ Առանձնապես աչքի են ընկնում հրաբխային ծագում ունեցող քարանյութերը՝ հրաբխային տուֆը հրաբխային խարամները, պեմզան, պեռչիտը, տրավերտինը, դոչոմիտը, պորֆիրիտը են։ Արհեստական քարային շինանյութեր կարող են ստացվել կավե կամ խեցեղեն զանգվածից՝ հաջորդական թրծմամբ (կավե աղյուս, խեցեքարեր), սիլիկատային հալույթներից (քարային ձուլում, ապակե շինվածքներ), կապակցանյութեր պարունակող խառնուրդներից (բետոնե, երկաթբետոնե և սիլիկաբետոնե պանելներ ու բլոկներ, սիլիկատային աղյուս են)։ Արհեստական քարային շինանյութերի կարևորագույն, առավել ինդուստրիալ տեսակը բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաները և շինվածքներն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։