Փոքր ձկնկուլ

թռչունների տեսակ
Փոքր ձկնկուլ
Փոքր ձկնկուլ
Փոքր ձկնկուլ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Aequornithes
Կարգ Խոլահավազգիներ (Suliformes)
Ընտանիք Ձկնկուլներ (Phalacrocoracidae)
Ցեղ Microcarbo
Տեսակ Փոքր ձկնկուլ (M. pygmaeus)
Միջազգային անվանում
Microcarbo pygmaeus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Փոքր ձկնկուլ (լատին․՝ Phalacrocorax pygmeus), ձկնկուլների ընտանիքին պատկանող թռչուն։ Տարածված է Ալժիրում, Բալկանյան թերակղզում, Հունգարիայում, Սև և Կասպից ծովերում, Սիրդարիայում, Փոքր Ասիայում և Իրաքում։ Քաշը կազմում է 600-1000 գրամ։ Հայաստանում համարվում է որպես ձմեռող տեսակ (նախկինում՝ բնակվող, չվող)։ Թվաքանակը փոքր է։ Մինչ Սևանա լճի մակարդակի նվազելը նրանք բնադրվում էին Գիլլիի եղեգնուտներում, մեծ ձկնկուլների հետ։ Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 5-6 երկնագույն ձու։ Սնվում է մանր ձկներով։ Միսը որպես սնունդ պիտանի չէ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հարավային Եվրոպայում, Առաջավոր և Միջին Ասիայում, Փոքր Ասիայում, Իրաքում և Հարավային Կովկասում։ Հայաստանում չուի ընթացքում հանդիպում է Սևանա լճի ավազանում և հազվադեպ նաև ամռանը։ Տարածված է Արարատյան հարթավայրի ձկնաբուծական լճակներում և Սևջուր գետի եղեգնի բուսուտներում։ Բնադրող զույգերի քանակը տատանվում է 200-400-ի սահմաններում, ներկայումս հիմնականում ապրում և ձվադրում են Արմաշի ձկնաբուծական լճակներում՝ մեծ ձկնկուլի հետ համատեղ[2]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են լճերում, ճահճուտներում, գետերում, ձկնաբուծական լճակներում, ճահճային բուսուտներում, Սևջուր գետի համակարգի ջրաճահճային մացառներում և եղեգնուտներում, որտեղ եղեգնուտների այրման հետևանքով ապրելավայրերը խիստ դեգրադացվել են։ 10-20 զույգից կազմված փոքր գաղութներով բնադրվում են Սևջուր գետի համակարգում, հաճախ՝ նաև ջրաճահճային այլ թռչունների հետ։ Նստակյաց են։ Բույնը աղուտային, կոնաձև, եղեգից է, ջրաճահճային բուսուտներում, եղեգնի ջարդված ցողունների վրա։ Ձվերը 42,5-53,5 մմ են, 4-5 հատ, բաց երկնագույն։ Թխսումը մոտ մեկ ամիս է, ձագերը լինում են մերկ և անօգնական, արագորեն աճում են և 2,5 ամսականում կարողանում են թռչել[2]։

Պահպանություն խմբագրել

Հազվագյուտ, անհետացող տեսակ է, որը գրանցված էր նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։

Չուի և ձմեռման ժամանակ Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում հաշվառվում է 1500-3000 առանձնյակ։ Բնադրող և ձմեռող անհատների թվաքանակի աճը նկատվում է տարեցտարի։

Վտանգման հիմնական գործոններն են տնտեսական գործունեության և եղեգնուտների հրդեհման հետևանքով բնադրավայրերի ոչնչացումը և ձմռան ամիսներին որսագողությունը։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մ. Ս. Ադամյան - «Հայաստանի թռչունները», Երևան, Սովետական հրատարակչություն, 1985
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.