Փոքր Հայքի կազմակերպություն

«Փոքր Հայքի կազմակերպություն», ազատագրական կազմակերպություն։ Ստեղծվել է 1885 թվականին Մարզվանի «Անատոլիա» քոլեջի ուսանողների ջանքերով՝ պատմական Փոքր Հայքի, Կիլիկիայի և Սև ծովի ափամերձ հայաբնակ վայրերում ազատագրական գաղափարներ տարածելու, ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը արթնացնելու, ինքապաշտպանության նախապատրաստելու նպատակով։ Գաղափարական ղեկավարներն էին քոլեջի դասախոսներ Թումայանը և Գայայանը։

Կազմակերպությունը մասնաճյուղեր ուներ Եվդոկիայում, Մալաթիայում, Կեսարիայում։ Ակնառու գործիչներն էին Գևորգ Փասպանյանը, Սահակ Այվազյանը, Գևորգ Աուսքելյանը (Մալաթիայում), Ժիրայրը (Մարտիրոս Պոյաջյան), վարդապետ Դանիելը (Կեսարիայում) և ուրիշներ։ Քանի որ կազմակերպությունը հանդես էր գալիս նաև թուրքական իշխանությունների հալածանքներից արևմտահայ աշխատավորների պաշտպանությամբ, ապա նրանց պայքարը ազգ-ազատագրականի հետ երբեմն կրում էր նաև սոցիալական բնույթ։

Մարզվանի մասնաճյուղը ստեղծել էր մի քանի զինված խմբեր (իրականում ժողովրդական վրիժառուներ էին), որոնք կազմակերպված պայքար էին մղում կառավարական պաշտոնյաների և թուրք ու քուրդ ավազակախմբերի դեմ՝ անկախ ազգությունից պաշտպանելով աշխատավոր ժողովրդի շահերը։ Այդ խմբերից առավելապես հռչակվեց Մինասյան երեք եղբայրների խումբը։

«Փոքր Հայքի կազմակերպության»մասնաճյուղերը միշտ չէ, որ համախումբ էին և գործունեությունը՝ համաձայնեցված. երբեմն ցրվում էին. ուժերը վատնում առանձին գործողությունների վրա։ Չնայած առանձին փաստերին (1880-ական թվականների կեսից Ժիրայրը փորձում էր կապ պահպանել Վանի «Սև խաչ», Էրզրումի «Պաշտպան Հայրենյաց» կազմակերպությունների հետ), կազմակերպությունը չվերաճեց համահայկական շարժման։ Երբ Հնչակյան կուսակցությունն սկսեց իր գործունեությունը Արևմտյան Հայաստանում, «Փոքր Հայքի կազմակերպության» անդամների մեծ մասը անդամագրվեց նրան։

Գրականություն խմբագրել

  • Չորմիսյան Լ., Համապատկեր Արևմտահայոց մեկ դարու պատմության, հ.2, Բեյրութ, 1974։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։