Սիլոս (իսպաներեն՝silos, silo — նկուղ, ցորենի պահեստահոր), հյութալի կեր, որը պատրաստում են անօդ պայմաններում պահածոյացմամբ։

Եգիպտացորենի սիլոս
Անասնակերի սիլոսացում Մեծ Բրիտանիայում

Ըստ հումքի տեսակի տարբերում են եգիպտացորենի, կարտոֆիլի, արևածաղկի, վիկ-վարսակային և այլ սիլոսներ։ Սիլոսի սննդարարությամբ մոտավորապես համարժեք է սիլոսացվող զանգվածին, նրանում պահպանվում են կարոտինը և վիտամին C, պարունակում է ավելի քիչ ջրալույծ շաքարներ, բայց առկա են օրգանական թթուները, կաթնաթթու (մինչև 2%), քացախաթթու (մինչև 0,6%), իսկ սիլոսի մի քանի տեսակներում՝ նաև պրոպինաթթու, վալերիանաթթու են, սիլոսացման տեխնոլոգիայի խախտման և ոչ ճիշտ պահպանման դեպքում՝ նաև կարագաթթու։ Սիլոսի դյուրամարսելիությունը կախված է բույսերի տեսակից, բերքահավաքի պահին դրանց զարգացման փուլից, սիլոսացման տեխնոլոգիայից և պահպանման պայմաններից։ 100 կգ արևածաղկի սիլոսը պարունակում է մոտ 16 կերային միավոր, 1,4 կգ մարսելի պրոտեին, 350 գ կալցիում, 160 գ ֆոսֆոր և 1500 մգ կարոտին։ Լավագույն սիլոսի գույնը պետք է լինի դեղնականաչավուն, դեղնավուն, իսկ մուգշագանակագույնը բնորոշ է ուժեղ տաքացած սիլոսին։ Հոտը նման է թթու դրած կաղամբի, երբեմն՝ մրգերի, ուժեղ ինքնատաքացման դեպքում՝ թարմ հացի կամ մեղրի, իսկ փչանալիս՝ հոտած ձկան, գոմաղբի հոտին։ Լավագույն Սիլոսի Ph=4,2՝ մոտ 70% խոնավության դեպքում։ Սիլոսը բարելավում է մարսողությունը, հնարավոր է դարձնում լավագույն ձևով օգտագործել այլ կերերը (հատկապես կոպիտ կերերը)։ Սիլոսով կերակրում են գյուղատնտեսական բոլոր կենդանիներին։ Կաթնատու և բտվող կենդանիների կերաբաժիններում այն կարող է կազմել ընդհանուր կերի 50, իսկ խոզերի համար՝ մինչև 20%։ Հորթերի, խոզերի և թռչունների համար պատրաստում են հատուկ սիլոսին։ Սիլոսը տալիս են ձմռանը, իսկ չորային շրջաններում նաև ամռանը։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։