Տուրպան

թռչունների տեսակ
Տուրպան
Տուրպան (արու)
Տուրպան (արու)
Տուրպան (էգ)
Տուրպան (էգ)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Սագանմաններ (Anseriformes)
Վերնաընտանիք Anatoidea
Ընտանիք Բադեր (Anatidae)
Ենթաընտանիք Anatinae
Ցեղ Սուզաբադ (Melanitta)
Տեսակ Տուրպան (M. fusca)
Միջազգային անվանում
Melanitta fusca
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Տուրպան (լատին․՝ Melanitta fusca), բադերի ընտանիքին պատկանող ջրլող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Ամառնահյուր է, չվող և հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 51-58 սմ է, թևերի բացվածքը՝ 90-99 սմ, կենդանի զանգվածը՝ 0,9-1,6 կգ։ Փետրածածկը մուգ է։ Գլուխը, կտուցը, վիզը հաստ են։ Բնադրման շրջանում արուի փետրածածկը սև է, փայլուն, թևի սպիտակ բիծն առավել տեսանելի է թռչելիս։ Աչքի տակ կա ոչ մեծ սպիտակ բիծ, կտուցը հիմնականում դեղին է։ Հետբնադրման շրջանում արուն ավելի խամրած է, դարչնագույն, էգը վերևից մուգ դարչնագույն է, թևին կա 1 սպիտակ բիծ, իսկ գլխի կողքերին՝ 2-ական սպիտակավուն բծեր։

Սովորաբար հանդիպում է ոչ մեծ երամներով (մինչև 20 անհատ)։ Թռչում է ջրից ոչ լրիվ կտրվելով և ոչ ճարպիկ։ Սնվում է խեցգետնակերպերով, խխունջներով, ջրային բույսերով՝ ժայռոտ ափերի երկայնքով քայլելով։ Բնակվում է քարքարոտ և ժայռոտ ափերով խոշոր լճերում։

Բազմացում խմբագրել

Հարսանեկան առաջին խաղերը (նման են կռիվների) տեղի են ունենում ապրիլի սկզբին։ Բնի կառուցումն ավարտվում է և առաջին ձվերը հայտնվում են մայիսի վերջից հունիսի վերջը։ Ձագերը հայտնվում են հուլիսի ընթացքում, օգոստոսին թռչում են լիարժեք։

Վտանգման հիմնական գործոններ խմբագրել

Մինչև 1960-ական թվականները, Տուրպանը, որպես Սևանա լճի ժայռաշատ ափերին բնորոշ, ծագումով բորիալ, մնացորդային տեսակ, համարվում էր բավական մեծ, նստակյաց (բնադրող) համակեցություն, որը, սակայն, Սևանա լճի մակարդակի անընդհատ նվազման հետևանքով վերջնականապես անհետացել է (1966-1968 թվականներին Սևանա լճի ավազանում գրանցվել է 2-12 թռչուն, 1995 թվականին Արփի լճում՝ 2-3)։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Սկանդինավյան թերակղզում, Ասիայի հյուսիս-արևմուտքում, Հարավային Կովկասում, Փոքր Ասիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում։ Հայաստանում հանդիպում է միայն Սևանա լճի ավազանում՝ գարնանային և աշնանային շրջաններում[1]։

Պահպանություն խմբագրել

Հազվագյուտ անհետացող տեսակ է, որոշ տեղերում` չվահյուր։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է տվյալների անբավարարություն կատեգորիայով։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուրպան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուրպան» հոդվածին։