Տուոլ Սլենգի ցեղասպանության թանգարան

Տուոլ Սլենգի ցեղասպանության թանգարան (անգլ.՝ Tuol Sleng Genocide Museum) (կխմեր.՝ សារមន្ទីរឧក្រិដ្ឋកម្មប្រល័យពូជសាសន៍ទួលស្លែង, որը նշանակում է «Թունավոր ծառերի բլուր»), թանգարան, որը ժամանակագրում է Կամբոջայի ցեղասպանությունը։ Տեղակայված է մայրաքաղաք Պնոմպենում, միջնակարգ դպրոցի մի նախկին շենքում, որը «Կարմիր քմերներ» ռեժիմը 1975 թվականից մինչև 1979 թվականի իր անկումն օգտագործել է որպես «Անվտանգության բանտ 21» (S-21)։ 1976 - 1979 թվականներին 20,000 մարդ է բանտարկվել Տուոլ Սլենգում և այն հանդիսացել է «Կարմիր քմերներ» ռեժիմի հիմնած խոշտանգումների և մահապատժի 150-196 կենտրոններից մեկը[1]։ 2010 թվականի հուլիսի 26-ին Կամբոջայի դատարանը բանտի բանտապետ Կանգ Կեկ Իեուին դատապարտել է ցմահ բանտարկության՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների և 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների լուրջ խախտումների համար[2]․ վերջինս վախճանվել է 2020 թվականի սեպտեմբերի 2-ին՝ պատիժը կրելու ընթացքում[3]։

Տուոլ Սլենգի ցեղասպանության թանգարան
Տեսակթանգարան և բանտ
Երկիր Կամբոջա
ՏեղագրությունՊնոմպեն
ՎայրՊնոմպեն
ՀասցեՊնոմպեն
Հիմնադրվել է1980
ՏնօրենKang Kek Iew?
Կայքtuolsleng.gov.kh
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Դասասենյակների մեծ մասը վերածվել են բանտախցերի
 
Բանտախցեր
 
Փշալարեր ցանկապատի շուրջ
 
Թանգարանի ներսում

Թագավոր Նորոդոմ Սիանուկի նախիներից մեկի պատվին անվանակոչված Տուոլ Սվեյ Փրեյ դպրոցի[4] հինգ մասնաշենքերը 1976 թվականի մարտին կամ ապրիլին վերափոխվել են բանտի ու հարցաքննությունների կենտրոնի։ Քաղաքի այլ կառուցներ մինչ այդ օգտագործվել են որպես S-21 բանտ։ «Կարմիր քմերներ» ռեժիմը բանտն անվանել է «Անվտանգության բանտ 21» (S-21) և սկսել այն ձևափոխել՝ բանտարկյալներին հարմարեցնելու համար․ շենքերը շրջափակվել են էլեկտրաֆիկացված փշալարերով, դասասենյակները վերածվել են փոքրիկ բանտախցերի և խոշտանգման սենյակների, բոլոր պատուհանները ծածկվել են երկաթյա ճաղավանդակներով ու փշալարերով՝ փախուստներն ու ինքնասպանությունները կանխելու նպատակով։

1976 - 1979 թվականների ընթացքում մոտավորապես 20,000 մարդ է բանտարկվել Տուոլ Սլենգում (իրական թիվն անհայտ է)։ Ցանկացած պահի բանտում գտնվել են 1,000–1,500 բանտարկյալներ։ Նրանք բազմիցս ենթարկվել են խոշտանգումների և հարկադրվել ընտանիքի անդամների և մերձավոր ընկերեների անուններ տալ, որոնք իրենց հերթին ձերբակալվել, խոշտանգվել և սպանվել են։ Բանտի գոյության առաջին ամիսների ընթացքում զոհերի մեծ մասը եղել են նախորդ Լոն Նոլի ռեժիմի ներկայացուցիչներ և նրանց թվում եղել են զինվորներ, կառավարության պաշտոնյաներ, ակադեմիկոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, ուսանողներ, գարծարանային բանվորներ, քահանաներ, ինժեներներ և այլք։ Հետագայում կուսակցական ղեկավարության ուշադրության կենտրոնում հայտնվել են հենց իրենց ներկայացուցիչները և ամբողջ երկրով մեկ զտումների են ենթարկվել հազարավոր կուսակցական ակտիվիստներ ու նրանց ընտանիքները, որոնք բերման են ենթարկվել Տուոլ Սլենգ ու սպանվել[4]։ Ձերբակալվածների թվում էին այնպիսի բարձրաստիճան քաղաքական գործիչներ, ինչպիսիք են՝ Կոյ Տհուոնը, Վորն Վետը, Հու Նիմը։ Չնայած նրանց ձերբակալության պաշտոնական հիմնավորումը եղել է «լրտեսությունը», «Կարմիր քմերներ» ռեժիմի առաջնորդ Պոլ Պոտը հավանաբար նրանց համարել է իր դեմ հեղաշրջման հավանական ղեկավարներ։ Բանտարկյալների ընտանիքները երբեմն զանգվածաբար բերվել են հարցաքննությունների ու հետագայում ենթարկվել մահապատժի Չոենգ Էկ բնաջնջման կենտրոնում։

1979 թվականին բանտը բացահայտվել է հաղթական վիետնամական բանակի կողմից։ 1979 - 1980 թվականների ընթացքու որոշակի ժամանակահատված բանտը վերաբացվել է Կամպուչիայի Ժողովրդական Հանրապետության կողմից՝ որպես պատմական թանգարան, ի հիշատակություն «Կարմիր քմերների» ռեժիմի գործողությունների։

Ընթացակարգ խմբագրել

Բանտ ժամանելուց հետո բանտարկյալները լուսանկարվել են և նրանցից պահանջվել է մանրամասնորեն ներկայացնել իրենց ինքնակենսագրությունները՝ սկսած մանկությունից մինչև ձերբակալությունը։ Դրանից հետո նրանց ստիպել են մերկանալ, իսկ ունեցվածքն առգրավվել է, որից հետո նրանց ուղեկցել են դեպի իրենց բանտախցերը։ Համեմատաբար ավելի փոքր խցերում տեղավորվածներին կապկապել են պատերին կամ բետոնե հատակին։ Ավելի մեծ խցերում տեղավորվածներին հավաքականորեն կապել են երկաթե ձողի երկար կտորների, որոնք ունեցել են ընդմիջվող հերթականություն․ բանտարկյալները քնել են՝ գլուխները հակառակ ուղղությամբ։ Քնել են հատակին, առանց ներքնակների, մոծակների ցանցերի կամ ծածկոցների․ նրանց արգելվել է զրուցել միմյանց հետ[4]։

Բանտում օրն սկսվել է առավոտյան 4:30, երբ բանտարկյալներին հրամայվել է ստուգում անցնել։ Պահակներն ստուգել են, արդյոք կապանքները թույլ են, կամ բանտարկյալները թաքցրած իրեր ունեն, որոնցով կարող են ինքնասպանություն գործել։ Տարիների ընթացքում մի քանի բանտարկյալ կարողացել են ինքնասպանություն գործել, այսպիսով պահակները հատուկ ուշադրությամբ են հետևել կապանքներին ու խցերին։ Օրվա մեջ երկու անգամ բանտարկյալներն ստացել են չորս փոքր գդալ բրնձի շիլա և տերևներով ջրալի ապուր։ Առանց պահակներին հարցնելու ջուր խմելը պատժվել է ուժեղ ծեծով։ Չորս օրը մեկ նրանց փողրակով ջրել են[4]։

Բանտն ունեցել է շատ խիստ կանոնակարգ և դաժան ծեծի է ենթարկվել ցանկացած բանտարկյալ, որը չի ենթարկվել։ Նրանց գրեթե յուրաքանչյուր գործողություն պետք է արժանանար բանտի պահակներից մեկի հավանությանը։ Բանտարկյալներին երբեմն ստիպել են ուտել մարդու արտաթորանք ու խմել մարդու մեզ[5]։ Բանտի հակահիգիենիկ պայմանների պատճառով բանտարկյալների մոտ առաջացել են մաշկային հիվանդություններ, ոջիլներ, ցան և տրիխոֆիտիա։ Բանտի բժշկական անձնակազմը վերապատրաստված չէր և բուժում էր տրամադրում միայն բանտարկյալների կյանքը պահպանելու համար, եթե նրանք վնասվածքներ էին ստանում հարցաքննությունների ընթացքում։ Երբ բանտարկյալներին մի վայրից մյուսն են տեղափոխել հարցաքննելու, նրանց աչքերը կապել են։ Հսկիչներին ու բանտարկյալներին արգելվել է շփվել, ավելին, բանտի ներսում տարբեր խմբերում գտնվողներին նույնպես արգելվել է շփում ունենալ միմյանց հետ[4]։

Խոշտանգումներ և սպանություն խմբագրել

 
Ջրախոշտանգման սարք Տուոլ Սլենգում։ Բանտարկյալների ոտքերն ամրացվել են աջ կողմում գտնվող ձողին, նրանց դաստակները գամվել են ձախ կողմի ամրաններին, իսկ նրանց դեմքի վրա լցվել է եռման ջուր՝ օգտագործելով կապույտ ջրցաններ
 
Բանտարկյալների լուսանկարները ցուցադրության մեջ
 
Մարդկային գանգերով լցված պահարաններ

Շատ բանտարկյալների S-21-ում պահել են երկու կամ երեք ամիս, իսկ որոշ բարձրաստիճան կարմիր քմերականների պահել են ավելի երկար։ Բանտում հայտնվելուց հետո երկու-երեք օրվա ընթացքում նրանց տարել են հարցաքննության[4]։ Խոշտանգումների համակարգը Տուոլ Սլենգում նախատեսված է եղել բանտարկյալներին ստիպելու խոստովանել այն մեղքերը, որոնցում նրանց մեղադրել են իրենց կալանավորողները։ Նրանց պարբերաբար ծեծել են, խոշտանգել էլեկտրաշոկով, վառել տաք մետաղական գործիքներով ու կախել, ինչպես նաև այլ գործիքներ օգտագործել։ Ոմանց դանակներով են կտրել կամ խեղդել պոլիէթիլենային տոպրակներով։ Խոստովանություններ կորզելու միջոցներից էին նաև եղունգները քաշելն ու վերքի մեջ ալկոհոլ լցնելը, բանտարկյալների գլուխները ջրի մեջ պահելը, ինչպես նաև ջրախոշտանգման սարքի օգտագործումը։ Կանանց հաճախ բռնաբարել են հարցաքննողները, թեև սեռական բռնությունը հակասել է նրանց քաղաքականությանը։ Բացահայտված հանցագործները մահապատժի են ենթարկվել[4]։ Թեև այս խոշտանգումների արդյունքում բանտարկյալները մահացել են, նրանց ուղղակիորեն սպանելը չի խրախուսվել, քանի որ կարմիր քմերականներին անհրաժեշտ են եղել նրանց խոստովանությունները։ Բանտի բժշկական ստորաբաժանումը, սակայն, սպանել է ավելի քան 100 բանտարկյալի՝ արյունաքամելով նրանց[6]։ Ապացուցվել է, որ որոշ բանտարկյալների վրա իրականացվել են բժշկական փորձարկումներ։ Ապացույցներ կան, որ մարդկանց հերձել և նրանց օրգանները հեռացրել են առանց ցավազրկման[7][8]։ Բանտապետ Կանգ Կեկ Իեուն ընդունել է, որ «կենդանի բանտարկյալների վրա վիրաբուժական ուսումնասիրություններ ու փորձեր են կատարվել։ Նաև քամվել է նրանց արյունը»[9]։

Մարմնական խոշտանգումները համադրվել են բանտարկյալներին քնից զրկելու ու նրանց դիտավորյալ անտեսման հետ։ Խոշտանգումների սարքերը ցուցադրված են թանգարանում։ Ենթադրվում է, որ բանտարկյալների մեծամասնությունն անմեղ է եղել ու չի կատարել այն հանցագործությունները, որոնցում մեղադրվել են․ խոշտանգումների արդյունքում ստացվել են կեղծ խոստովանություններ։

Բանտի գոյության առաջին տարում դիակները թաղվել են բանտի մերձակայքում։ Սակայն մինչև 1976 թվականի ավարտը թաղման տարածքներն սպառվել են, բանտարկյալներին ու իրենց ընտանիքներին տեղափոխել են Պնոմպենից տասնհինգ կմ հեռաավորության վրա գտնվող Չոենգ Էկ («Ագռավի ոտքերի լճակ») ոչնչացման կենտրոն[10]։ Այնտեղ նրանց սպանել է Կոմրեդ Տենգի կողմից ղեկավարվող դեռահասների մի խումբ[10]․ հարվածել են երկաթե ձողերով, քլունգներով, դանակներով և այլ ինքնաշեն զենքերով։ Սպանությունից հետո նրանց ուղեկցած զինվորները թաղել են բանտարկյալների մարմինները գերեզմաններում, որոնք տեղավորել են 6-100 մարմին[4]։

Ոչ կամբոջացի բանտարկյալներ խմբագրել

Չնայած զոհերի մեծամասնությունը կամբոջացիներ էին, եղել են նաև արտասահմանցիներ, այդ թվում՝ 488 վիետնամցի, 31 թայլանդցի, 1 լաոսցի, 1 արաբ, 1 բրիտոն, 4 ֆրանսիացի, 2 ամերիկացի, 1 կանադացի, 1 նոր զելանդացի, 2 ավստրալիացի և 1 ինդոնեզացի[11]։ Հնդիկ և պակիստանցի ծագմամբ քմերներ նույնպես բանտարկված են եղել. արտասահմանցի գերիներից ոչ մեկը չի վերապրել։

Ֆրանս-վիետնամցի երկու եղբայրներ՝ Ռովին և Հարադ Բեռնարները կալանավորվել են 1976 թվականի ապրիլին[12], մեկ ուրիշ ֆրանսիացի՝ Անդրե Գաստոն Քուրտիգնը, ֆրանսիական դեսպանատան 30-ամյա գործավարն ու մեքենագրողը, նույն ամսում ձերբակալվել է իր քմեր կնոջ հետ[13]։

Հնարավոր է, որ մի շարք ֆրանսիացի քաղաքացիներ, որոնք անհետ կորել են 1975 թվականի Պնոմպենի էվակուացիայի ժամանակ, նույնպես գտնված լինեն Տուոլ Սլենգում[12]։ Երկու ամերիկացիներ գերեվարվել են նմանատիպ հանգամանքներում։

Քսանվեցամյա բրիտանացի զբոսաշրջիկ Ջոն Դոուսոն Դյուիրստն ամենաերիտասարդ արտասահմանցիներից մեկն էր, որ մահացել է բանտում[14]։ Բանտում մահացած վերջին արտասահմանցիներից մեկն էլ քսանիննամյա ամերիկացի Մայքլ Դիդսն էր, որը ձերբակալվել էր ընկերոջ հետ 1978 թվականի նոյեմբերի 24-ին։ Նրանից խոստովանություն կորզվել է վիետնամական բանակի՝ Կամբոջան նվաճելուց ու կարմիր քմերականներին իշխանազրկելուց մեկ շաբաթ առաջ[15]։

1999 թվականի դրությամբ արձանագրված զոհերի թիվը կազմել է 79 արտասահմանցի[16], բայց բանտի նախկին լուսանկարիչ Նիմ Իմը պնդել է, որ ցուցակն ավարտուն չէ։ Կան նաև վկայի ցուցմունքներ բանտում մեկ կուբացու և մեկ շվեյցարացու մասին, թեև պաշտոնական գրառումներ նրանց մասին չկան[17]։

Վերապրածներ խմբագրել

Տուոլ Սլենգում բանտարկված 20,000 մարդուց միայն տասներկուսն են վերապրել․ յոթ չափահաս և հինգ երեխա։ Երեխաներից մեկն ազատումից անմիջապես հետո մահացել է[4]։ 2011 թվականի սեպտեմբերի կեսի դրությամբ կենդանի են եղել չաափահասներից միայն երեքն ու երեխաներից միայն չորսը[18][19]՝ Չում Մեյը, Բու Մենգը և Չիմ Մեթը։ Նրանք բոլորը վկայել են, որ իրենց կենդանի են թողել, որովհետև ունեցել են այնպիսի հմտություններ, որոնք գերեվարողներն օգտակար են համարել։ Բու Մենգը, որի կինը սպանվել էր բանտում, նկարիչ է եղել։ Չում Մեյին խնայել են, որովհետև նա կարողացել է մեքենաներ վերանորոգել։ Չիմ Մեթը վերապրել է, քանի որ ծնված է եղել Կաամպոնգ Թոմ քաղաքում, որտեղ նաև բանտապետ Կանգ Կեկ Իեուն էր ծնվել։ Վանն Նատը, որին խնայել էին նկարել իմանալու համար, մահացել է 2011 թվականի սեպտեմբերի 5-ին։ Վերապրած երեխաներից Նորնգ Չան Պհալը հրատարակել է իր պատմությունը[20]։

Կամբոջայի փաստաթղթավորման կենտրոնը վերջերս հաշվել է, որ առնվազն 179 բանտարկյալ է ազատվել Տուոլ Սլենգից 1975 - 1979 թվականների ընթացքում և մոտավորապես 23 բանտարկյալ (այդ թվում՝ հինգ երեխա) կենդանի են մնացել, երբ բանտը 1979 թվականի հունվարին ազատագրվել է[10]։ 179 ազատված բանտարկյալների մեծ մասն անհետացել է ու միայն մի քանիսն են ապրել 1979 թվականից հետո[10]։ Պարզվել է, որ ազատվածների ցուցակում հայտնված առնվազն 60 անձ նախ ազատ է արձակվել, ապա վերաձերբակալվել ու մահապատժի ենթարկվել։

Աշխատակազմ խմբագրել

Իր գոյության ընթացքում բանտում աշխատել է 1,720 մարդուց բաղկացած աշխատակազմ, որոնցից մոտավորապես 300-ը գրասենյակի աշխատակիցներն էին, ներքին աշխատուժը և հարցաքննողները։ Մնացած 1,400-ը ընդհանուր աշխատողներ էին, այդ թվում՝ բանտի համար ուտելիք աճեցնողները[4], որոնց մի մասը բանտարկյալների ընտանիքների երեխաներն էին։ Բանտապետը մաթեմատիկայի նախկին ուսուցիչ Կանգ Կեկ Իեուն էր (նաև հայտնի որպես Կոմրեդ Դուչ), որը սերտորեն աշխատել է «Կարմիր քմերների» առաջնորդ Պոլ Պոտի հետ։ Բանտի առաջատար գործիչներից էին նաև Քիմ Վատ ակա Հոն, հսկիչների գլխավոր Պենգը, հարցաքննության բաժնի պետ Մամ Նայ ակա Չանը և հարցաքննող Տանգ Սին Հինը։ Կարևոր բանտարկյալներին հարցաքննել է Պոնը[4]։

Փաստաթղթավորման բաժինը պատասխանատու էր ձայնագրված խոստովանությունները տառադարձելու, բանտարկյալների ձեռագիր խոստովանությունները մեքենագրելու, խոստովանությունների ամփոփագրերի պատրաստման և ֆայլերի պահպանմա համար։ Լուսանկարների ենթաբաժնում աշխատողները ժամանելուն պես լուսանկարել են բանտարկյալներին, կալանքի տակ գտնվելիս մահացած բանտարկյալներին ու մահապատժի ենթարկված կարևոր բանտարկյալներին։ Հազարավոր լուսանկարներ պահպանվել են, սակայն հազարավորներն էլ՝ անհետացել։

Պաշտպանության ստորաբաժանումն ամենամեծն էր բանտում։ Հսկիչները հիմնականում դեռահասներ են եղել, որոնցից շատերի համար խիստ կանոններին ենթարկվելը դժվար էր։ Նրանց արգելվել է խոսել բանտարկյալների հետ, իմանալ նրանց անունները կամ ծեծել նրանց։ Բանտի աշխատակիցների եմծամասնությունը վախեցել է սխալներ գործելուց, որի պատճառով կխոշտանգվեին ու կսպանվեին[4]։

Հարցաքննության բաժինը բաժանվել է երեք խմբի՝ Krom Noyobai կամ քաղաքական խումբ, Krom Kdao կամ թեժ խումբ և Krom Angkiem կամ ծամելու խումբը[21]։ Թեժ խմբում թույլատրվել է խոշտանգումը, որին հակադրվել է սառը խումբը, որտեղ արգելվել է խոստովանություն կորզելու համար խոշտանգումների ենթարկելը։ Եթե այստեղ չեն կարողացել գերիներին խոստովանեցնել, նրանց տեղափոխել են թեժ խումբ։ Ծամելու խումբը գործ է ունեցել կոշտ ու կարևոր դեպքերի հետ։ Որպես հարցաքննող աշխատողները գրագետ են եղելն ու սովորաբար 20 տարեկան[4]։

Տուոլ Սլենգի աշխատակազմի մի մասը կարիերան ավարտել է նույնպես որպես բանտարկյալներ։ Նրանք խոստովանել են, որ ծուլացել են փաստաթղթերը պատրաստելիս, վնասել մեքենաներ և տարբեր սարքավորումներ, առանց թույլտվության մինչև մահ ծեծել բանտարկյալներին՝ հարցաքննություններին օգնելու նպատակով[4]։

Անվտանգության կանոնակարգեր խմբագրել

 
Համակենտրոնացման ճամբարի կանոնները

Երբ բանտարկյալներն առաջին անգամ մուտք են գործել Տուոլ Սլենգ, նրանց ծանոթացրել են 10 կանոնի, որոնց նրանք պետք է հետևեին ազատազրկման ընթացքում։ Ստորև ներկայացված է այժմյան թանգարանի մոտ այդ կանոնների գտնվող ցուցանակը․

 
  1. Պետք է պատասխանես անմիջապես իմ հարցին։ Մի շեղվիր դրանից։
  2. Չփորձես թաքցնել փաստերը, քեզ խստորեն արգելվում է վիճել ինձ հետ։
  3. Հիմար չձևանաս, քանի որ դու համարձակվել ես ձախողել հեղափոխությունը։
  4. Պետք է առանց ժամանակ ձգելու պատասխանես իմ հարցերին։
  5. Ինձ չպատմես քո անբաոյականության կամ հեղափոխության էության մասին։
  6. Մտրակվելիս կամ էլեկտրաշոկ ստանալիս չպետք է գոռաս։
  7. Ոչինչ չանես, հանգիստ կնստես ու կսպասես իմ հրամաններին։ Երբ քեզ որևէ բան խնդրեմ անել, դա կանես անմիջապես ու առանց հակաճառելու։
  8. Պատրվակներ չբերես գաղտնիքդ կամ դավաճաններին թաքցնելու համար։
  9. Վերոնշյալներին չհետևելու համար կմտրակվես ու կենթարկվես էլեկտրաշոկի։
  10. Կանոնակարգի որևէ կետի չհետևելու համար կստանաս կա՛մ տասը մտրակի հարված, կա՛մ էլեկտրաշոկի հինգ ցնցում։
 

2009 թվականի ապրիլի 27-ին դատարանում ցուցմունք տալիս Իեուն այս կանոնակարգը համարել է Վիետնամի պաշտոնյաների հերյուրանք[22][23][24]։

Բացահայտում խմբագրել

1979 թվականին վիետնամցի մարտական լուսանկարիչ Հո Վան Տայն (վիետ․՝ Hồ Văn Tây) առաջին լրագրողն էր, որը Տուոլ Սլենգը ներկայացրել է աշխարհին։ Նա և իր գործընկերները փտող դիակների հոտին հետևելով հասել են բանտի դարպասներին։ Նրա արած լուսանկարները, որոք փաստագրել են այն ամենն, ինչ լուսանկարիչը տեսել է բանտ մտնելուն պես, այժմ ցուցադրված են Տուոլ Սլենգ թանգարանում[21]։

«Կարմիր քմերները» պահանջել է, որ յուրաքանչյուր բանտարկյալի համար բանտի անձնակազմը կազմի մանրամասն դոսյե, որտեղ փաստաթղթերին կցվի նաև լուսանկար։ Քանի որ 1979–1980 թվականներին բնօրինակ նեգատիվներն ու լուսանկարները առանձնացվել են թղթապանակներից, լուսանկարների մեծ մասը մինչ օրս մնում է անանուն[21]։

Նկարագրություն խմբագրել

 
«Գանգերով քարտեզ»
 
Կամբոջացի դպրոցականները շրջում են թանգարանում

Տուոլ Սլենգի շենքերը պահպանվել են, որոշ սենյակներ ունեն այն տեսքը, որն ունեցել են 1979 թվականին կարմիր քմերականների հեռանալուց հետո։ Թանգարանի սենյակներից մի քանիսը հատակից մինչև առաստաղ ծածկված են 20,000 բանտարկյալների սև-սպիտակ լուսանկարներով։

Թանգարանն ունի չորս գլխավոր կառույց, որոնք հայտնի են որպես շենքեր A, B, C և D։ A շենքում գտնվում են մեծ բանտախցերը, որտեղ հայտնաբերվել են վերջին զոհերի մարմինները։ B շենքում լուսանկարների պատկերասրահներ են։ C շենքում բանտարկյալների համար փոքր խցերի վերածված սենյակներ են։ D շենքում պատմական նշանակություն ունեցող այլ իրեր են, ներառյալ խոշտանգումների գործիքները։

Այլ սենյակներում միայն ժանգոտած երկաթե մահճակալներ են ու սև-սպիտակ լուսանկար, որտեղ պատկերված է տվյալ սենյակը վիետնամցիների կողմից բացահայտվելու պահին։ Յուրաքանչյուր լուսանկարում բանտարկյալի խեղված մարմինը շղթայված է մահճակալին։ Ներկայացված են նաև նախկին կալանավոր Վանն Նատի՝ մարդկանց խոշտանգումները պատկերող կտավները։

Թանգարանը բաց է հանրության համար առավոտյան 8-ից երեկոյան 5-ը։ Երկուշաբթիից ուրբաթ ժամը 2:30 - 3-ը այցելուները հնարավորություն ունեն տեսնելու վերապրածի վկայությունը։ Հավատում են, որ զոհերի ուրվականները շրջում են տարածքում[25]։

Տուոլ Սլենգը պատկերված է 1992 թվականին կինոռեժիսոր Ռոն Ֆրիկեի նկարահանած «Բարակա» վավերագրական ֆիլմում։

Վավերագրություն խմբագրել

 
Բու Մենգը (ձախից), Չում Մեյը (կենտրոնում) և Վանն Նատը (աջից) 2010 թվականի օգոստոսի 12-ին Հոլանդիայի դատավճռի պատճենն ստանալուց հետո։ Նրանք S21 բանտի վերապրածներից մի քանիսն են, իսկ բանտի 12,273 զոհեր խոշտանգվել ու մահապատժի են ենթարկվել։

2003 թվականին Կամբոջայում ծնված ու Ֆրանսիայում կրթված, 11 տարեկանում ընտանիքը կորցրած կինոռեժիսոր Ռիթխի Պանի նկարահանած «S-21: The Khmer Rouge Killing Machine» կինոնկարը պատմում է Տուոլ Սլենգի երկու վերապրածների՝ Վանն Նատի ու Չում Մեյի պատմությունը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Locard, Henri, State Violence in Democratic Kampuchea (1975-1979) and Retribution (1979-2004) Արխիվացված 2013-10-30 Wayback Machine, European Review of History, Vol. 12, No. 1, March 2005, pp.121–143.
  2. «Արխիվացված պատճենը». Extraordinary Chambers of the Courts of Cambodia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  3. https://www.bbc.com/news/world-asia-53994189
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 A History of Democratic Kampuchea (1975–1979). Documentation Center of Cambodia. էջ 74. ISBN 99950-60-04-3.
  5. Howard J. De Nike; John B. Quigley; Kenneth Jay Robinson, eds. (2000). Genocide in Cambodia: documents from the trial of Pol Pot and Ieng Sary. University of Pennsylvania Press. էջ 375. ISBN 978-0-8122-3539-5. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. Ferrie, Jared (2010 թ․ հուլիսի 26). «Khmer Rouge executioner found guilty, but Cambodians say sentence too light». Christian Science Monitor. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
  7. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. «Propaganda, Torture and French Colonial Heritage: Looking into the Methods of the Khmer Rouge | Cambodia Tribunal Monitor».
  9. Fawthrop, Tom (2009 թ․ հուլիսի 16). «Cambodia: Trial gives killing fields survivors a chance of justice». The Guardian (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Fact Sheet: Pol Pot and his Prisoners at Secret Prison S-21. Phnom Penh, Cambodia: The Documentation Center of Cambodia.
  11. Meng-Try Ea & Sorya Sim (2001). Victims or Perpetrators? Testimony of Young Khmer Rouge Comrades. Documentation Center of Cambodia. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
  12. 12,0 12,1 Summary of world broadcasts: Far East. Monitoring Service of the British Broadcasting Corp. 1982. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  13. Lipin, Michael (2012 թ․ օգոստոսի 24). «Rare Photo Found of Westerner Killed by Khmer Rouge». Voice of America.
  14. Shawcross, William (1985 թ․ հունվարի 1). The quality of mercy: Cambodia, holocaust and modern conscience. Fontana. էջ 42. ISBN 978-0-00-636972-1. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
  15. «Western inmate identified in S-21 portraits». Phnompenhpost.com. 2013 թ․ փետրվարի 1. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  16. [1] Արխիվացված Հոկտեմբեր 12, 2008 Wayback Machine
  17. «Photographers claim foreigners killed in Pol Pot's prison». Monsters and Critics. 2007 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  18. «Khmer Rouge survivor testifies». BBC News. 2009 թ․ հունիսի 29. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 20-ին.(չաշխատող հղում)
  19. Brewer, Kirstie (2015 թ․ հունիսի 11). «How two men survived a prison where 12,000 were killed». BBC News Magazine. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
  20. Chan Phal, Norng (2018). Norng Chan Phal: The mystery of the boy at S-21 (First ed.). Phnom Penh: Kok-Thay Eng, Dr. էջեր 103. ISBN 978-99963-900-6-7.
  21. 21,0 21,1 21,2 Nic Dunlop (2005). The Lost Executioner – A Journey into the Heart of the Killing Fields. Walker & Company, New York. ISBN 0-8027-1472-2.
  22. «Cambodian genocide defendant says infamous sign detailing prison regulations a fabrication». The Gaea Times. 2009 թ․ ապրիլի 27. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  23. «Khmer Rouge jailer: infamous regulations sign fake - Cambodia». Zimbio. 2009 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  24. Brouwer, Andy (2009 թ․ ապրիլի 28). «Fake regulations» (blog). Andy's Cambodia. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  25. «'Ghosts' of victims haunt». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.

Հետագա ընթերցանություն խմբագրել

  • Vann Nath: A Cambodian Prison Portrait. One Year in the Khmer Rouge's S-21. White Lotus Co. Ltd., Bangkok 1998, 974-8434-48-6 (An eyewitness report. The author's paintings of many scenes from the prison are on display in the Tuol Sleng museum today.)
  • Chandler, David: Voices from S-21. Terror and history inside Pol Pot's secret prison. University of California Press, 1999. 0-520-22247-4 (A general account of S-21 drawing heavily from the documentation maintained by the prison's staff.)
  • Dunlop, Nic: "The Lost Executioner: A Story of the Khmer Rouge". Walker & Company, 2006. 0-8027-1472-2 (A first-person encounter with Comrade Duch, who ran S-21. The author's discovery of Duch led to the latter's arrest, and imprisonment.)
  • Douglas Niven & Chris Riley: "The Killing Fields". Twin Palms Press, 1996. 978-0-944092-39-2 (Original photographs from S-21 prison, printed from original negatives by two American photographers.)
  • Lenzi, Iola (2004). Museums of Southeast Asia. Singapore: Archipelago Press. էջեր 200 pages. ISBN 981-4068-96-9.
  • Mey, Chum (2012). Survivor. Phnom Penh: Documentation Center of Cambodia. էջեր 108 pages. ISBN 978-99950-60-24-4.
  • Piergiorgio Pescali: "S-21 Nella prigione di Pol Pot". La Ponga Edizioni, Milan, 2015. 978-8897823308

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուոլ Սլենգի ցեղասպանության թանգարան» հոդվածին։