Տրիխոֆիտիա, խուզող որքին, մարդու և կենդանիների մաշկի սնկային հիվանդություն։ Ընթանում է երկու հիմնական կլինիկական ձևով՝ մակերեսային և խորը։ Մակերեսային Տրիխոֆիտիա բնորոշ է մարդկանց։ Նրա հարուցիչ-սնկիկների հիմնական կրողը և հիվանդության վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Հաճախ հիվանդանում են երեխաները։ Վարակը փոխանցվում է անմիջական շփման կամ անհատական օգտագործման առարկաների միջոցով։ Մակերեսային Տրիխոֆիտիա ախտահարում է երեխաների գլխի մազածածկ մասը, հարթ մաշկը, հազվադեպ՝ եղունգները։ Առաջին դեպքում նախ առաջանում են մի քանի կարմրավուն բծեր՝ թեթև թեփոտումով ու ինֆիլտրացիայով, ապա կոտրվում են մազերը՝ մաշկի մակերեսից 2-3 մմ բարձրության վրա։ Սուբյեկտիվ երևույթները բացակայում են, որի պատճառով հիվանդությունը երկար ժամանակ կարող է մնալ աննկատ։ Սակայն այն աստիճանաբար առաջադիմում է՝ ընդգրկելով գլխի մազածածկ մասի նորանոր հատվածներ։

Տրիխոֆիտիա
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառԴերմատոֆիտներ
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և մաշկաբանություն
 Dermatophytosis Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։