Տորֆամամուռ
Sphagnum.flexuosum.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Մամուռներ (Bryophyta)
Դաս Sphagnopsida
Ենթադաս Sphagnidae
Կարգ Sphagnales
Ընտանիք Sphagnaceae
Ցեղ Տորֆամամուռ (Sphagnum)
L., 1753

Տորֆամամուռ, սպիտակ մամուռ, օշնա (լատ.՝ Sphagnum), տորֆամամուռազգիների ընտանիքի մամուռների ցեղ։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը ՝ 10-20 սմ։ Կողմնային ճյուղերը հաճախ փնջերով են, որոնք ցողունի գագաթնային մասում ավելի կարճ են և խիտ դասավորված, առաջացնում են գլխիկ, որը տարբեր տաքսոնների մոտ տարբեր գույների է (դեղին, գորշ, կարմիր, շագանակագույն)։ Ցողունային և ճյուղային տերևներն իրենց չափերով, ձևերով ու դասավորությամբ տարբեր են, սակայն երկուսի տերևներն էլ բաղկացած են բջիջների (դրանք երկու տեսակ են) մեկ շերտից և ջիղ չունեն։ Բջիջների մի մասը ասիմիլացնող քլորոֆիլակիր է, նեղ ու երկար, մյուսը՝ պրոտոպլաստից զուրկ, լայն, շեղանկյուն, մեռած, թափանցիկ, կոչվում են հիալինային բջիջներ։ Դրանք ծակոտկեն են, հեշտությամբ ջուրը ներծծում են և երկար ժամանակ այն պահում (կլանած ջրի կշիռը 20-30 անգամ գերազանցում է չոր նյութի կշռին)։ Տորֆամամուռ բազմանում է սպորներով և վեգետատիվ ճանապարհով։ Սպորները հասունանում են օգոստոսին։ Դրանք երկտուն են կամ միատուն, սակայն արական և իգական գամետները միշտ լինում են տարբեր ճյուղերի վրա։ Սպորոգոնիումը գտնվում է ցողունի գագաթին։ Հասունացումից առաջ ցողունի գագաթը սկսում է աճել-երկարել, սպորոգոնիումը դուրս է ցցվում, և գնդաձև տուփիկից (որի կափարիչը բացվում է) սպորները թափվում են։ Տորֆամամուռի ցողունները միշտ աճում են գագաթով, իսկ հիմքի մասերը մահանում են։

Կիրառություն և նշանակությունԽմբագրել

Տարիների ընթացքում մամուռի նոր ծածկոցների շերտադրումը հին մեռած շերտերի վրա առաջացնում է հզոր փուխր տորֆաշերտ։ Տորֆագոյացումը տեղի է ունենում գերխոնավության, թթվածնի բացակայության և տորֆագոյացնող մամուռների կողմից թթու միջավայր ստեղծելու հետևանքով։ Թթվածնի բացակայությունը տորֆի զանգվածում անաերոբ միջավայր է ստեղծում, որտեղ բակտերիաները և սնկերը թույլ են զարգանում։ Տորֆի զանգվածներում հայտնաբերվել են լավ պահպանված մշակույթի առարկաներ, մարդկանց, կենդանիների, միջատների դիակներ, բնափայտի, սերմերի, պտուղների մնացորդներ։

ՏեսակներԽմբագրել

Հայտնի է ավելի քան 300 (այլ տվյալներով 120 տեսակ[1]), ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ տորֆամամուռ ծոպավոր (T. fimbriatum), տորֆամամուռ գորշ (Տ. fuscum), տորֆամամուռ ցցված (T. squarrosum) և այլն։ Ունի շատ սահմանափակ տարածում։ Հանդիպում է Գեղամա (Գռիձոր), Զանգեզուրի (Գորհայք գ.) և Մեղրու (Ճգնավոր լ.) լեռնաշղթաներում։ Զբաղեցնում է շատ փոքր՝ 50-100 մ² տարածք։ Աճում է հիմնականում շատ խոնավ վայրերում։ Ռիզոիդներ չունի։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։