Սպորներ, անսեռ բազմացման միաբջիջ կամ բազմաբջիջ գոյացություններ։ Ծառայում են բազմացման և (բակտերիաների սպորներով միայն) արտաքին անբարենպաստ պայմաններում պահպանվելու համար։ Որպես կանոն պատված են ամուր, արտաքին ազդեցությունների նկատմամբ կայուն թաղանթով։ Զարգանում են ստորակարգ (սնկեր, ջրիմուռներ, քարաքոսեր) և բարձրակարգ բույսերի (մամռանմաններ, պտերներ են) բազմացման օրգաններում, ինչպես նաև բակտերիաներից (բացիլներ) և նախակենդանիներից (սպորակենդանիներ)։ Բույսերի սպորներ սովորաբար գնդաձև կամ էլիպսոիդաձև են, ավելի հազվադեպ՝ գլանաձև։ Հաճախ ունենում են բարդ կազմություն, ամուր թաղանթ և երկար ժամանակ պահպանում ծլունակությունը։ Ըստ ծագման և բույսի զարգացման ցիկլում զբաղեցրած տեղի սպորներ բաժանվում են 3 խմբի՝

  1. գամետների ձուլման հետևանքով առաջացած զիգոտներ (մի շարք կանաչ ջրիմուռներ և այլն) կամ բազմակորիզ գամետանգիումների ձուլման հետևանքով առաջացած բազմաթիվ դիպլոիդ կորիզներ պարունակող սինզիգոտներ (զիգոմիցետներ, որոշ օոմիցետներ),
Բույսի սպորներ
  1. միտոսպորներ, որոնց առաջացմանը մեյոզը անմիջականորեն չի նախորդում, կորիզը սովորաբար հապլոիդ է, երբեմն դիպլոիդ կամ դիկարիոններ է պարունակում,
  2. հապլոիդ մեյոսպորներ, որոնք առաջանում են մեյոզի կամ դրանից անմիջապես հետո առաջացած բջիջների կամ կորիզների բաժանման հետևանքով (որոշ կանաչ ջրիմուռներ, պարկավոր և բազիդիավոր սնկեր և այլն)

Ջրային բույսերի սպորները շարժվում են մտրակների օգնությամբ և չունեն կայուն թաղանթ։ Բարձրակարգ բույսերն առաջացնում են միայն արքեսպորային բջիջներից սպորանգիումներում քառյակներով գոյացող մեյոսպորներ։ Սպորներից առաջանում է գամետոֆիտը (սեռական սերունդ)։ Համասպոր պտերանմանները գոյացնում են միատեսակ սպորներ, որոնք առաջացնում են երկսեռ նախածիլեր։ Տարասպոր բույսերը (որոշ պտերներ, բոլոր սերմնավոր բույսերը) գոյացնում են մանր միկրոսպորներ և խոշոր մեգասպորներ, որոնցից առաջանում են համապատասխանաբար արական և իգական նախածիլերը։ Տարասպոր բույսերին բնորոշ է նախածիլերի (հատկապես արական) ապաճումը։ Սերմնավոր բույսերի սպորանգիումներում միկրոսպորներից առաջանում են փոշեհատիկները, իսկ մեգասպորներից՝ առաջնային էնդոսպերմը (մերկասերմեր) և սաղմնապարկը (ծածկասերմեր)։ Կենդանիների սպորներ, տարբեր դասի նախակենդանիների սպորների կառուցվածքը և զարգացումը տարբեր է։ Տեսակների մեծամասնության սպորներ բազմաբջիջ են, ծածկված երկփեղկ ամուր թաղանթով, որի ներսում գտնվում են երկկորիզ ամեոբաձև սաղմը և երկար, դուրս նետվող թելերով խայթող պատիճները, որոնք ծառայում են մակաբույծի տիրոջ աղիքներում ամրանալուն։ Բակտերիաների սպորները օվալաձև, կլոր գոյացություններ են։ Պարունակում են նուկլեինաթթուների և սպիտակուցի կուտակումներ։ Սովորաբար պատված են 4—5 թաղանթներով։ Առաջանում են արտաքին անբարենպաստ պայմանների հետևանքով և բարենպաստ պայմաններում ծլում են առաջացնելով նոր բակտերիային բջիջներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 82