Տոհմային գործ
Տոհմային գործ անասնաբուծությունում, միջոցառումների համակարգ, որ նպատակամղված է բարելավելու գյուղատնտեսական կենդանիների ժառանգական հատկանիշները, բարձրացնելու դրանց ցեղայնությունը և մթերատվությունը։ Պլանային Տոհմային գործերին նախորդել է ընտրության պարզագույն եղանակների երկարատև շրջանը։ Դեռևս մ․ թ․ մի քանի հազարամյակ առաջ արդեն հայտնի էին ոչխարների, ձիերի ու շների բարելավման ձևերը։ 13-17-րդ դարերում Եվրոպայի, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ երկրներում ստեղծվեցին գյուղատնտեսական կենդանիների ցեղեր, որոնք հետագայում ունեցան համաշխարհային տարածում։ Բնագիտության զարգացմանը զուգընթաց մշակվեց Տոհմային գործի տեսությունը, կատարելագործվեցին բուծման ձևերը։ Տոհմային գործ հիմնական դրույթները հիմնվում են ժամանակակից կենսաբանական գիտությունների նվաճումների վրա։ Ընտրությունը, զույգ ընտրությունը և մատղաշի ճիշտ աճեցումը Տոհմային գործի կարևորագույն տարրերն են։ Անասնապահության մեջ արհեստական սերմնավորման ներդրման շնորհիվ պարտադիր դարձավ կենդանիների գենոտիպի բացահայտումն ըստ տոհմաբանության, կողմնական ազգականության (հիմնականում հոր կողմից կիսաքույրեր և կիսաեղբայրներ) և սերնդի որակի։ Արհեստական սերմնավորման կիրառմամբ կրճատվեց արտադրող ցուլերի պահանջարկը, և հնարավորություն ստեղծվեց բուծման համար ընտրել առավել արժեքավորներին։ Գյուղատնտեսական կենդանիների տոհմաբանությունն առավել կարևորվում է մատղաշի գնահատման և արհեստական սերմնավորման համար ցլիկների ընտրության ժամանակ։ Ըստ գենոտիպի լավագույն են համարվում նրանք, որոնք կայունորեն սերնդին են ժառանգում ցանկալի հատկանիշները։ Արժեքավոր կենդանիներից առանձնացնում են վերարտադրողական խումբ (տոհմային կորիզ), դրանցից ստացված լավագույն սերունդը թողնում են տոհմաբուծության համար։ Տոհմային գործում բուծման հիմնական մեթոդը մաքրացեղ բուծումն է (անհրաժեշտության դեպքում կիրառվում է նաև ինբրիդինգը), որը հնարավորություն է տալիս պահպանել և ուժեղացնել արժեքավոր ցեղերի օգտակար հատկանիշները, բարձրացնել մաքրացեղ կենդանիների ժառանգականության կայունությունը։ Կիրառվում է նաև խաչասերումը, որի ձևերից կլանողականը օգտագործում են տոհմային հոտի զտարյունության բարձրացման և օգտագործելի գլխաքանակի զանգվածային բարելավման, իսկ վերարտադրականը՝ նոր ցեղերի ստեղծման ժամանակ։ Նոր ցեղեր բուծելիս կիրառվում է նաև հիբրիդացումը։ Տոհմային գործի զարգացմանը նպաստում են կազմակերպչական միջոցառումները՝ գյուղատնտեսական կենդանիների պլանային տեղաբաշխումը, տոհմային գրքերի վարումը, կենդանիների ցուցահանդեսների, ցուցադրումների, աճուրդների կազմակերպումը, ԽՍՀՄ և միութենական հանրապետությունների գյուղատնտեսության մինիստրություններին առընթեր գյուղատնտեսական կենդանիների ցեղերի գծով խորհուրդների ստեղծումը ևն։ ԽՍՀՄ–ում Տոհմային գործ իրականացնում են մասնագիտացված տոհմաբուծական տնտեսությունները, ինկուբատորային-թռչնաբուծարանները, տոհմաբուծարանները և արհեստական սերմնավորման կայանները և այլն։ Տոհմային գործի տեսական խնդիրները և գործնական միջոցառումները, կենդանիների տարբեր տեսակների և ցեղերի հետ տարվող տոհմային աշխատանքները մշակում և ընդհանրացնում են ԳՀԻ-ները, փորձակայանները և գյուղատնտեսական բուհերի մասնագիտական ամբիոնները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |