Տաճատ Ավալյան
Տաճատ Ավալյան Մկրտչի (1880, Թիֆլիս - փետրվարի 4, 1921, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ դերասան, թատերական, կուսակցական գործիչ։
Տաճատ Ավալյան | |
---|---|
Ծնվել է | 1880 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | 1921, փետրվարի 4 |
Մահվան վայր | Երևան |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Ծնողներ | հայր՝ Մկրտիչ Ավալյան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Թիֆլիսում, դերասանի ընտանիքում։ Նրա ծնողները Մկրտիչ և Շամիրամ Ավալյանները, 1870-80-ական թվականներին հայ թատրոնի աչքի ընկնող ուժերից էին, իսկ հայրը Պետրոս Ադամյանի շնորհալի խաղընկերը։
Սկզբնական կրթությունն ստացել է Ներսիսյան դպրոցում, որը, սակայն, չի ավարտել, քանի որ ստիպված է լինում ծնողների հետ տեղափոխվել Բաքու։ Նրա հայրն գրասենյակային աշխատանքի է անցնում նավթարդյունաբերական ձեռնարկություններից մեկում։ Տաճատը նույնպես ստիպված է լինում աշխատանքի անցնել նավթահանքերում որպես բանվոր։
Նա ներգրավվում է հեղափոխական շարժման մեջ՝ դառնալով սոցիալ-դեմոկրատական խմբակների ակտիվ մասնակիցներից մեկը։ Ունենալով դերասանական աչքի ընկնող ընդունակություններ, Ավալյանը կարողանում է համատեղել հանքերում ու բեմում կատարած աշխատանքները։ Շուտով հանդես է գալիս ակումբային բեմերում, առավելապես՝ կատակերգական դերերում։
Ծանոթանալով Ստեփան Շահումյանի, Սերգո Մարտիկյանի, Մելիք Մելիքյանի (Դեդուշկայի) և այլոց հետ, նա 1903 թվականին ընդունվում է ՌՍԴԲԿ-ի շարքերը և հարում նրա բոլշևիկյան թևին։ Այդ оրվանից սկսում է ընդհատակյա հեղափոխական գործունեությունը, որին զուգահեռ շարունակում է բեմական գործունեությունը, որով և քողարկում է իր ընդհատակյա կուսակցական աշխատանքը՝ կատարելով կուսակցության Բաքվի կոմիտեի հանձնարարությունները։
Աշխատելով հիմնականում Բաքվում, նա կուսակցական հանձնարարություններով մեկնում է Անդրկովկասի տարբեր քաղաքներ։ 1906 և ապա 1917 թթ. Ավալյանը հյուրախաղերով լինում է Երևան եկած դերասանական խմբերի կազմում։
1920 թվականի օգոստոսին Ավալյանը Հովհաննես Զարիֆյանի խմբի հետ գալիս է Երևան հյուրախաղերի։ Այստեղ ընդգրկվում է ընդհատակյա աշխատանքի մեջ՝ ակտիվորեն մասնակցելով Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։ Սակայն, ոստիկանությունը մի օր, հենց ներկայացման ժամանակ, նրան ձերբակալում է թատրոնում։
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո բանտից ազատվում։ Սակայն, քայքայված առողջությունը նրան գամում է անկողնուն։ Այդ վիճակում նա իր բնակարանն է հավաքում Երևանում եղած արվեստագետներին և անկողնում նստած՝ ղեկավարում է Գեղաշխի հիմնադրման ժողովը, որտեղ ինքը ընտրվում է այդ արհմիության առաջին նախագահը։
Մահացել է 1921 թվականի փետրվարի 4-ին[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 15-17։