Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն, պետական ակադեմիական, Վրաստանի խոշորագույն դրամատիկական թատրոնը։
Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն և մշակութային արժեք |
Երկիր | Վրաստան[1] |
Գտնվելու վայրը | Թիֆլիս |
Հիմնադրման ամսաթիվ | 1921 |
Անվանված է | Շոթա Ռուսթավելի |
Ճարտարապետ | Aleksander Szymkiewicz? |
Կայք | rustavelitheatre.ge |
Rustaveli Theater, Tbilisi Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՍտեղծվել է 1921 թվականին,Թիֆլիսում՝ 1920 թվականին կազմակերպված Դրամայի պետական թատրոնի հիման վրա։ 1921 թվականից թատրոնը կոչվել է Շոթա Ռուսթավելու անունով, 1966 թվականից դարձել է ակադեմիական։ Թատրոնի ստեղծագործության համար մեծ նշանակություն է ունեցել ղեկավարի՝ Կ․ Մարջանիշվիլու գործունեությունը (1922-1926)։ Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուր» («Ֆուենտե Օվեխունա») պիեսի բեմադրությունը (1922), որը համահնչուն էր հեղափոխական դարաշրջանին, աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալ կուլտուրայով, արտահայտել Սովետական Վրաստանի թատերարվեստի գաղափարագեղարվեստական սկզբունքները։ Հեղափոխական-ազատագրական պայքարի թեման բեմական մարմնավորում է ստացել Շանշիաշվիլու «էրեթիի հերոսները» (1924), Կակաբաձեի «Երկրաշարժ Լիսաբոնում» (1925) պիեսների բեմադրություններում։ Թատրոնը բեմադրել է վրացական և արտասահմանյան դասական պիեսներ՝ Գ․ էրիսթավիի «Վեճ» (1921), Զ․ Անտոնովի «Արևի խավարումը Վրաստանում» (1923), Շեքսպիրի «Համլետ» (1925) են։ 1920 թվականի 2-րդ կեսից թատրոնը ղեկավարել է Ա․ Վ․ Ախմետելին (1926-1935 թվականը)։
Խաղացանկում մեծ տեղ է գրավել սովետական դրամատուրգիան։ Լավրենյովի «Բեկում», Շանշիաշվիլու «Անզոր» (երկուսն էլ՝ 1928), «Լամարա» (ըստ Վաժա Փշավելայի, 1926, 1930), Շիլլերի «Ավազակներ» երկերի բեմադրությունները հաստատել են թատրոնի հերոսա-ռոմանտիկական ուղղվածությունը, ձգտումը դեպի բանաստեղծական մոնումենտալ ներկայացումները։ Քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմներին են նվիրվել Դարասելիի «Կիկվիձե» (1941, 1964), Չիրսկովի «Հաղթողները» (1946), Մոսաշվիլու «Կայարանապետը» (1947) և այլ բեմադրություններ։ Թատրոնը մշտապես անդրադարձել է պատմական թեմային, ինչպես և դասական դրամատուրգիային՝ Սոլովյովի «Մեծ տիրակալը» (1945, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1945), Շեքսպիրի «Օթելլո» (1937), «Լիր արքա» (1948, 1966), Մոսաշվիլու «Ջրասույզ քարեր» (1951, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), «Օթարի այրին» (ըստ Ճավճավաձեի, 1952) են։ 1950-ից մինչև 1960-ական թվականները թատրոնի կյանքում նշանակալից են եղել Դ․ Ալեքսիձեի (Սոֆոկլեսի «էդիպ արքա», 1956) և Մ․ Թումանիշվիլու (Անույի «Անտիգոնե», 1968, Իոսելիանիի «Քանի դեո սայլը շուռ չի եկել», 1969) բեմադրությունները։
ԽՍՀՄ տարիների վերջին շրջանի ներկայացումներից են՝ Բրեխտի «Կովկասյան կավճե բոլորակ» (1975), Շեքսպիրի «Ռիչարդ III» (1978, երկուսն էլ՝ ռեժիսոր Ռ․ Ստուրուա), Չխաիձեի «Երեքից մինչև վեցը» (1980, ռեժիսոր՝ Բ․ Կոբախիձե)։ Թատրոնը Երևանում հյուրախաղերով հանդես է եկել 1981 թվականին և 1984 թվականին։ 1936 թվականին պարգևվատրվել է Լենինի շքանշանով։ Տարբեր տարիներ թատրոնում են աշխատել՝ Ա․ Վասաձեն, Ս․ Զաքարիաձեն, Ա․ Խորավան, Դ․ Դավիթաշվիլին, Թ․ Ճավճավաձեն, ՈՒ․ Չխեիձեն, Ի․ Գամրեկելին և ուրիշներ։ Թատրոնի կազմում են՝ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստներ՝ Դ․ Գեգեչկորին, Բ․ Զաքարիաձեն, Ս․ Ղանչելին, Է․ Մանջգալաձեն, Գ․ Սաղարաձեն, Մ․ Թբիլելին, Մ․ Չախավան, Վրացական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Է․ Մաղարաշվիլին և ուրիշներ։ Թատրոնի գլխավոր ռեժիսորներից է եղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռ․ Ստուրուան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 506)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն» հոդվածին։ |