Հիմնադրման պահին գրադարանը եղել է խրճիթ ընթերացարան և ունեցել է 300 կտոր ոչ հայերեն գրականություն։ Ետպատերազմյան տարիներին գրադարանը տեղավորված է եղել մեկ սենյակում, ունեցել է երեք պահարան, երեք սեղան և մեկ նստարան։ Գրականությունը կազմել է 821 կտոր, որից 314-ը եղել է ադրբեջաներեն, 293-ը՝ հայերեն, 144-ը՝ ռուսերեն։ 1950 թվականին գրադարանն ունեցել է 104 ընթերցող, 972 գրքատածք։ 1974 թվականին Արարատի տարածաշրջանի բոլոր գրադարանները միավորվել են, և ստեղծվել է Արարատի գրադարանների կենտրոնացված համակարգ, որի կենտրոնն է դարձել Վեդու կենտրոնական գրադարանը։ 1997 թվականի ապրիլից՝ գրադարանների կենտրոնացված համակարգի դադարումից հետո, գրադարանն անցել է Վեդու քաղաքապետարանի ենթակայության ներքո։
Գրքային ֆոնդը 57999 միավոր է, ընթերցողների քանակը՝ 3457, գրքատածքը՝ 56785, հաճախումները՝ 24330։ Գրադարանն ունի ընթերցասրահ, աբոնեմենտի, մանկական բաժիններ։ Գրադարանը հյուրընկալել է Պարույր Սևակին, Հովհաննես Շիրազին, Նաիրի Զարյանին, Սիլվա Կապուտիկյանին, Սերո Խանզադյանին, Սարմենին, Ռազմիկ Դավոյանին, Պերճ Զեյթունցյանին և այլոց։