Ֆակտորինգի պատմություն խմբագրել

Ֆակտորինգը արագ տեմպերով զարգացում է ապրել Անգլիայում 14-րդ դարում, ինչը սերտորեն կապված էր տեքստիլի արդյունաբերության զարգացման հետ։ Բանն այն է, որ արտադրության վայրերը և շուկաները հեռացված էին միմյանցից, դրա համար էլ ֆակտորները խաղում էին արտադրական ձեռնարկությունները և վերջնական սպառման շուկաները միմյանց հետ կապող շղթայի դեր։ Ֆակտորները, որոնք լավ գիտեին շուկաները, գնորդների գնողունակությունը, առևտրի կանոնները, տվյալ երկրի օրենքները և ավանդույթները, զբաղվում էին հավատարիմ գնորդների որոնմամբ ապրանքների պահեստավորման և իրացման խնդիրներով։ Այժմյան ֆակտորների և հին ֆակտորների էական տարբերությունն այն է, որ նոր ֆակտորները ներկայացուցչական գործերով չեն զբաղվում, այլ մասնագիտանում են պարտքերը վերադարձնելու բնագավառում։

Ժամանակակից ֆակտորինգ խմբագրել

Ֆակտորինգային ծառայություններ իրականացնում են բանկերը և վարկային կազմակերպությունները, որոնք ունեն համապատասխան իրավաբանական, վերլուծական, իսկ երբեմն էլ՝ հետախուզական ստորաբաժանումներ։ Մակրոտնտեսական իմաստով ֆակտորինգային գործունեությունը չափազանց կարևոր է, քանի որ կամովին ստանձնելով պարտքի չվերադարձման ռիսկը, բացում են դրանց պատճառով գոյացած ֆինանսական ուղիների «խցանումները»։ Սկսած 1980-ական թվականներից ֆակտորինգային գործունեությունը գրանցել է հսկայական աճ ֆինանսական ոլորտում. 1998 թ.-ին վերադարձվել են 456 մլրդ. եվրո, իսկ 2003-ին՝ 760 մլրդ.։ Ֆակտորինգային գործունեության ամենամեծ շուկան Եվրոպան է՝ 71%, այնուհետև Ամերիկան՝ 14% և Ասիան 13%։

Ֆակտորինգի էություն խմբագրել

Ֆակտորինգի պայմանագրով մի կողմը մյուս կողմին հանձնում կամ պարտավորվում է հանձնել դրամական միջոցներ՝ ի հաշիվ հաճախորդի՝ երրորդ անձի նկատմամբ ունեցած դրամական պահանջի, որը բխում է հաճախորդի կողմից երրորդ անձին ապրանքներ տրամադրելուց, նրա համար աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալին զիջում է կամ պարտավորվում է զիջել պահանջը։ Պարտապանի նկատմամբ դրամական պահանջը հաճախորդը կարող է ֆինանսական գործակալին զիջել նաև վերջինիս հանդեպ իր պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով։ Ֆակտորինգի պայմանագրով ֆինանսական գործակալի պարտավորությունները կարող են ներառել հաճախորդի համար հաշվապահական հաշվառում վարելը, ինչպես նաև հաճախորդին՝ զիջման առարկա համարվող դրամական պահանջների հետ կապված այլ ֆինանսական ծառայություններ մատուցելը։

Ֆակտորինգի տեսակներ խմբագրել

Ֆակտորինգային գործարքները լինում են մի քանի տեսակների՝ ներքին, արտաքին, հետպահանջի իրավունքով կամ առանց, բաց և փակ։

  1. Ֆակտորինգը կոչվում է ներքին, եթե առուվաճառքի պայմանագրի կողմերը, ինչպես նաև ֆակտորինգ իրականացնող բանկը կամ կազմակերպությունը գտնվում են միևնույն երկրում։
  2. Ֆակտորինգը կոչվում է արտաքին, եթե մատակարարները և գնորդները տարբեր երկրների ռեզիդենտներ են։ Այս դեպքում հնարավոր է պարտավորությունների բաժանում ֆակտորինգ իրականացնող երկու կազմակերպությունների միջև։
  3. Հետպահանջի իրավունքով ֆակտորինգի դեպքում ֆակտորինգ իրականացնող բանկը կամ կազմակերպությունը, չստանալով գումարը պարտապանից, որոշակի ժամկետից հետո իրավունք ունի պահանջել գումարը հաճախորդից։
  4. Առանց հետպահանջի ֆակտորինգի դեպքում պարտապանի՝ գումարը չվերադարձնելու ռիսկն ամբողջությամբ փոխանցվում է ֆակտորինգ իրականացնող ընկերությանը։
  5. Բաց ֆակտորինգի դեպքում պարտապանը տեղեկացվում է, որ ֆակտորինգին մասնակցում է նաև 3-րդ կողմը և հակառակը փակի դեպքում։

Զարգացած երկրներում մեծ տարածում է գտել առանց հետպահանջի իրավունքով ֆակտորինգը, որը կազմում է ամբողջ ֆակտորինգային գործարքների ԱՄՆ-ում 73%, իսկ Իտալիայում՝ 69%-ը։ Հետպահանջի իրավունքով ֆակտորինգներ կնքվում են մեծ մասամբ ներքին ֆակտորինգի ժամանակ։ Եվրոպական երկրներում ներքին ֆակտորինգի 66%-ը հետ պահանջի իրավունքով է, իսկ արտաքինը՝ 35%։

Ֆակտորինգի առավելությունները խմբագրել

Ֆակտորինգի առավելություններն են՝

  1. ձեռնարկությունների ֆինանսավորումը կատարվում է անմիջապես, անկախ վճարման ժամկետից,
  2. պակասում է ձեռնարկության ֆինանսական ռիսկը, որն ապահովված կարգով ստանում է բոլոր վճարումները,
  3. ձեռնարկությունը բանկային համակարգի օգնությամբ անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում գնորդների վճարունակության մասին։

Ֆակտորինգի ծառայությունների արժեքը կազմավորվում է երկու տարրերի հիման վրա՝ կոմիսիոն վարձատրություն, որը կախված է գնորդի վճարունակության և կապիտալի շրջապտույտի ծավալից, և վարկի շուկայական տոկոսադրույքից։