Վարդգես Սերենկյուլյան (Հովհաննես, Զայրմար, Գիսակ, 1871, Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915, Ուռհա, Թուրքիա), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։

Վարդգես Սերենկյուլյան
Ծնվել է1871
ԾննդավայրԿարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1915
Մահվան վայրՈւռհա, Թուրքիա
Մասնագիտությունֆիդայի

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում։ Եղել է 1890 թվականի Կարինի ցույցերի կազմակերպիչներից, որի համար ձերբակալվել է։ 1892 թվականից, բանտից ազատվելուց հետո, անցել է Կոստանդնուպոլիս։ Մասնակցել է օսմանյան բանկի («Բանկ Օտոմանի» միջադեպ 1896) գրավման նախապատրաստական աշխատանքներին։ Գործել է Բուլղարիայում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում, 1901 թվականից՝ Վանում։ Իր գործունեության ընթացքում խուսափել է մասնակի կռիվներից և գաղտնի նախապատրաստվել ընդհանուր ապստամբության (Հրայրի հետ կազմել է ապստամբության կանոնագիրք)։ Գործակցել է արմենականների հետ։ Հաջողության է հասել հայ-քրդական համագործակցության հարցում։ 1903 թվականին Վանում ձերբակալվել է և դատապարտվել 101 տարվա բանտարկության։ 1908 թվականին ազատվել է բանտից և անցել Կարին, որտեղ և ընտրվել է օսմանյան խորհրդարանի երեսփոխան։ 1915 թվականին թուրքերը ձերբակալել են, տարել Ուրֆա, որից ոչ հեռու՝ Գարաքեոփրի վայրում խոշտանգել և սպանել են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։