Վասիլի Միրզոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վասիլի Զոհրապի Միրզոյան (հունվարի 6, 1863, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 30, 1925, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, շինարար, ճանապարհաշինարար, ջրաշինարար, բարերար։
Վասիլի Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1863 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 30, 1925 (62 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ուշագրավ աշխատանքներ | Սպայի տուն, Անգլիական այգի, Սուրբ Աստվածածին եկեղեցի և Կարապետ Աֆրիկյանի ամառանոց |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1863 թ. Թիֆլիսում՝ ազնվականի ընտանիքում։ Ավարտելով Թիֆլիսի և Մոսկվայի ռեալական վարժարանները՝ ինժեներական կրթություն է ստացել Սանկտ-Պետերբուրգի քաղաքացիական շինարարության ինստիտուտում։ 1892 թ. ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի բերումով գործուղվել է Ֆինլանդիա։ Մեկ տարի անց՝ 1893 թ. բնակություն է հաստատել Երևանում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո նշանակվել է քաղաքային գործկոմի կոմունալ տնտեսության գլխավոր ինժեներ։ Ստեղծել է «Հայկական տնտեսական ընկերությունը»։ 1923 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է որպես ներքին գործերի ժողկոմիսարիատի գլխավոր ինժեներ։ 28 տարի շարունակ պաշտոնավարել է նահանգային վարչությունում, ուր միակ հայ բարձրաստիճան մասնագետն էր։ Մահացել է 1925 թ. գարնանը՝ 62 տարեկանում։
Գործունեությունը
խմբագրելՄիրզոյանի առաջին նախագիծը Երևանում կառուցված Նիկոլաևյան եկեղեցին էր (գտնվել է Շահումյան հրապարակի տարածքում)։ Սակայն սկսված աշխատանքներն անհայտ պատճառներով ավարտել է ճարտարապետ Կիտկինը։ 1900 թ. պարսից շահի Երևան այցելության առիթով Միրզոյանին էր հանձնարարվել վերանորոգել ճանապարհները և տներ նախապատրաստել հյուրընկալության համար։ Այդ աշխատանքները գերազանց կատարելու համար շահը Վասիլի Միրզոյանին պարգևատրել է «Առյուծ և Աստղ» շքանշանով։
Հասարակական շենքեր ու առանձնատներ նախագծելիս Միրզոյանը համադրում էր ռուսական կլասիցիզմը և հայկական ճարտարապետության ավանդույթները։ Նրա ղեկավարությամբ վերակառուցվել և տեխնիկայով է հագեցվել Երևանում առաջին պրոֆեսիոնալ թատրոնի շենքը՝ Ջանփոլադյանի թատրոնը։
Իբրև քաղաքաշինարար՝ Միրզոյանը մեծ տեղ էր հատկացնում քաղաքի կանաչապատմանը։ Երևանի առաջին զբոսայգին, որ մինչև օրս կոչվում է Անգլիական զբոսայգի, վերակառուցվել է Վասիլի Միրզոյանի նախագծմամբ։
Սակայն Միրզոյանն առավել հայտնի է Երևանը խմելու ջրով ապահովող խողովակաշարի և Երևանի առաջին ձիաքարշի գծի շինարարությամբ։ 1901 թ. ինժեներ-մեխանիկ Արշակ Բաբայանը Երևանի քաղաքային վարչությանը ներկայացրել է մի նախագիծ, որով առաջարկում էր կառուցել ջրմուղ և ձիաքարշ։ Նախատեսվում էր այդ աշխատանքներն իրականացնել միառժամանակ, որպեսզի փողոցը երկու անգամ չփորվեր։ Այնուամենայնիվ, նախագիծը իրականացնել չհաջողվեց ֆինանսական խնդիրների պատճառով։ Ջրագծի անցկացումը հետաձգվեց, իսկ Արշակ Բաբայանը հրաժարվեց աշխատանքներն ավարտին հասցնել։ Դրանից երեք տարի անց իրավական տեսանկյունից գործն իր ձեռքն առավ Միրզոյանի կինը՝ Մարիան, ում ներկայացուցիչն էր ինժեներ Վասիլի Միրզոյանը։ Այսպիսով, վերջինս ձեռնամուխ եղավ Երևանի առաջին ձիաքարշի գծի շինարարությանը։ Հետագայում պարզվեց, որ այն նախատեսված էր ընդամեկը 14 տարվա համար։ Երևանի ձիաքարշը գործել է 1904-1918 թթ։
1903 թ. քաղաքային դուման քննարկեց ջրմուղի կառուցման հարցը և վերջնաժամկետ սահմանեց 1904 թ.։ Սակայն ծրագրի շուտափույթ իրականացումը կապված էր ֆինանսական խնդիրների հետ։ Այդ ժամանակ Միրզոյանը զբաղեցնում էր գավառական ճարտարապետի պաշտոնը։ Տարիներ շարունակ ֆինանսավորման աղբյուրներ փնտրելուց հետո Միրզոյանը դիմեց քաղաքի մեծահարուստներին՝ առաջարկելով ստեղծել «Էրիվանյան ջրմուղ» ընկերությունը։ 12 մեծահարուստ ընդունում է նրա առաջարկը, և սկսվում է ջրմուղի շինարարությունը։ 1911 թ. դեկտեմբերի 11-ին Կռբուլաղի (քառասուն աղբյուր) աղբյուրից ջուրը Ճապոնիայից պատվիրված հատուկ խողովակների միջոցով հասնում է Երևան։ Մինչև օրս էլ Երևանը սնուցվում է այդ աղբյուրից։
Նախագծեր
խմբագրելՎասիլի Միրզոյանի նախագծմամբ են կառուցվել Երևանի մի շարք շինություններ և ճանապարհներ
Շինություններ
խմբագրել- Պետհամալսարանի հին մասնաշենքը (նախկինում՝ ուսուցչական սեմինարիա)
- Բանկի շենքը (այժմյան 2 հիվանդանոցի մասնաշենքը Արամի փողոցում)
- Առնո Բաբաջանյան համերգասրահի շենքը (նախկինում՝ արական գիմնազիա)
- Արքունական պալատի և Նահանգական գանձատան շենքը (Նալբանդյան փողոց, ներկայիս Հայբիզնեսբանկի սև շենքը)
- Նահանգապետարանի շենքը Հանրապետության (Գուբերնսկայա) փողոցում
- Տեր-Ավետիքյանների առանձնատունը Մհեր Մկրտչյան փողոցում (կինո «Երևան»-ի շենքի հետնամասում)
- Արական գիմնազիայի տնօրեն Բրաժնիկովի առանձնատունը
- Նոր Բայազետի Սուրբ Աստվածածին եկեղեցին
- Երևանի Նիկոլաևյան ռուսական եկեղեցին
- Մի շարք ռուսական եկեղեցիներ ու մզկիթներ Ալեքսանդրապոլում և Երևանում
Ճանապարհներ
խմբագրել- Գորիսի ճանապարհ
- Նախիջևանի ճանապարհ
- Վաղարշապատ-Աշտարակ ճանապարհ (Մ-3 -ի ճանապարհահատված)
- Ելենովկա-Նոր Բայազետ (ներկայիս Հ-10) ճանապարհ
Գրականություն
խմբագրել- Տիգրանյան Է., Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ, Երևան, 2000, էջ 223-235։
Աղբյուրներ
խմբագրել- Վասիլի Միրզոյան Արխիվացված 2022-01-24 Wayback Machine
- «Երևան» ծրագիր Արխիվացված 2014-09-01 Wayback Machine
- Vasily Mirzoyan Արխիվացված 2016-03-05 Wayback Machine