Վասիլե Կոնտա

հայ փիլիսոփա

Վասիլե Գրիգորեիի Կոնտա (Գոնտա) (նոյեմբերի 15, 1845(1845-11-15), Ghindăoani, Նյամց, Ռումինիա - ապրիլի 21, 1882(1882-04-21), Բուխարեստ, Ռումինիա), հայազգի ռումին փիլիսոփա, պետական, քաղաքական գործիչ, իրավագետ։

Վասիլե Կոնտա
Vasile Conta
Ծնվել էնոյեմբերի 15, 1845(1845-11-15) Ghindăoani, Նյամց, Ռումինիա
Մահացել էապրիլի 21, 1882(1882-04-21) (36 տարեկան) Բուխարեստ, Ռումինիա
ԳերեզմանEternitatea cemetery
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունփիլիսոփա և բանաստեղծ
Հաստատություն(ներ)Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինռումիներեն[1]
 Vasile Conta Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է քահանայի ընտանիքում։ Ավարտել է Անտվերպենի համալսարանը։ Գենտի համալսարանում դասավանդել է ֆրանսերեն։ Բրյոսելի համալսարանում ստացել է իրավաբանության դոկտորի գիտական աստիճան (1872 թվական)։ Եղել է իրավունքի պրոֆեսոր Ցասսիի համալսարանում։ 1879 թվականին անկախականների կուսակցությունից ընտրվել է Ռումինիայի պառլամենտի անդամ, 1880-1881 թվականներին ՝ հանրային կրթության (լուսավորության) մինիստր։ Կազմել է երկրի լուսավորության վերակառուցման օրինակելի, առաջադիմական ծրագիր։ Վատառողջության պատճառով Կոնտան հրաժարվել է պետական, քաղաքական և մանկավարժական գործունեությունից, իրեն ամբողջությամբ նվիրել փիլիսոփայական. գիտությանը։ «Ճակատագրապաշտության տեսությունը» (1876 թվական, ֆրանսերեն հրատարակություն 1877 թվական), «Տեսակների ծագումը» (1877 թվական), «Մետաֆիզիկայի հիմունքները» (1879 թվական, ֆրանսերեն հրատարակություն 1880 թվական), «Աշխարհի կազմավորման առաջին սկզբունքները» (1888 թվական), «Տիեզերական տատանումների տեսությունը» (1876-1877 թվականներ, ֆրանսերեն հրատարակություն 1895 թվական, առաջաբանը ՝ Լ. Բյուխների) և այլ երկերում տվել է ժամանակի բնագիտության և փիլիսոփայության առաջ քաշած մի շարք հարցերի մատերիալիստական պատասխանները, քննադատել իդեալիզմը և կրոնը։ Կոնտայի դիալեկտիկական ըմբռնումները դրսևորվել են բնագիտության փիլիսոփայական վերլուծություններում։ Առաջադրել է համընդհանուր պատճառականության գաղափարը, այն վերագրել նաև մարդու հոգեկանին, որ նա բնորոշել է որպես նյարդային համակարգի ֆունկցիա։

Ժխտումը, կարծիքները խմբագրել

Ժխտել է պատահականությունը, որոշ դեպքերում տուրք տվել ճակատագրապաշտությանը։ Փորձել է գիտության նվաճումները համաձայնեցնել իր դետերմինիստական ըմբռնումներին։ Մարդու ճանաչողական կարողությունը համարել է անսպառ։ Զգայությունը և ընկալումը համարել է ճանաչողության առաջին, անմիջական աստիճան, մտածողությունը՝ երկրորդ, միջնորդավորված աստիճան, որի արտացոլումն իրականացնում է զգայության տվյալների մշակմամբ։ Բնագիտության նվաճումները և Չ. Դարվինի էվոլյուցիոն տեսությունը նպաստել են Կոնտայի աթեիստական հայացքների ձևավորմանը։ Օ. Կոնտի, Հ. Բոկլի և Հ. Սպենսերի սոցիոլոգիայի ազդեցությամբ պաշտպանել է հասարակության օրգանական տեսությունը։ Կոնտայի աշխատությունները, զեկուցումները, հոդվածները, պառլամենտական ճառերը, իրավաբանական ուսումնասիրությունները, կանոնադրությունները նաև վկայում են հեղինակի իրավաբանական, մանկավարժական, հասարակական-քաղաքական առաջադիմական հայացքների մասին։

Կոնտան գրել է նաև բանաստեղծություններ։ Կոնտայի փիլիսոփայությունը Ռումինիայի նախամարքսյան մատերիալիզմի ամենաբարձր արտահայտությունն է։ Կոնտային բարձր է գնահատել Մ. Էմինեսկուն։ Ըստ ակադեմիկոս Պ. Կոնստանդինեսկու-Ցաշի, Կոնտան նպաստել է Ռումինիայում մատերիալիստական հոսանքի ստեղծմանը և երիտասարդությանը մղել դեպի սոցիալիստական շարժումը։ Կոնտան նամակագրություն է ունեցել Չ. Դարվինի, Լ. Բյուխների, Է. Հեկկելի և ուրիշ նշանավոր մտածողների հետ։ Ունեցել է հայ աշակերտներ։ Ուսումնասիրություններում անդրադարձել է հայերին ու Հայաստանին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլե Կոնտա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 581