Կենսագրություն և ԿարիերաԽմբագրել
Ծնվել է 1986 թ. հուլիսի 15-ին, Երևանում։ Ամուսնացած է հաղորդավար, լրագրող Գայանե Մանուկյանի հետ։ 2003 թ. ավարտել է Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի բաժինը և 2008 թվականին ավարտել այն։ Որպես խմբագիր 2004 թ. աշխատել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կազմակերպած ՈՒՀԱ ուսանողական լիգայում։ 2006-10 թվականին Վաչեն դառնում է «32 ատամ» հումորային ակումբի անդամը, որտեղ էլ նա անում է իր առաջին սցենարիստի քայլերը[1]։ «32 ատամ»-ում դերասան և սցենարիստ հանդես է գալիս մինչև 2010 թ.։ 2007 թ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես «2 աստղ» նախագծի օրագրերի սցենարի հեղինակ։ 2009-10 թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ «3 պատ» նախագծի դերասան և սցենարիստ, «Մեր Բակը» հեռուստասերիալի ստեղծագործական խմբի ղեկավար։ 2010-15 թթ աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում՝ որպես «Վիտամին ակումբ» նախագծի դերասան և սցենարիստ։ Եղել է նաև «Բարի լույս» հաղորդման հաղորդավարը և «Շիլաշփոթ» մանկապատանեկան հաղորդման ստեղծագործական խմբի ղեկավարը։ Նկարահանվել է նաև «Կորած և մոլորված Հայաստանում» (2012 թ.) ֆիլմում և «Բանակում» սիթքոմում 2009թ. 2015-17 թթ եղել է «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քարե դարդ» հումորային նախագծի գլխավոր դերակատարներից ու պրոդյուսերը[1]։ 2017-19 թթ նկարահանվել է «Ոսկե դպրոց» հումորային նախագծում, որտեղ հանդես է եկել նաև որպես պրոդյուսեր։ Այժմ հանդես է գալիս «Երգիր թե կարող ես» երաժշտական նախագծում՝ որպես հաղորդավար և «Կուկուռուզ» հումորային նախագծում՝ որպես դերասան և պրոդյուսեր։
ԾանոթագրություններԽմբագրել