Սրճենի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Տորոնազգիներ (Rubiaceae)
Ենթաընտանիք Ixoroideae
Տրիբա Coffeeae
Ցեղ Սրճենի (Coffea)
L., 1753

Սրճենի (լատիներեն՝ Coffea), տորոնազգիների ընտանիքի մշտադալար ծառերի և թփերի ցեղ։ Հայտնի է սրճենու մոտ 50 տեսակ՝ տարածված Աֆրիկայի և Ասիայի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Մշակվում է 4-5 տեսակ։ Ամենատարածվածը արաբական սրճենին է, որից ստացվում է ամենաբարձրորակ սուրճը։ Սուրճի այս տեսակը կոչվում է «արաբիկա»։ Այժմ աշխարհի սրճենու բոլոր ծառատեսակների 90 %-ը պատկանում է «արաբիկա» տեսակին։ Սուրճն անընդհատ աճող մեծ պահանջարկ ունի։ Համաշխարհային առևտրի մեջ այն բռնում է երկրորդ տեղը նավթից հետո։ Ամեն տարի աշխարհում վաճառվող սուրճի արժեքը կազմում է 2 միլիարդ դոլլար։ Թեյի, կակաոյի և մյուս բույսերի համեմատությամբ սուրճը, ինչպես ցանքատարածությամբ, այնպես էլ բերքատվությամբ բռնում է առաջին տեղը։ Եթե սուրճի համաշխարհային արտադրանքը տարեկան կազմում է 4 միլիոն տոննա, իսկ թեյինը հասնում է ընդամենը 1 միլիոն տոննայի[1]։ Արաբական սրճենին մինչև 8-10 մ բարձրությամբ, հորիզոնական տարածված երկար, ճկուն ճյուղերով, ամբողջական, հակադիր, մուգ կանաչ կաշեկերպ տերևներով և խոշոր, սպիտակ, բուրավետ, անընդհատ ծաղկող ծաղիկներով ծառ կամ թուփ է։ Կորիզապտղանման վառ կարմիր կամ կապտամանուշակագույն, հյութալի, կլորավուն հատապտուղները պարունակում են երկու կիսագնդաձև սերմ (սուրճի հատիկներ)։ Հում հատիկները լինում են դեղնամոխրագույն կամ կանաչ մոխրագույն, ունեն խիստ տտիպ համ, դժվարությամբ են մանրացվում, դրանցից ստացվում է անբույր ու անհամ թուրմ։ Սրճենու աճման ու պտղակալաման համար պահանջվում է մեղմ կլիմա՝ ջերմությունը 15-20 °C-ի, իսկ տեղումները՝ 2200-3200 միլիմետրի սահմաններում։ Ջերմաստիճանը -8 °C-ից ցածր լինելու դեպքում ծառը ոչնչանում է։ Միաժամանակ այն չի դիմանում արևադարձային շրջաններում Արեգակի ուղիղ ճառագայթների բարձր ջերմությանը, որի համար սրճենու ստվերապատման նպատակով աճեցնում են ուրիշ ուրիշ ավելի բարձր ծառատեսակներ։ Սուրճի պլանտացիաները տեղադրվում են ծովի մակերևույթից 2000 մետր բարձրությամբ լեռնային թեքություններում։ Պլանտացիաների 1 հեկտարից հավաքվում է 15-20 ցենտր հատիկ։ Մշակման լավ ագրոտեխնիկայի պայմաններում սուրճի ծառը պտղաբերում և բարձր բերք է տալիս մինչև 50 տարի։ Սրճենու պլանտացիաները տարածված են Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում և Ավստրալիայում, ինչպես նաև Խաղաղ ու Հնդկական օվկիանոսների կղզիներում։ Անբարենպաստ պայմանների պատճառով Եվրոպայում սրճենին չի մշակվում։ Սուրճի համաշխարհային արտադրանքի 27 %-ը բաժին է ընկնում Աֆրիկայի երկրների՝ Փղոսկրի ափ, Եթովպիա, Անգոլա, Ուգանդա և այլն։ Մնացածը տալիս են Ասիայի երկրները՝ Ինդոնեզիա, Հնդկաստան, Ֆիլիպիններ։ Եթովպիայում է առաջացել այդ հռչակավոր ըմպելիքի անունը, դա Կաֆֆա նահանգի անունն է, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է սուրճը։ Հետագայում Կաֆֆան ձևափոխվել և գործածվել է «Կոֆե»։ Քանի որ Եթովպիան այլևս չէր կարողանում բավարարել սուրճի անընդհատ աճող պահանջը, առաջ է գալիս սրճենու պլանտացիաների ստեղծման անհրաժեշտությունը։ Այդպիսի պլանտացիաների ստեղծման առային փորձը Եմենը (Արաբական թերակղզու հարավ-արևմուտքում), որտեղ կային հողակլիմայական նպաստավոր պայմաններ։ Այստեղ արաբները ոչ միայն լավացրին սուրճի որակը, այլև աճեցրին նոր սորտեր։ Ավելի քան 200 տարի Եմենը եղել է համաշխարհային շուկային սուրճ մատակարարող գլխավոր երկիրը։ Հայրենիքը Եթովպիան է, XIV—XV դդ․ սկսել են սրճենի մշակել Արաբական թերակղզում, XVIII դարից՝ Բրազիլիայում, որտեղ այժմ կենտրոնացած է աշխարհի սրճենու պլանտացիաների կեսը։ Մեկ ծառից տարեկան ստացվում է 1 կգ սերմ (մոտ 2 տ/հա)։ Համեմատաբար ավելի հազվադեպ մշակվում են լիբերական սրճենի և կոնգոյական սրճենի։

Սրճենու որոշ տեսակներ դեկորատիվ են։

Սրճենու հատապտուղը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կ․ Մ․ Հարությունյան, Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, Լույս հրատարակչություն, Երևան-1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 168