Կոմպրադոր (իսպ.՝ comprador - գնորդ), ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի, անձ, որը «որպես գործակալ է հանդես գալիս ներդրումների, առևտրի կամ տնտեսական կամ քաղաքական շահագործմամբ զբաղվող օտարերկրյա կազմակերպությունների համար»[1]։

Պատմություն

Արևելյան Ասիայում ապրող եվրոպացիները կոմպրադոր անվանում էին տեղի ծառային, որին ուղարկում էին շուկա՝ բերված ապրանքները վաճառելու համար: Ավելի ուշ կոմպրադորներ սկսեցին անվանել օտարերկրյա ընկերություններում աշխատող մատակարարներին և այդ ընկերությունների ներկայացուցչությունների տեղական ղեկավարներին: Կոմպրադորները կարևոր դեր են խաղացել Հարավային Չինաստանի տնտեսության մեջ. նրանք գնել և վաճառել են թեյ, մետաքս, բամբակ և մանվածք արտասահմանյան կորպորացիաների համար և աշխատել են արտասահմանյան բանկերում[2]։

Հետագայում կոմպրադորներից ձևավորվել է այսպես կոչված «կոմպրադորական բուրժուազիան», որը զարգացող երկրի բուրժուազիայի մի մասն էր, որն իրականացնում էր առևտրային միջնորդություն արտասահմանյան ընկերությունների հետ ներքին և արտաքին շուկաներում։ Կոմպրադորական բուրժուազիան առաջացել է գաղութացման դարաշրջանում։ Այն ձևավորվել է տարբեր դասերից՝ վաճառականներ, վաշխառուներ, ֆեոդալներ և տոհմիկ ազնվականներ։ Այն մեծապես կախում ուներ օտարերկրյա ընկերություններից ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով և հաճախ օգտագործվում էր դրանց կողմից իրենց իսկ շահերի համար: 19–րդ դարի վերջից մինչև 20-րդ դարասկիզբ տևած հակագաղութային շարժմանը, ինչպես նաև Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում կոմպրադորական բուրժուազիան, որպես կանոն, մասնակցություն չի ունեցել[3]։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո տնտեսության մեջ կոմպրադորական բուրժուազիայի դերը կտրուկ ընկել է՝ կապված ազգային արդյունաբերության կտրուկ զարգացման հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իմպերիալիզմի գաղութային համակարգի փլուզումը և ազգային-ազատագրական շարժման ուժեղացումը հանգեցրել են կոմպրադորական բուրժուազիայի քաղաքական մեկուսացման[4]։

Մեր օրեր

Ներկայումս «կոմպրադոր» և «կոմպրադորական բուրժուազիա» բառերը բացասական նրբերանգով դարձվածքներ են, մեկնաբանվում են որպես «չինովնիկ-բյուրոկրատներ և բիզնեսմեն-օլիգարխներ, որոնք իրենց կապիտալը վաստակում են արտասահմանում հայրենական բնական ռեսուրսների վաճառքով և օտարերկրյա ապրանքների առևտրով, իրենց փողերը պահում են օտարերկրյա բանկերում, ուղղորդվում են սեփական շահերով և չեն մտածում երկրի տնտեսությանը հանգեցրած հետևանքների մասին»[5]։

Այսպես, օրինակ, Հունաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Ալեկա Պապարիգան 2011 թվականի դեկտեմբերի 14-ի իր ելույթում նշել է. «Նրանք խոսում են կոմպրադորական և մակաբույծ բուրժուազիայի մասին։ Հետևաբար, հունական կապիտալիզմի զարգացման հարաբերական հետաձգումը առաջատար տերությունների ամենահզոր և զարգացած կապիտալիզմի համեմատ թուլության կամ ներքին կապիտալիստական կուտակման հնարավորության բացակայության հետևանք է...»[6]:

Ռուս տնտեսագետ Մ. Գ. Դելյագինի կարծիքով, Ռուսաստանում 21-րդ դարի սկզբին ձևավորվել է կոմպրադորական կապիտալիզմ, ընդ որում գիտնականը նշում է դրա առանձնահատկությունը. կոմպրադորի դերը խաղում են ոչ թե առանձին ընկերություններ, այլ պետությունը[7]։

Ծանոթագրություններ

  1. «comprador». oxforddictionaries.com. OXford University Press. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  2. Bergere, Marie-Clarie The Golden Age of the Chinese Bourgeoisie 1911—1937. — Кембридж: Cambridge University Press, 1989.
  3. Компрадорская буржуазия // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  4. Компрадорская буржуазия // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  5. Бестужев-Лада И. В. Очень уж краткая история человечества с древнейших времен до наших дней и даже несколько дольше. — М.: ИНЭС, 2007. — 224 с. — ISBN 978-5-93618-135-1
  6. «Коммунистическая партия Греции — Выступление Генсека ЦК КПГ Алеки Папариги на презентации второго тома Очерка истории партии». Արխիվացված է օրիգինալից 2012-07-02-ին. Վերցված է 2012-03-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 31 (օգնություն)
  7. М. Г. Делягин (2013-02-18). «В России установился компрадорский капитализм». Արխիվացված է օրիգինալից 2017-04-27-ին. Վերցված է 2017-02-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 548