Հեշտոցի ստենոզ

08:26, 27 Հունիսի 2024 տարբերակ, Սոնա Խոսրովյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հեշտոցի ստենոզ, պաթոլոգիական վիճակ, որի դեպքում հեշտոցը նեղանում և կարճանում է ֆիբրոզ հյուսվածքի ձևավորման պատճառով[1][2]: Այս դեպքում հեշտոցի լորձաթաղանթը կարող է լինել ավելի բարակ և չոր, պարունակել սպիական հյուսվածք: Դա կարող է նպաստել սեռական դիսֆունկցիայի, դիսպարեունիայի, ցավ պատճառել կոնքի հատակի հետազոտության ժամանակ[1]: Հեշտոցի ստենոզը հաճախ առաջանում է կոնքի ճառագայթային թերապիայի, շեքահատման կամ այլ վիրաբուժական միջամտությունների արդյունքում[3][4][5][6]: Քիմիաթերապիան նույնպես կարող է մեծացնել հեշտոցի ստենոզի զարգացման հավանականությունը: Հեշտոցի ստենոզը կարող է լինել նաև մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիա ունեցող մարդկանց սեռական օրգանների վերականգնողական վիրահատության հետևանք[7]։

Հեշտոցի ստենոզ
Բժշկական մասնագիտությունգինեկոլոգիա
ՀՄԴ-10N89.5

Ախտանիշներ

Հեշտոցի ստենոզի ընդհանուր նշաններ կարող են լինել սեռական հարաբերության ընթացքում առաջացող ցավն ու արյունահոսությունը, ինչպես նաև սեռական դիսֆունկցիայի այլ տեսակները[1]: Սա կարող է հանգեցնել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են սեռական հարաբերության դժվարացումը և սեռական ցանկության նվազումը[8]: Հեշտոցի ստենոզի ծանր ձևերը կարող են բերել սեռական հարաբերության անկարողության[1]։

Հեշտոցի ստենոզի հետևանքով հեշտոցային հյուսվածքների ատրոֆիան, սպիերը և վնասումները կարող են հանգեցնել չորության, բորբոքման և հյուսվածքների առաձգականության նվազման[9]։

Հեշտոցի ստենոզի հեռակա հետևանքները կարող են ներառել հոգեբանական բարեկեցության վրա ազդեցությունը՝ ֆիզիկական սահմանափակումներին զուգահեռ[1]: Ախտանիշները կարող են վատթարանալ ձվարանների խնդիրների բուժումից կամ դաշտանադադարից հետո, ինչը հանգեցնում է լորձաթաղանթի խոնավության նվազմանը և հյուսվածքների բարակացմանը[1]:

Պատճաներ

Ճառագայթային թերապիա

Արգանդի, հեշտոցի, սրբանի, հետանցքի և արգանդի վզիկի քաղցկեղը հաճախ բուժվում է կոնքի ճառագայթային թերապիայի միջոցով, առավել հաճախ՝ արտաքին ճառագայթային թերապիայի (EBRIT) կամ բրախիթերապիայի միջոցով[1]: Ճառագայթահարման հետևանքով առաջացած հեշտոցի ստենոզը կարող է լինել բուժման կողմնակի ազդեցություն[10]: Սա ամենատարածված կողմնակի ազդեցություններից մեկն է, որն ազդում է կոնքի ճառագայթային թերապիա անցնող մարդկանց մոտ մեկ երրորդի վրա[11][12]: Հեշտոցային էպիթելի վնասը հանգեցնում է կոլագենի արտադրության խանգարման, ինչը հանգեցնում է ատրոֆիայի, մկանային հյուսվածքի կորստի, արյունամատակարարման նվազման, կպումների առաջացման, հյուսվածքի հիպօքսիայի և ֆիբրոզի: Կարող է դիտվել լորձաթաղանթի գունատություն, կպչունություն և փխրունություն, ինչպես նաև առաձգականության կորուստ[1]: Այս ամենը կարող է նպաստել սեռական դիսֆունկցիայի առաջացմանը: Որոշ կանանց մոտ, որոնք ունեն ձվարանների ֆունկցիայի նվազում և էստրոգենային անբավարարություն, ճառագայթային թերապիայից հետո հեշտոցի լորձաթաղանթը կարող է էլ ավելի բարակել՝ խորացնելով հեշտոցի ստենոզը[9]։

Ռիսկի գործոններ

Չնայած հեշտոցի ստենոզի ծանրությունը մեծապես կախված է իրականացվող ճառագայթային թերապիայի տեսակից, մի քանի ռիսկի գործոններ կարող են նպաստել հեշտոցային ստենոզի զարգացմանը[9]: 50 տարեկանից բարձր կանայք, որոնք ունեն արգանդի վզիկի քաղցկեղ, հակված են ճառագայթային թերապիայի արդյունքում հեշտոցային ստենոզի զարգացման ավելի մեծ ռիսկի: Ծխախոտի օգտագործումը նույնպես կապված է հեշտոցի ստենոզի ռիսկի բարձրացման հետ[9]:

Վիրահատական միջամտություններ

Ենթադրվում է, որ հեշտոցի ստենոզ կարող է առաջանալ մի շարք վիրաբուժական միջամտությունների պատճառով: Էպիզիոտոմիաները, որոնք վիրաբուժական կտրվածքներ են, երբեմն օգտագործվում են ծննդաբերությունը հեշտացնելու համար և կարող են հանգեցնել հեշտոցային բացվածքի նեղացման և երկարատև դիսպարեունիայի: Ընտրովի էպիզիոտոմիայից հետո առնվազն 6 ամսվա ընթացքում դիսպարեունիայի հավանականությունը մոտավորապես 13% է[13]: Երբ էպիզիոտոմիայից հետո հյուսվածքները պատշաճ կերպով չեն բուժվում, բարդությունները կարող են ներառել լորձաթաղանթի վնասումը և սպիացումը, ինչը կարող է նպաստել հեշտոցի ստենոզի զարգացմանը[14]: Հեշտոցի ստենոզը մակերիկամներիկեղևի բնածին հիպերպլազիա ունեցող մարդկանց մոտ սեռական օրգանների վրա կատարված վիրահատությունների հետվիրահատական ամենատարածված խնդիրը կարող է լինել[15]։ Հեշտոցի ստենոզը կարող է առաջանալ անմիջապես, կամ էլ ավելի ուշ՝ մեծ տարիքում[7]: Բացի այդ, այն մարդկանց մոտ, որոնք ենթարկվել են հեշտոցի պլաստիկայի, հեշտոցի ստենոզը հետվիրահատական տարածված բարդություն է[16]:

Ախտորոշում

Ներկայումս հեշտոցի ստենոզը գնահատելու համար կան մի քանի գնահատման սանդղակներ, սակայն դրանցից ոչ մեկը պաշտոնական չէ: «Երկու ընդհանուր գնահատման սանդղակներն են «Քաղցկեղի ազգային ինստիտուտի 4.0 տարբերակի անբարենպաստ իրադարձությունների ընդհանուր տերմինաբանական չափանիշները» (CTCAE) և երկարաժամկետ ազդեցությունները նորմալ հյուսվածքներում՝ սուբյեկտիվ, օբյեկտիվ, և վերլուծական գնահատումը» (LENT - SOMA)[1]: CTCAE 4.0 տարբերակը գնահատում է հեշտոցի հյուսվածքների խտության երեք աստիճանները, որոնք հիմնված են հեշտոցի կրճատման կամ նեղացման, ֆիզիկական հետազոտության ժամանակ դրա փոփոխության և տամպոնների օգտագործման կամ սեռական գործունեության ազդեցության վրա[1]: Այնուամենայնիվ, այս սանդղակը չի վերաբերում միայն հեշտոցային վնասվածքներին[9]: LENT-SOMA հեշտոցային ստենոզի գնահատման սանդղակը հիմնված է սուբյեկտիվ ախտանիշների, վերլուծական թեստերի և կլինիկական դրսևորումների գնահատման վրա[1]: Այս սանդղակը հորինել է «Քաղցկեղի հետազոտման և բուժման եվրոպական կազմակերպությունը» (EORTC) ՝ «Միացյալ Նահանգների Ճառագայթային թերապիայի քաղցկեղի խմբի» (RTOG) հետ համատեղ[9]:Հեշտոցի ստենոզը առավել հաճախ ախտորոշվում է սուբյեկտիվ ցուցանիշներով[17]: Այս սուբյեկտիվ պարամետրերը և զուգահեռ օգտագործվող գնահատման սանդղակները կլինիկական պրակտիկայում միշտ չեն օգտակար[17]: Սա դժվարացնում է հիվանդության ճիշտ ախտորոշումը և բուժման նշանակումը[18]:

Բուժում

Հեշտոցային դիլատացիոն թերապիա (VDT)

Հեշտոցի ստենոզը սովորաբար բուժվում է հեշտոցային դիլատացիոն թերապիայի (VDT) միջոցով, սակայն դրա արդյունավետության վերաբերյալ բավարար ապացույցներ չկան[19][20]: Հեշտոցային դիլատատորները գլանաձև հարթ սարքեր են, որոնք նպաստում են հեշտոցային հյուսվածքների ձգմանը և թուլացմանը[21]: Հեշտոցային դիլատցիոն թերապիան պահանջում է շարունակական միջամտություն և կարող է առաջացնել ֆիզիկական և (կամ) հոգեբանական անհանգստություն, ինչը դժվարացնում է համապատասխան բուժումը[17]: Հեշտոցային դիլատացիոն թերապիայի արդյունավետության գնահատումը կարող է դժվար լինել, քանի որ սեռական ֆունկցիայի և կյանքի որակի ցուցանիշները դժվար է քանակականացնել և վերահսկել[19]: Հեշտոցային դիլատացիոն թերապիայի օպտիմալ տևողությունը և դրա ազդեցությունը սեռական ֆունկցիայի և քաղցկեղի հետ կապված արդյունքների վրա մնում են ամբողջությամբ չպարզաբանված[22]:

Չնայած համոզիչ ապացույցների բացակայությանը, շատ ուղեցույցներ և ակնարկներ խորհուրդ են տալիս օգտագործել հեշտոցային դիլատատորներ կոնքի ճառագայթային թերապիայից հետո[9]: Ենթադրվում է, որ այս թերապիան ձգում է հեշտոցի հյուսվածքները և հեշտոցային խողվակը, ինչը հանգեցնում է էպիթելի բջիջների աճին և նվազեցնում պոտենցիալ օղակաձև ֆիբրոզը[9]: Որոշ ուսումնասիրություններ նույնիսկ հայտնաբերել են փոխկապակցվածություն դիլատատորների օգտագործման և հեշտոցային ծանր ստենոզի զարգացման ռիսկի կանխարգելման միջև[9]:

Որոշ ուսումնասիրություններ բուժառուների մոտ ցույց են տվել դրական արդյունքներ այն դեպքերում, երբ այն զուգորդվում է ավելի երկարատև լայնացման գործընթացով[21]։ Ապացուցված է, որ դիլատատորների օգտագործումը մեդիտացիայի և հանգստացնող երաժշտության հետ համատեղ բարելավում է արդյունավետությունը, չնայած դրա համար բավարար ապացույցներ չկան[21]: Այս թերապիային աջակցելու և բուժումը օպտիմալացնելու համար անհրաժեշտ է կանոնավոր հոգեսոցիալական աջակցություն և կանոնավոր այցելություններ[1]:

Այլ միջոցներ

Բուժման վերջին առաջընթացը ներառում է հիալուրոնաթթվի տեղային կիրառումը, լազերային թերապիան և էստրոգենային բուժումը, սակայն անհրաժեշտ են հետագա հետազոտություններ[9]: Հիալուրոնաթթուն կարող է կանխել հեշտոցի ստենոզը՝ ավելացնելով խոնավությունը, դրանով նպաստելով հեշտոցային հյուսվածքների վերականգնմանը[23]: Ներկայումս հայտնի հակացուցումներ չկան, և այն լայնորեն օգտագործվում է կլինիկական պրակտիկայում[9]։

Ապացուցված է, որ լազերային թերապիան բարելավում է ախտանիշները դաշտանադադարի շրջանում սեռական օրգանների ատրոֆիա ունեցող մարդկանց մոտ, բայց ներկայումս շատ ուսումնասիրություններ չեն կատարվել ճառագայթային թերապիայի հետևանքով առաջացած հեշտոցային ստենոզով տառապող մարդկանց վրա դրա ազդեցության վերաբերյալ[9]: 2020 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել հեշտոցի երկարության, ինչպես նաև հեշտոցի առողջության ինդեքսի բարելավում, չնայած արդյունավետությունը հաստատելու համար անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ[24]:

Ճառագայթային թերապիայի արդյունքում առաջացած հեշտոցի ստենոզով կանանց էստրոգենային թերապիայի վերաբերյալ ուսումնասիրությունները սահմանափակ են՝ ուռուցքի կրկնության ռիսկի բարձրացման հետ կապված մտահոգությունների պատճառով[9]: Նմանապես, կատարվել է մեկ ուսումնասիրություն, որը ցույց է տվել, որ բարձր չափաբաժիններով ճառագայթային թերապիա ստացող մարդիկ ավելի քիչ հավանական է, որ արձագանքեն էստրոգենային բուժմանը[9]:

Համաճարակաբանություն

Ճառագայթային թերապիայի հետևանքով առաջացած հեշտոցի ստենոզի հաճախականությունը, ըստ ուսումնասիրությունների, լայնորեն տատանվում է 1,2% - ից 88%-ի սահմաններում[9]: Դա պայմանավորված է նրանով, որ նախորդ ուսումնասիրությունները սահմանափակված էին փոքր խմբերով, ինչպես նաև փոփոխականությամբ՝ կախված անձնական գործոններից, ինչպիսիք են ՝ քաղցկեղի տեսակը, տարիքը, դոզան և ճառագայթային թերապիայի եղանակը (EBRT կամ բրախիթերապիա)[1]: Բացի այդ, ախտանիշները կարող են ի հայտ գալ միայն ճառագայթային թերապիայից մեկ տարի անց և սրվել երեք տարվա ընթացքում[9]: Հեշտոցի ստենոզի մասին տեղեկատվությունը կարող է նաև թերագնահատվել սեռական դիսֆունկցիան քննարկելիս խարանի և անհանգստության պատճառով[1]: Ճառագայթային թերապիա անցնող մարդկանց մոտ հեշտոցի ստենոզի գնահատված հաճախականությունը էնդոմետրիումի քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ 50% է, իսկ արգանդի վզիկի քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ՝ 60%[9]: Հեշտոցի ստենոզի հաճախականությունը այն մարդկանց մոտ, որոնք անցնում են ճառագայթային թերապիա հետանցքի կամ ուղիղ աղիքի քաղցկեղի կապակցությամբ, լավ ուսումնասիրված չէ, բայց գնահատվում է, որ այն հասնում է 80%-ի[9][25]:

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Morris L, Do V, Chard J, Brand AH (2017). «Radiation-induced vaginal stenosis: current perspectives». International Journal of Women's Health (English). 9: 273–279. doi:10.2147/IJWH.S106796. PMC 5422455. PMID 28496367.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Vaginal stenosis». TheFreeDictionary.com. Վերցված է 2018-03-11-ին.
  3. Venes D (2017-01-25). Taber's Cyclopedic Medical Dictionary - Episiotomy. F.A. Davis. ISBN 9780803659407.
  4. «Vaginal Outlet Stenosis Repair». www.atlasofpelvicsurgery.com. Վերցված է 2018-03-11-ին.
  5. «NCI Dictionary of Cancer Terms -Vaginal Stenosis». National Cancer Institute (անգլերեն). Վերցված է 2018-03-14-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  6. Rosa LM, Hammerschmidt KS, Radünz V, Ilha P, Tomasi AV, Valcarenghi RV, և այլք: (2016). «Evaluation and Classification of Vaginal Stenosis After Brachytherapy». Texto & Contexto - Enfermagem. 25 (2). doi:10.1590/0104-07072016003010014. ISSN 0104-0707.
  7. 7,0 7,1 Merke DP, Poppas DP (2013). «Management of adolescents with congenital adrenal hyperplasia». The Lancet. Diabetes & Endocrinology. 1 (4): 341–352. doi:10.1016/S2213-8587(13)70138-4. PMC 4163910. PMID 24622419.
  8. Huffman LB, Hartenbach EM, Carter J, Rash JK, Kushner DM (2016). «Maintaining sexual health throughout gynecologic cancer survivorship: A comprehensive review and clinical guide». Gynecologic Oncology. 140 (2): 359–368. doi:10.1016/j.ygyno.2015.11.010. PMC 4835814. PMID 26556768.
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 Varytė G, Bartkevičienė D (2021). «Pelvic Radiation Therapy Induced Vaginal Stenosis: A Review of Current Modalities and Recent Treatment Advances». Medicina. 57 (4): 336. doi:10.3390/medicina57040336. PMC 8066324. PMID 33915994.
  10. Harkenrider MM, Block AM, Alektiar KM, Gaffney DK, Jones E, Klopp A, և այլք: (2017). «American Brachytherapy Task Group Report: Adjuvant vaginal brachytherapy for early-stage endometrial cancer: A comprehensive review». Brachytherapy. 16 (1): 95–108. doi:10.1016/j.brachy.2016.04.005. PMC 5612425. PMID 27260082.
  11. Կաղապար:ClinicalTrialsGov  This article incorporates text from this source, which is in the public domain.
  12. «Management of radiation induced vaginal stenosis eviQ; (Australian, evidence-based health information)». www.eviq.org.au (անգլերեն). Վերցված է 2018-03-11-ին.
  13. Jiang H, Qian X, Carroli G, Garner P, և այլք: (Cochrane Pregnancy and Childbirth Group) (February 2017). «Selective versus routine use of episiotomy for vaginal birth». The Cochrane Database of Systematic Reviews. 2017 (2): CD000081. doi:10.1002/14651858.CD000081.pub3. PMC 5449575. PMID 28176333.
  14. «Episiotomy Complications and Side Effects». www.birthinjuryhelpcenter.org (անգլերեն). Վերցված է 2022-08-01-ին.
  15. Wang LC, Poppas DP (2017). «Surgical outcomes and complications of reconstructive surgery in the female congenital adrenal hyperplasia patient: What every endocrinologist should know». The Journal of Steroid Biochemistry and Molecular Biology. Genetic Steroid Disorders. 165 (Pt A): 137–144. doi:10.1016/j.jsbmb.2016.03.021. PMID 26995108. S2CID 45876518.
  16. Li JS, Crane CN, Santucci RA (2021). «Vaginoplasty tips and tricks». International Braz J Urol. 47 (2): 263–273. doi:10.1590/S1677-5538.IBJU.2020.0338. PMC 7857744. PMID 32840336.
  17. 17,0 17,1 17,2 Haddad NC, Soares Brollo LC, Pinho Oliveira MA, Bernardo-Filho M (2021). «Diagnostic Methods for Vaginal Stenosis and Compliance to Vaginal Dilator Use: A Systematic Review». The Journal of Sexual Medicine (English). 18 (3): 493–514. doi:10.1016/j.jsxm.2020.12.013. PMID 33526400. S2CID 231766638.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. de Morais Siqueira T, Derchain S, Juliato CR, Pinto E Silva MP, Machado HC, Brito LG (2022). «Vaginal stenosis in women with cervical or endometrial cancer after pelvic radiotherapy: a cross-sectional study of vaginal measurements, risk for sexual dysfunction and quality of life». International Urogynecology Journal. 33 (3): 637–649. doi:10.1007/s00192-021-04798-8. PMID 33891152. S2CID 233355491.
  19. 19,0 19,1 Miles T, Johnson N, և այլք: (Cochrane Gynaecological, Neuro-oncology and Orphan Cancer Group) (2014). «Vaginal dilator therapy for women receiving pelvic radiotherapy». The Cochrane Database of Systematic Reviews. 2014 (9): CD007291. doi:10.1002/14651858.CD007291.pub3. PMC 6513398. PMID 25198150.
  20. White ID, Faithfull S (2006). «Vaginal dilation associated with pelvic radiotherapy: a UK survey of current practice». International Journal of Gynecological Cancer. 16 (3): 1140–1146. doi:10.1111/j.1525-1438.2006.00452.x. PMID 16803497. S2CID 12423507.
  21. 21,0 21,1 21,2 Liu M, Juravic M, Mazza G, Krychman ML (2021). «Vaginal Dilators: Issues and Answers». Sexual Medicine Reviews. 9 (2): 212–220. doi:10.1016/j.sxmr.2019.11.005. PMID 32014450. S2CID 211026055.
  22. Damast S, Jeffery DD, Son CH, Hasan Y, Carter J, Lindau ST, Jhingran A (2019). «Literature Review of Vaginal Stenosis and Dilator Use in Radiation Oncology». Practical Radiation Oncology. 9 (6): 479–491. doi:10.1016/j.prro.2019.07.001. PMC 7944435. PMID 31302301.
  23. Gerdin B, Hällgren R (1997). «Dynamic role of hyaluronan (HYA) in connective tissue activation and inflammation». Journal of Internal Medicine. 242 (1): 49–55. doi:10.1046/j.1365-2796.1997.00173.x. PMID 9260566. S2CID 30214069.
  24. Perrone AM, Tesei M, Ferioli M, De Terlizzi F, Della Gatta AN, Boussedra S, և այլք: (2020). «Results of a Phase I-II Study on Laser Therapy for Vaginal Side Effects after Radiotherapy for Cancer of Uterine Cervix or Endometrium». Cancers. 12 (6): 1639. doi:10.3390/cancers12061639. PMC 7352893. PMID 32575821.
  25. Miles T. International guidelines on vaginal dilation after pelvic radiotherapy. Brook Hill, Woodstock, Oxon: Owen Mumford Ltd. 2012.
Դասակարգում