Շոթա Ռուսթավելի (վրաց.՝ შოთა რუსთაველი) (1172[1][2][3][…], Ռուսթավի (Ասպինձայի շրջան), Վրաց թագավորություն - 1216[1][2][3][…], Երուսաղեմ, Այյուբյան սուլթանություն, Այյուբյան սուլթանություն), «Ոսկեդարի» վրացի քաղաքական գործիչ և բանաստեղծ։ Հայտնի «Ընձենավորը» (վրաց.՝ ვეფხისტყაოსანი, վէփխիստղաոսիանի) էպոսի հեղինակն է։

Շոթա Ռուսթավելի
վրաց.՝ შოთა რუსთაველი
Ծնվել է1172[1][2][3][…]
ԾննդավայրՌուսթավի (Ասպինձայի շրջան), Վրաց թագավորություն
Վախճանվել է1216[1][2][3][…]
Վախճանի վայրԵրուսաղեմ, Այյուբյան սուլթանություն, Այյուբյան սուլթանություն
ԳերեզմանԽաչի վանք
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և Mechurchletukhutsesi
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Վրաց թագավորություն
ԿրթությունԳելաթի վանք
Ժանրերքնարապատմողական
Ուշագրավ աշխատանքներԸնձենավորը
Շոթա Ռուսթավելի Վիքիքաղվածքում
Շոթա Ռուսթավելի Վիքիդարանում
 Shota Rustaveli Վիքիպահեստում

Շոթա Ռուսթավելու անունը վկայված է 17-րդ դարի գրավոր աղբյուրներում։ Էպոսի տողերում հեղինակը նշել է իր անունը։ Հեղինակի ազգանունը ցույց է տալիս ծննդավայրը (Մեսխեթի Ռուսթավ գյուղ)։ Կրթությունը ստացել է Գելաթի և Իկալտոյի ակադեմիաներում, ապա «հունաց երկրում» (Բյուզանդիա

Զարգացած միջնադարում միացյալ Վրացական թագավորությունը զորեղանում է։ Նրա գերիշխանության տակ են անցնում հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։ Պայմաններ են ստեղծվում վրացական մշակույթի բարգավաճման համար։ Թբիլիսիի արքունիքը ջանք ու միջոցներ չի խնայում արվեստների ու գրականության զարգացման համար։ Թամար թագուհին (1184-1213) Շոթա Ռուսթավելուն հանձնում է արքունի գանձապահի պաշտոնը։

Ուշ միջնադարի վրացի հեղինակները տեղեկություններ են տալիս Ռուսթավելու կենսագրության մասին։ Կյանքի վերջին տարիները բանաստեղծն անցկացրել է Երուսաղեմի նախկին վրացական Սուրբ Խաչ վանքում, որտեղ էլ գտնվել է նրա որմնանկարը։ Այն հեղինակել է վրացի ուխտավոր Տիմոթեոս Գաբաշվիլին 1757/58 թվականներին։ Երուսաղեմում գտնված տեղեկությունների համաձայն՝ Շոթա Ռուսթավելին նշվում է որպես բարերար, ինչը հաստատում է Թամար թագուհու պալատում իր ունեցած բարձր դիրքի մասին։

Այսօր Շոթա Ռուսթավելու անունով Թբիլիսիում գործում է Պետական ակադեմիական թատրոն (1887 թվականից), կա պետական մրցանակ (1965 թվականից), նրա անունն է կրում Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտը։

Տեղեկություններ՝ կյանքի մասին խմբագրել

Ռուսթավելու ճշգրիտ կենսագրությունը դեռևս հնարավոր չէ մանրամասն շարադրել։ Պահպանված տասնյակ ավանդությունները թեև որոշ չափով իրականությանը համապատասխանում են, սակայն դրանց վերաշարադրանքը հեռու է գիտական հարցերին պատասխան տալուց։ Անունից կարող ենք հետևություն անել, որ ծնվել է Վրաստանի հարավ-արևմուտքում, մոտավորապես այնտեղ, ուր հիմա էլ Ռուսթավի կոչվող գյուղ կա։ Հավանաբար այստեղ է անցել Շոթայի մանկությունը։ Իսկ նրա «Ընձենավորը» պոեմի տեքստից կարելի է դատել, որ նա եղել է իր ժամանակի համար բարձր զարգացման տեր մարդ։

Վրաց ժողովուրդը սիրել և փայփայել է իր անվանի բանաստեղծի հիշատակը՝ հյուսելով բազմաթիվ ավանդություններ։ Ռուսթավելու մասին առաջին սկզբնաղբյուրը իր իսկ պոեմի նախերգի 7-8-րդ տողերն են, որտեղ առաջին դեմքով պատմում է, որ ինքն է հանգերգել այս պոեմը («Ընձենավորը»)։ Սպասելի էր, որ Թամար թագուհու երկու պատմիչներից գոնե մեկը հիշատակած կլիներ Ռուսթավելուն, սակայն, դժբախտաբար, նրանք ոչ մի ակնարկով չեն խոսում բանաստեղծի մասին։ XII-XIV դարերի վրացական աղբյուրներում մինչև այսօր Ռուսթավելուն վերաբերող որևէ տեղեկություն հայտնի չէ։ Ոչ ոք չի կասկածում, որ Ռուսթավելին այդ դարերի ընթացքում չի դադարել հանրաճանաչ լինելուց, բայց մոնղոլական տիրապետության շրջանում կործանվեցին ոչ միայն տասնյակ քաղաք-ամրություններ, ավաններ ու գյուղեր, այլև հարյուրավոր ու հազարավոր գրչագիր մատյաններ, մտավոր մշակույթի բազմաթիվ հուշարձաններ։ Վրաստանն ու Հայաստանը այս ավերածությունների մեջ անգամ կատարելապես բախտակից էին, թեև վրացական պետականությունը պահպանվեց։ Ռուսթավելուն վերաբերող վկայությունների պակասը միայն և միայն այս հանգամանքով է բացատրվում։ Ինչպես որ հայերս տեղեկություններ ունենք Հովհաննես Սարկավագի ու Հովհաննես Վանականի «Պատմությունների» մասին, բայց դրանք մեզ չեն հասել, այդպես էլ բազմաթիվ վրացական աղբյուրներ են հիշվում, որոնց բնագրերը դեևս գիտությանն անհայտ են։ Գուցե հետագայում հայտնաբերվի նման ձեռագրերից գոնե մեկը, որտեղ կլինեն տեղեկություններ վրացի մեծ բանաստեղծի մասին։

Շոթա Ռուսթավելու անվան մասին խմբագրել

 
Շոթա Ռուսթավելիի որմնանկարը՝ Երուսաղեմի վրացական Սուրբ Խաչ վանքում:

Ռուսթավելի կոչվելու համար պոեմի հեղինակը կամ ծնունդով պիտի Ռուսթավից լիներ, կամ Ռուսթավ տեղանքի (բերդի կամ քաղաքի) տիրակալը, կամ էլ Ռուսթավի եպիսկոպոսը։ Շոթա անվան մասին այնքան էլ տեղեկություն չունենք։ Ի դեպ, այն համապատասխանում է հայերենում տարածված Աշոտ անվանը։ Առաջին անգամ նրան լրիվ՝ Շոթա Ռուսթավելի անվամբ հիշատակում է XVII դարի բանաստեղծ-արքա Թեյմուրազ Ա-ն։ Դրանից հետո ամենուր հանրահայտ է, որ Ռուսթավելու անունը Շոթա է։ Թեպետ և վկայությունը ուշ շրջանի է, բայց, անշուշտ, վստահելի է, որովհետև առանց ձեռքին որևէ աղբյուր ունենալու թագավոր-բանաստեղծը նրան այդպես չէր կոչի։ Եթե այս ամենին էլ գումարենք ժողովրդական դարեդար պահպանված ավանդությունը, ապա մեկընդմիշտ պարզ է, որ «Ընձենավորի» հեղինակի լրիվ անունը Շոթա Ռուսթավելի է։ Բացի դրանից, XII-XIV դարերի վրաց բազմաթիվ ձեռագրերում հիշատակված են Շոթա անունը կրող բազմաթիվ անձինք, ինչը վկայում է, որ այդ շրջանում այն շատ տարածված անուն է եղել։ Դրանցից մեկը Շոթա Մեճուրճլեթուխուցեսն է (գանձապետ - գանձարանապետ, վկայված Երուսաղեմի վրաց Սուրբ Խաչ վանքի «Հոգոց գրքում», XIII դարում)։ 1902 թվականին Նիկողայոս Մառը Երուսաղեմում հայտնաբերեց և 1914 թվականին հրատարակեց Երուսաղեմի Սուրբ Խաչ վանքի «Աղապ»-ը (բառացի՝ Քոթուկ), ուր գրված է. «Նույն երկուշաբթի աղապ (= պատարագ) Շոթա Մեճուրճլեթուխուցեսի։ Ով փոխի՝ փոխյալ լինի քրիստոնեից հավատից»։ Վրացագետ Է. Մետրեվելին Շոթա Մեճուրճլեթուխուցեսի հիշատակագրումը վերագրում է XII-XIII դարերի միջոցին՝ ըստ գրչության։ Քանի որ «Աղապ»-ում հիշվող Գրիգոր Դրանդելին իսկապես նույնանում է վանքում պատկերված Գաբրիել Դրանդելու հետ (XIII-XIV դարերի արանքում), նշանակում է Շոթա Մեճուրճլեթուխուցեսն էլ պիտի նույնանա սյան վրա պատկերված Շոթա Ռուսթավելուն։ Այս որմնանկարը, պահպանված տեսքով, XVI-XVII դարերի գործ է՝ այսպիսի մակագրությամբ. «սույն (կարելի է կարդալ նաև սույնը) նկարել տվող (նաև՝ նկարող) Շոթային (նաև՝ Շոթայի) ողորմի Աստված։ Ամեն։ Ռուսթավելի»։ Մակագրությունը, ինչպես երևում է, հստակ չէ, հավանաբար գրված Ն. Չոլողաշվիլու վանահայրության օրոք (1643-1649 թթ.)։ Քանի որ վանքի պատերին պատկերված են նշանավոր նվիրատուները, որոնց մասին խոսվում է «Հոգոց գրքում», ուրեմն Շոթա Մեճուրճլեթուխուցեսն էլ որմնապատկերի մակագրության նույն Շոթա Ռուսթավելին է։

«Ընձենավորը» պոեմը խմբագրել

 
Շոթա Ռուսթավելին ներկայացնում է «Ընձենավորը» պոեմը Թամար թագուհուն. հեղ.՝ Միխայիլ Զիչի, 1880 թ.:
 
Մեկ էջ՝ «Ընձենավորը» պոեմի ձեռագրերից մեկից:

Իսկ ի՞նչ պոեմ է «Ընձենավորը», ինչի մասին է և ինչո՞ւ այդքան մեծ համբավ է բերել իր հեղինակին։ Ռուսթավելին այս պոմը գրել է 1189-1207 թվականների ընթացքում և նվիրել Թամար թագուհուն և նրա ամուսին, ալանաց արքայորդի Դավիթ Սոսլանին։ Պոեմում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում, Պարսկաստանում ու մտացածին երկրներում, սակայն Ռուսթավելին ճշմարտացի կերպով արտահայտում է 12-րդ դարի Վրաստանի հասարակական-քաղաքական իրադրությունը։ Պոեմը կարծես ազատ և անկեղծ սիրո օրհներգություն լինի, որտեղ բանաստեղծը մերժում է գռեհիկ զգայական սերը՝ հնարավոր համարելով տղամարդու և կնոջ բարոյական և մտավոր հավասարությունը։ Իսկ այդ ամենը հյուսվում է եղբայրության, նվիրված ընկերության ու բարեկամության փառաբանությամբ։ Այստեղ զուգորդվում են Ավթանդիլի ու Թինաթինի (արաբական) և Տարիելի ու Նեստան-Դարեջանի (հնդկական) սյուժետային գծերը։ Պոեմի հերոսները՝ անբաժան ընկերներ Ավթանդիլը, Տարիելը և Փրիդոնը, տարբեր ազգերի ներկայացուցիչներ են. նրանք խիզախ են, քաջ ու պատվախնդիր, պատրաստ են իրենց անձը զոհաբերելու հանուն հայրենիքի և ընկերոջ։

Ռուսթավելին դատապարտել է ստրկամտությունը՝ ընթերցողին անհաշտ պայքարի կոչելով չարիքի ու բռնության դեմ։ Նրա քաղաքական իդեալը թագավորական՝ կենտրոնացված իշխանությունն է ու կառավարման միապետական ձևը։ Ըստ նրա՝ միապետը պետք է լինի հզոր, լուսավորյալ, օրինապաշտ ու արդարադատ, որպիսիք պոեմում նրա սիրելի արքաներն ու թագաժառանգներն են։ Բանաստեղծը դատապարտել է միջպետական երկպառակությունները, դավաճանությունը, շահամոլությունը, իսկ սիրո, բարեկամության, հայրենասիրության ու մարդասիրության գաղափարները վեր է դասել ամեն ինչից։ Սերը համարել է երկրային և ազնվազարմ պարգև, կարևորել է նաև անհատի հոգևոր ազատությունը։ «Ընձենավորը» պոեմն աչքի է ընկնում բանաստեղծական խոսքի ռիթմով, գունեղ պատկերներով ու համեմատություններով, բանահյուսական պատկերավոր տարրերով, ասույթներով, որոնք տեղ են գտել վրաց ժողովրդի կյանքում։ Եվ այս ամենը պոեմը դարձնում են ավելի գրավիչ ու դյուրին ընթերցվող։ Պոեմը գրված է 16-վանկանի բանաստեղծական չափով։ «Ընձենավորը» սյուժետային և կառուցվածքային որոշ նմանություններ ունի արևմտաեվրոպական ասպետական վեպերի ու միջնադարյան արևելյան էպիկառոմանտիկական պոեմների հետ։ Այն աչքի է ընկնում ազատախոհությամբ, զերծ է կրոնական կապանքներից։

Ռուսթավելու անունով կոչվել են Թբիլիսիի պետական ակադեմիական թատրոնը, թատերական և գրականության ինստիտուտները, պողոտա։ Նրա անունով սահմանվել է Վրաստանի պետական գրական բարձրագույն մրցանակ։ Ծննդյան 800-ամյակի առթիվ՝ 1966 թ-ին թողարկվել է ԽՍՀՄ փոստային նամականիշ։ Ռուսթավելու հուշարձանները կանգնեցված են Վրաստանի տարբեր վայրերում, նաև Ախալքալաքում (կիսանդրի)։
Երևանում Ռուսթավելու անունով կոչվել են դպրոց, փողոց, Երևանի պետական համալսարանի հայ-վրացական բանասիրության գիտահետազոտական կաբինետը։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 NooSFere (ֆր.) — 1999.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 CONOR.BG

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոթա Ռուսթավելի» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոթա Ռուսթավելի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոթա Ռուսթավելի» հոդվածին։