Հելբրուն (գերմ.՝ Schloss Hellbrunn), Զալցբուրգի արքեպիսկոպոսի ամառային նստավայր։ Գտնվում է Ավստրիայում՝ Զալցբուրգ քաղաքից 6 կիլոմետր դեպի հարավ։ Կառուցված է բարոկկո ոճով 1612-ից 1615 թվականներին Զալցբուրգի իշխան-արքեպիսկոպոս Մարկուս Զիտիկուս ֆոն Հոենեմսի համար։ Ճարտարապետներն են Սանտինո Սոլարին և Դոնատո Մասկանին[1][2]։

Հելբրուն
գերմ.՝ Schloss Hellbrunn
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղագրությունԶալցբուրգ, Զալցբուրգ նահանգ
Նախագծի հեղինակՍանտինո Սոլարի
Դոնատո Մասկանի
ՀիմնադիրՄարկուս Զիտիկուս ֆոն Հոենեմս
Հիմնադրման թվական1612թ.
Շինարարության սկիզբ1612թ.
Շինարարության վերջ1615թ.
Շինություններ՝Պարտեզով պալատը
Մեխանիկական թատրոն
Մաունտշլոս ամրոց
Քարե թատրոն
🌐hellbrunn.at(գերմ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
Հելբրունը Վիքիպահեստում

Համալիրն ներառում է պարտեզով պալատը, Մեխանիկական թատրոնը, Մաունտշլոս ամրոցը, Քարե թատրոնը[3]։

Պատմություն խմբագրել

1612 թվականին Հելբրուն լեռան ստորոտում Զալցբուրգ քաղաքի իշխան-արքեպիսկոպոս Մարկուս Զիտիկուս ֆոն Հոենեմսի պատվերով սկսվեց ամառանոցային նստավայրի կառուցումը։ Իշխանն իր երիտասարդությունը անց էր կացրել Իտալիայում, ուստի պալատի կառուցումը պատվիրեց ուշ Վերածննդի ճարտարապետության ոգով՝ Վենետիկում և Հռոմում գտնվող նմանատիպ լավագույն կառույցների նմանությամբ։ Ճարտարապետներ Սանտինո Սոլարին և Դոնատո Մասկանին կարողացան կերտել համալիր, որը միավորում էր իտալական մաներիզմի լավագույն ավանդույթների գեղեցկությունը։ 1615 թվականին պալատի շինարարությունն ավարտվեց[2][4]։

1615 թվականին կառուցվել է Մաունտշլոս որսորդական ամրոցը, իսկ 1617 թվականին կայացել է «Քարե թատրոնի» բացումը, բեմադրվել է գերմաներեն առաջին օպերայի բեմադրությունը[2][4]։

1730 թվականին պալատական այգին վերակառուցվել է կայսերական պարտեզների տեսուչ Ֆրանց Անտոն Դանրաիթերի նախագծով։ Այգում ավելացվել են բազմաթիվ դեկորատիվ տարրեր և ռոկոկո ոճի ոգով նորարարություններ։ 1750 թվականին պալատական պարտեզը համալրվել է Մեխանիկական թատրոնով[4]։

19-րդ դարի կեսերին Հելբրունը պատկանում էր Ավստրիայի կայսրին[5]։ 1924 թվականից ի վեր Մաունտշլոս պալատում տեղակայված է Կարլ Ավգուստի զալցբուրգյան թանգարանի գավառագիտական բաժինը[4]։

Ճարտարապետություն խմբագրել

 
 
 
 
Հելբրուն պալատ Մեխանիկական թատրոն Քարե թատրոն Մաունտշլոս ամրոց

Հելբրուն պալատ խմբագրել

Պալատը բարոկկո ոճով կառուցվել է ճարտարապետներ Սանտինո Սոլարի (հենց նա էլ մինչ այդ կառուցել է Զալցբուրգի Մայր տաճարը) և Դոնատո Մասկանին։ Մինչ մեր օրերը պալատը պահպանվել է առաջնային տեսքով՝ բացառությամբ ներքին հարդարման որոշ տարրերի։ Օրինակ կահույքը իրենից ներկայացնում է 17-րդ և 18-րդ դարերի կահույքի կտորների և առարկաների հավաքածու, որն այդտեղ է բերվել տարբեր վայրերից։ Ընդունելությունների մեծ սրահում հիանալի կերպով պահպանվել են պատերի և առաստաղի որմնանկարները, որոնք Արսենիո Մասկանիի աշխատանքներն են (17-րդ դարի բնօրինակներ)։ Գմբեթով շքեղ ութանկյուն սրահը նախկինում օգտագործվել է որպես երաժշտական հյուրասենյակ[2][4]։

Պալատական այգի խմբագրել

Լճակներով, քանդակներով, տաղավարներով և շատրվաններով պարտեզը զբաղեցնում է 60 հեկտար տարածություն։ Ցայտող շատրվանների անհամար շիթերը հոսում են ներքև՝ ձևավորելով առանձին ջրավազաններ, որոնցից յուրաքանչյուրն իրենից առանձին կոմպոզիցիա է ներկայացնում՝ բազմաֆիգուր քանդակներով, առանձին մանրաքանդակներով, մեծ ու փոքր շատրվաններով։ Պարտեզի բազմաթիվ ու բազմապիսի լուծումներից են քայլելու ընթացքում հանկարծակի դուրս ցայտող ջրի շիթերը, 1000 շիթ ունեցող շատրվանով Նեպտունի անձավը, ինչպես նաև կարմիր մարմարե մանրաքանդակներով Օրֆեուսի և Էվրիդիկի անձավը, կապարե ծառերը՝ կապարե երգող թռչնակներով, պարտեզի մեխանիկական երգեհոնը, ժայռափոր քարե թատրոնը և Մոնաթսշլեզհեն պալատը[5][6]։

Պարտեզի անձավները, շատրվանները և քանդակները
 
 
 
 

Մաունտշլոս ամրոց խմբագրել

Մաունտշլոս որսորդական ամրոցը (գերմ.՝ Monatsschlössl` «Ամսվա պալատ») կառուցված է Հելբուրն լեռան ստորոտին։ Ավանդապատումը վկայում է, որ «արքեպիսկոպոսի մոտ հյուրնկալվող բավարական արքայազնը կարծիք է հայտնում, որ պատուհանից երևացող լանջի տեսարանը (որտեղ այժմ կանգնած է Մաունտշլոսը, առավել գեղատեսիլ կլիներ, եթե այնտեղ մի փոքրիկ ամրոց լիներ։ Մեկ ամիս անց, երբ բավարական արքայազնը կրկին հյուրնկալվում է Զալցբուրգում, նա հիացական պարզում է, որ իր մատնանշած տեղում իսկապես փոքրիկ ամրոց է վեր խոյացել»[2][4]։

Այժմ ամրոցում տեղակայված է Զալցբուրգի Կարլ Ավգուստ թանգարանի գավառագիտական բաժինը։ Այստեղ ցուցադրված են մշակույթի և կենցաղի առարկաներ, ժողովրդական արվեստների և արհեստների նմուշներ, տարածաշրջանի ազգային հագուստին նվիրված ցուցադրություններ[4]։

Քարե թատրոն խմբագրել

Այս թատրոնը Եվրոպայի ամենահին փոքր բեմահարթակն է բաց երկնքի տակ։ Այն կառուցված է անմիջապես Հելբուրն լեռան ստորոտին[4]։

Մեխանիկական թատրոն խմբագրել

Արքեպիսկոպոսի պատվերով Մեխանիկական թատրոնը կառուցվել է 1750-ից 1753 թվականներին։ Թատրոնն իրենից քարե տաղավար է ներկայացնում, որում 256 փայտե ֆիգուրներ ներկայացնում են միջնադարյան քաղաքի կենցաղային փոքրիկ տեսարաններ՝ ջրային երգեհոնի հնչյունների ներքո։ Հիդրավլիկ հաղորդակի միջոցով շարժվում են ֆիգուրների ոտքերն ու ձեռքերը, կամ դրանք պտտվում են կլոր փոքրիկ տակդիրների վրա։ Բայց նրբորեն կերտված տարրերը թույլ են տալիս ընկղմվել բարրոկոյի ժամանակաշրջանի քաղաքային կյանքի միջավայր։ Բեմահարթակի վրա մի քանի երեքհարկանի տներ են, կենտրոնում քաղաքային ռատուշան է։ Ռատուշայի հարևան կառույցները «բնակեցված են» առևտրականներով, տարբեր գիլդիաների վարպետներով (որոնց հեշտությամբ կարելի է ճանաչել տարբերակող նշանների միջոցով, այդտեղ է և՛ հացագործը, և՛ կոշկակարը, և՛ մսագործը, և՛ դերձակը), շինարարներով, ովքեր ավարտին են հասցնում կառույցները, զինվորներով և շուկայի հրապարակում արջերի հետ պարող աճպարարներով[3][4]։

Ե՛վ երգեհոնը, և՛ ֆիգուրները շարժման մեջ են դրվում ջրի ուժի միջոցով[3][4]։

Պալատական հանդիսություններ խմբագրել

Օգոստոս ամսին պալատում տեղի է ունենում ամառային փառատոնը։ Բացի այդ, պարբերաբար անց են կացվում տարաբնույթ մշակութային միջոցառումներ, համաժողովներ, կոնգրեսներ և միջազգային մասշտաբի սեմինարներ[7]։

 
Հելբրունի համայնապատկեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. БРЭ/Зальцбург.(ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ARCHBISHOP Markus Sittikus - THE BUILDER.(անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 About The Mechanical Theatre.(անգլ.)
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Замки Европы. Дворец Хельбрунн (Schloss Hellbrunn).(ռուս.)
  5. 5,0 5,1 «Austria Journal. Замки близ Зальцбурга. 6.Замок Хельбрунн». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. THE HISTORIC PARK.(անգլ.)
  7. FESTIVE CELEBRATIONS.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելբրուն» հոդվածին։