Կորդովայի պատմական կենտրոն

Կորդովայի պատմական կենտրոն (իսպ.՝ El centro histórico de Córdoba), Եվրոպայի ամենահին քաղաքներից մեկը։ 1994 թվականին Կորդովայի հին քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում, չնայած դեռևս 1984 թվականին այդ նույն հին քաղաքի մի մասը` Կորդովայի մզկիթը, արդեն հռչակվել էր Համաշխարահային ժառանգության օբյեկտ։ Կորդովան Անդալուզիայի ամենահին քաղաքն է։ Գտնվում է Իսպանիայի հարավարևմտյան մասում` Գվադալկիվիր գետի աջ ափին[1]։

Կորդովայի պատմական կենտրոն
Historic centre of Córdoba*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Գվադալկիվիր գետի ափի ջրաղացներից մեկը
Երկիր Իսպանիա Իսպանիա
Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1984, 1994  (8-րդ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պատմություն խմբագրել

 
Կորդովայի պատմական կենտրոնը թռչունի թռիչքի բարձրությունից

Կորդովան հիմնադրվել է Հռոմեական կայսրության շրջանում` մ. թ. ա. 2-րդ դարում, երբ նրա զբաղեցրած տարածքը գտնվում էր Կարթագենի տիրապետության տակ[2][3]։ Կորդովան եղել է տուրդետան ցեղի կենտրոնը։ Քաղաքը հռոմեացիները գրավել են Երկրորդ Պունիկյան պատերազմի ժամանակ (մ. թ. ա. 218-201): Կորդուբան (Կորդովա) եղել է առաջին քաղաքը, որ Հռոմը հիմնադրել է այդ տարածքում։ Օկտավիանոս Օգոստոս կայսեր օրոք այն եղել է հին հռոմեական Բետիկա նահանգի գլխավոր քաղաքը։ Մ. թ. ա 25-14 թվականներին` Օգոստոսի կառավարման շրջանում, քաղաքի սահմաններն ընդարձակվել են, և Կորդովան զբաղեցրել է Գվադալկիվիրի գետի երկու ափերի տարածքները։ Քաղաքը ենթարկվել է վանդալների, Բյուզանդիայի, վեստգոթերի նվաճումներին, իսկ 711 թվականին այն նվաճվել է Արաբական խալիֆայության զորքերի կողմից։ 721 թվականին այստեղ առաջին անգամ կառուցվել է մզկիթ։ 756 թվականին Կորդովան դարձել է Կորդովայի ամիրայության, իսկ 929 թվականին՝ Կորդովայի խալիֆայության մայրաքաղաքը։ 8-րդ դարի սկիզբը նշանավորվել է Կորդովայի զարգացմամբ։ Մուսուլմանների կողմից նվաճումը քաղաքին տվել է արևելյան դիմագիծ. կառուցվել են մի քանի հարյուր մզկիթներ, պալատներ ու հասարական շինություններ[4]։

10-րդ դարում քաղաքը հասել է իր զարգացման գագաթնակետին։ Այն դարձել է լուսավորության ու գիտության կենտրոններից մեկը, ունեցել է մինչև մեկ միլիոն բնակիչ, բազմաթիվ պալատներ, մզկիթներ, քարվանսարաներ և եղել է արաբական գիտության, պոեզիայի ու արվեստի կենտրոն։ Կորդովայի խալիֆայության անկումից հետո` 1031 թվականին, Կորդովան կարողացել է պահել իր ինքնուրույնությունը մինչև 1070 թվականը, երբ սկսվել է ենթարկվել Սևիլիայի ամիրայությանը։ Ռեկոնկիստայի շրջանում` 1236 թվականին, քաղաքն անցել է Կաստիլիայի արքա Ֆերդինանդ III-ի տիրապետության տակ և հետագայում սկսել է հիշատակվել որպես Կաստիլիայի, ապա նաև Իսպանիայի տարածք։ Ֆերնանդոն վերականգնում է Կորդովայի եպիսկոպոսությունը, որ գոյություն է ունեցել 294 թվականից և դադարել գոյություն ունենալուց 10-րդ դարի վերջին։ 1482 թվականին կատարվել է առաջին հրադատությունը։ 1523 թվականին մզկիթային համալիրի կենտրոնում սկսվել է կաթոլիկ մեծ վանքի շինարարությունը։

17-րդ դարում Կորդովան հայտնվել է ճգնաժամում, ինչը բացասական ազդեցություն է ունեցել քաղաքի զարգացման վրա։ 1767 թվականին ճիզվիտները վտարվել են Կորդովայից և ընդհանրապես Իսպանիայից[1]։ 18-րդ դարում քաղաքը դարձյալ սկսում է զարգացում ապրել, սակայն դարակեսին միջնադարյան պատի ավերումը բացասական ազդեցություն է թողնում քաղաքի հետագա զարգացման վրա։

20-րդ դարում ժողովրդագրական աճը դառնում է քաղաքային նոր թաղամասերի առաջացման պատճառ։ 21-րդ դարում Կորդովայում կարելի է գտնել տարբեր ժամանակների նյութական հուշարձաններ` կամուրջներ, պատեր, աշտարակներ, ամրոցային դարպասներ, ջրաղացներ, մզկիթներ, եկեղեցիներ, մենաստաններ, պալատներ և այլն։

Կորդովայի մզկիթ խմբագրել

Մզկիթի շինարարությունը սկսվել է 786 թվականին՝ մուսուլմանների կողմից Կորդովան նվաճելուց հետո։ Այն մեծությամբ երրորդ մզկիթն է աշխարհում։ Մզկիթի շենքը կարծես մայր տաճար լինի։ Ամեն նվաճողից հետո մզկիթը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Աբր ար Ռախման 3-րդը կառուցել է նոր մինարեթ, Ալ Հաքամ 2-րդը 961 թվականին ընդարձակել է հրապարակը և հարստացրել միհրաբը, Ալ Մանսուր Իբն Աբի Աամիրը 987 թվականին իրականացրել է վերանորգում։ Ֆերդինանդ 3-րդ Կաստիլացու կողմից 1236 թվականին Կորդովան գրավելուց հետո մզկիթը վերածվել է քրիստոնեական եկեղեցու[5]։

Ներկայումս այն հռոմեակաթոլիկական տաճար է։

Պատկերասրահ

Հռոմեական կամուրջ խմբագրել

Կորդովայի Հռոմեական կամուրջը 16-կամարանի կամուրջ է` 250 մ երկարությամբ։ Այն կառուցվել է հռոմեացիների կողմից Գվադալկիվիր գետի վրա մ. թ. 45 թվականին՝ Մունդի ճակատամարտից հետո։ Կամուրջը եղել է Հռոմից Կադիս տանող ճանապարհի հատվածում և կոչվել Ավգուստինյան։ Եղել է քաղաքի միակ կամուրջը։ 8-րդ դարում այն վերակառուցել են մավրերը, հետագայում` քրիստոնյա իշխանավորները։ Որոշ տվյալներով վերջին փոփոխությունները կատարվել են 1876 թվականին։ 14-րդ դարում կամրջի համալիրին հարավային կողմից ավելացվել է Կալաորի աշտարակը, իսկ 16-րդ դարում հակառակ կողմից` Պուերտա դել Պուենտեի մուտքի դարպասները (իսպաներենից թարգմանաբար նշանակում է «կամրջի դռներ»). դրանք որոշ ժամանակ եղել են նաև Կորդովայի պատմական կենտրոնի մուտքը ամրոցային պատից։ Դարպասները կառուցվել են 1571 թվականին ճարտարապետ Գերման Ռուիսի նախագծով Վերածննդի ոճով[6]։ 17-րդ դարում կամրջի կենտրոնում քանդակագործ Բերնաբե Գոմես դել Ռիոն կանգնեցրել է հրեշտակապետ Ռաֆայելի մարմարե քանդակը։ Ռաֆայելը պատկերված է սյան վերին հատվածում, իսկ նրա ոտքերի մոտ նրան փառաբանում են հրեշտակները։

2004 թվականից Հռոմեական կամուրջը բաց է միայն հետիոտների համար[7]։

Պատկերասրահ

Եպիսկոպոսական պալատ խմբագրել

Կորդովայի Եպիսկոպոսական պալատը գտնվում է քաղաքի պատմական կենտրոնի սրտում` Կորդովայի մզկիթի արևմտյան ճակատի դիմաց։ Պալատը կառուցվել է 16-րդ դարում. այդ ժամանակաշրջանում այն եղել է խալիֆների ալկասար և վեստգոթերի իշխանական նստավայր, սակայն քաղաքի նվաճումից հետո այն վերակառուցվել է, ավելացվել են մի քանի շինություններ` պալատը դարձնելով եպիսկոպոսական նստավայր։ 1745 թվականին պալատում մեծ հրդեհ է բռնկվել, ինչից հետո այն վերակառուցվել է։ 18-րդ դարում կառուցվել է պալատի ներքին բակը[8]։

Ներկայումս այս շենքում է տեղակայված Թեմական թանգարանը, որի բացումը կայացել է 1989 թվականին։ Թանգարանի սրահներից մեկում կախված են Կորդովայի բոլոր եպիսկոպոսների դիմանկարները` սկսած 1238 թվականից[9]։

Պատկերասրահ

Սան հիվանդանոց խմբագրել

Սան հիվանդանոցը գտնվում է Կորդովայի մզկիթի տաճարի արևմտյան ճակատամասի դիմաց։ Շինությունը կառուցվել է 16-րդ դարում։ 16-19-րդ դարերում շենքում գործել է հիվանդանոց մայրերի ու մանուկների համար, իսկ 1981 թվականից մինչ օրս այնտեղ է տեղակայված Կոնգրեսի պալատը, ինչպես նաև Զբոսաշրջության գրասենյակը[10]։

Շենքի հիմնական մասը մենաստանն է, որ կառուցված է մավրիտանական ոճով, իսկ ժամատունը` գոթական ոճով։ Շենքի ճարտարապետը Էրնան Ռուիզ I-ն է, ով 1514 թվականին ավարտել է շենքի ճակատամասի կառուցումը։

Պատկերասրահ

Սինագոգ խմբագրել

Կորդովայի սինագոգը գտնվում է քաղաքի հրեական թաղամասի փողոցներից մեկում։ Այն կառուցված է մուդեխար ոճով։ Սինագոգը համանման միակ շինությունն է ողջ Անդալուզիայում և երեք սինագոգերից մեկը Իսպանիայում։ 1315 թվականին սկսվել է սինագոգի շինարարությունը։ 1391 թվականին Կորդովայի հրեական բնակչության կոտորածի ժամանակ այն գրեթե ամբողջովին ոչնչացել է։ Հրեաների վտարումից հետո` 1492 թվականին, սինագոգը տերբեր ժամանակներում օգտագործվել է որպես հիվանդանոց, եկեղեցի, մանկապարտեզ[11]։

1884 թվականին Կորդովայի սինագոգը հռչակվել է Իսպանիայի ազգային հուշարձան։ 2016 թվականին սինագոգը դարձել է Կորդովայի` ամենաշատ այցելուներ ունեցող երկրորդ շինությունը[12]։

Պատկերասրահ

Քրիստոնյա թագավորների ալկասար խմբագրել

Ալկասարը կառուցվել է 1328 թվականին Ալֆոնսո XI արքայի կողմից։ Այն եղել է Իզաբելլա I Կաստիլացու և Ֆերդինանդ II Արագոնցու նստավայրը։ Ալկասարը եղել է Էնրիկե IV-ի և Ալֆոնսոյի միջև քաղաքացիական պատերազմի վայրը, որի ընթացքում նորացվել են պաշտպանական կառույցները։ Այս նույն ժամանակաշրջանում է կառուցվել Ալկասարի աշտարակը, որը ներկայումս հայտնի է Ինկվիզիցիայի աշտարակ անունով[13]։ Ալկասարի աշտարակը քառակուսի է։ Նրա մակերեսը կազմում է 4.100 մ², իսկ այգիների մակերեսը` 55.000 մ²։ Կառույցն ունի 4 աշտարակ[14]։

  • Հարգանքի աշտարակ (իսպ.՝ Torre del Homenaje) - պալատի գլխավոր աշտարակն է, գտնվում է հյուսիս-արևելքում։ Այս աշտարակի ճարտարապետությունը տարբերվում է գոթական ոճի զարդապատկերներով։ Նախկինում աշտարակի վրա եղել է ժամացույց։
  • Ինկվիզիցիայի աշտարակ (իսպ.՝ Torre de la Inquisición) - հարավարևմտյան աշտարակն է։ Այն պալատի ամենաբարձր աշտարակն է, ունի բաց պատշգամբ։ Նախկինում եղել է ինկվիզիցիայի արխիվ։
  • Առյուծների աշտարակ (իսպ.՝ Torre de los Leones) - հյուսիսարևմտյան աշտարակն է, աշտարակներից ամենահինը։ Այստեղ գտնվել է սուրբ Եվստաթեոսի ժամատունը։
  • Աղավնու կամ Գիշերային պահակազորի աշտարակ (իսպ.՝ Torre de la Paloma o Torre de la Vela) - հարավարևելյան աշտարակն է։ 19-րդ դարակեսին ավերվել է, սակայն վերականգնվել է 20-րդ դարի առաջին կեսին։

1931 թվականին Ալկասարը հռչակվել է պատմական հուշարձան, ինչից հետո կատարվել են վերականգնողական աշխատանքներ[14]։

Պատկերասրահ

Կալաորի աշտարակ խմբագրել

Աշտարակը կառուցվել է 12-րդ դարի վերջին` Իսպանիայում մուսուլմանական գերիշխանության շրջանում որպես պաշտպանական կառույց Գվադալկիվիրի ձախ ափին։ 14-րդ դարում, երբ Կորդովան նվաճում են քրիստոնյաները, շենքը վնասվում, ապա հետագայում վերակառուցվում է։ 1931 թվականին այն դարձել է մշակութային պահպանվող օբյեկտ։ Ներկայումս Կալաորի աշտարակում գործում է Անդալուզիայի պատմության ու տարբեր շրջանների մշակույթի թանգարանը[15]։ Այս թանգարանն անվանում են նաև Երեք մշակույթների թանգարան (մուսուլմանական, քրիստոնեական, հրեական)։ Շենքն ունի 14 սրահներ, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է Կորդովայի պատմության որոշակի շրջանի[16]։

Պատկերասրահ

Գվադալկիվիրի ջրաղացներ խմբագրել

Գվադալկիվիր գետի երկայնքով գետի երկու ափերին տեղակայված են ընդհանուր հաշվով 11 ջրաղաց։ 2009 թվականին դրանք հռչակվել են Անդալուզիայի պատմական ժառանգության օբյեկտներ[17]։ Դրանք են`

  • Ալբոլաֆիա ջրաղաց
  • Պապալո ջրաղաց
  • Էնմդեիո ջրաղաց
  • Սուրբ Անտոնիոյի ջրաղաց
  • Երջանկության ջրաղաց
  • Սուրբ Լորենսի ջրաղաց
  • Սուրբ Ռաֆայելի ջրաղաց
  • Մարտոսի ջրաղաց
  • Լոպե Գարսիաի ջրաղաց
  • Կարբոնել ջրաղաց
  • Կասիլիաս ջրաղաց

Ալբոլաֆիա ջրաղաց խմբագրել

Կառուցվել է հռոմեական տիրապետության շրջանում։ Հռոմեացիների համար այն ծառայել է որպես հացահատիկ աղալու ջրաղաց։ Արաբների տիրապետության շրջանում խալիֆը հրամայել է վերափոխել ջրաղացը` փոխելով նաև նրա գործառույթը. այն ծառայել է ջուրը գետից արքայական նստավայր հասցնելու միջոց։ 15-րդ դարում ջրաղացի աղմուկի պատճառով, ինչը դուր չի եկել թագուհի Իզաբելլա I-ին, ջրաղացը չեն գործարկել։ 16-րդ դարում միաբանուհիները պատվիրել են վերականգնել ջրաղացը[18]։ Ջրաղացն ունի պատմական մեծ նշանակություն. այն եղել է առաջին տեղը, որտեղ եվրոպացիները սկսել են թուղթ արտադրել, որը նախկինում ներմուծում էին Չինաստանից[19]։

Պատկերասրահ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Кордова — Энциклопедия «Вокруг света»». www.vokrugsveta.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. «Кордова. Старый город и Арабский рынок. Испания по-русски - все о жизни в Испании». Испания по-русски. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. «Исторический центр города Кордова» (անգլերեն). www.arrivo.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «Исторический центр города Кордова - Что посмотреть? - Наша Испания» (ռուսերեն). ourspain.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «Mosque-Cathedral of Córdoba | cathedral, Córdoba, Spain». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «Римский мост (Puente romano de Córdoba) -достопримечательности Кордовы». Self Guide (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. «Римский мост в Кордове: описание, история, экскурсии, точный адрес» (ռուսերեն). Тонкости туризма. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. «Diócesis de Córdoba» (եվրոպական իսպաներեն). www.diocesisdecordoba.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «Епископский дворец: описание, фото, контакты, гиды, экскурсии» (ռուսերեն). www.rutraveller.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. «Palacio de Congresos y Exposiciones». 2011 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  11. «ArqueoCórdoba». 2011 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  12. «Los diez principales monumentos de Córdoba, en números». sevilla (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  13. «Alcazar de los Reyes Catolicos by Infocordoba». www.infocordoba.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  14. 14,0 14,1 «Алькасар Христианских Королей». Путеводитель по Испании (ռուսերեն). 2015 թ․ հունվարի 5. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  15. «Башня Калаорра (исп. Torre de la Calahora) в Кордове». alandalus.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  16. «Кордова (Кордоба)». www.ice-nut.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  17. «Decreto 291/2009, de 30 de junio, por el que se inscriben en el Catálogo General del Patrimonio Histórico Andaluz como Bien de Interés Cultural, con la tipología de monumento, los Molinos del Guadalquivir, en Córdoba» (իսպաներեն). www.juntadeandalucia.es. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  18. «Мельница Альболафия — Кордова, Андалусия» (ռուսերեն). Рамблер/путешествия. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  19. «Мельница Альболафия». Путеводитель по Испании (ռուսերեն). 2015 թ․ հունվարի 2. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել